ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Շուէդահայ ընտանեկան բժիշկ Հենրիկ Շահնազարեանը 1980ականներին է սովորել Երեւանի պետական բժշկական համալսարանում: Նա իր կեանքի լաւագոյն տարիները համարում է Հայաստանում անցկացրած այդ եօթ տարիները: Ուսանելու ընթացքում շարունակել է ընկերութիւնը դեռ ծննդավայրից ծանօթ իրանահայ Ռաֆիկ Բորոյեանի հետ: Հանգամանքների բերումով բուհն աւարտելուց յետոյ Ռաֆիկը եւս տեղափոխուել է Շուէդիա:
«1992ից Շուէդիայի առողջապահութեան համակարգն օպտիմալացւում (կը բարեփոխուէր-Խմբ.) էր, ինչի արդիւնքում կարեւորւում էր ընտանեկան բժշկի ինստիտուտը: Հէնց դա էր պատճառը, որ ընտրեցինք այդ մասնագիտութիւնը: Իսկ դրա համար Շուէդիայում անհրաժեշտ էր եւս 5 տարի ուսանել ու միաժամանակ աշխատել», առողջապահութեան նախարարութիւնում այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասացին երկարամեայ, փորձառու ընտանեկան բժիշկները:
Նրանք ներկայացրին 2000թ.ից ի վեր Հայաստանի մարզերում եւ Երեւանում ընտանեկան բժշկութեան ներդրման ուղղութեամբ իրենց կողմից իրականացուող ծրագրերը: Մինչեւ 2006թ. այս աշխատանքները մասնակի ֆինանսաւորուել են Ստրոմբերգների ընտանիքի կողմից: Այնուհետեւ ծրագիրը շարունակուել է հայազգի բժիշկների ֆինանսաւորմամբ:
Ամէն տարի այցելելով Հայաստան, նրանք իրենց ձեռք բերած գիտելիքները, փորձը եւ մասնագիտական հմտութիւնները հաղորդում են Հայաստանի բժիշկներին: Երեւանի Մ. Հերացու անուան պետական բժշկական համալսարանում, ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Աւդալբեկեանի անուան առողջապահութեան ազգային ինստիտուտում, տարբեր մարզերի բժշկական ամբուլատորիաներում (շարժական բուժարաններ-Խմբ.) եւ Արցախում դասախօսութիւններ, գործնական պարապմունիքներ ու հիւանդների խորհրդատուութիւններ են անցկացնում:
«Երբեմն թւում է, թէ ամէն բան ֆինանսական ներդրումներով է պայմանաւորուած: Բայց, իրականում, հնարաւոր է շատ աւելի լաւ արդիւնքներ ապահովել ճիշդ կազմակերպելով», ասաց Ռաֆիկ Բորոյեանը:
Հայազգի բժիշկները գտնում են, որ ընտանեկան բժշկութեան ինստիտուտի հիմքը Հայաստանում եւ Շուէդիայում նոյնն է: Նաեւ վստահեցնում են, որ վերջին տարիներին առողջապահութեան այս ոլորտը Հայաստանում թռիչքային վերելք է ապրել:
«Երեւանի Մ. Հերացու անուան պետական բժշկական համալսարանում այս օրերին անցկացուած ընտանեկան բժշկութեան միջազգային գիտաժողովում Մեծ Բրիտանիայից, ԱՄՆից, Ռուսաստանի դաշնութիւնից եկած ճանաչուած մասնագէտների հետ գիտական զեկուցումներ ունեցան նաեւ Հայաստանի մասնագէտները: Շատ լուրջ ձեռքբերում է, երբ հայաստանցի երիտասարդ մասնագէտը համացանցի շնորհիւ ծանօթ է աշխարհում կատարուող զարգացումներին»:
Հենրիկ Շահնազարեանը եւ Ռաֆիկ Բորոյեանը Սեպտեմբերի 29-30ին Տաւուշի մարզի Մովսէս համայնքում էին: Նրանք տպաւորուած են նաեւ գիւղական մակարդակում այս ինստիտուտի յաջողութիւններով: Համայնքի եւ շրջակայ գիւղերի բնակչութեան համար կազմակերպուած բաց դռների օրերին համոզուել են, որ փոխուել են նաեւ բնակչութեան մօտեցումները: Մարդիկ հիմա սկսել են աւելի կարեւորել իրենց առողջութիւնն ու ժամանակին դիմել բժշկի:
Վերջին երկու տարիներին շուէդահայ բժիշկները բարեգործական իրենց գործունէութիւնը ծաւալում են հիմնականում Տաւուշի մարզի սահմանամերձ գիւղերում:
Հայաստանի Հանրապետութեան առողջապահութեան համակարգի հետ երկար տարիներ համագործակցելու, նուիրուած աշխատանքի, բժշկական կադրերի պատրաստման գործում ներդրած նշանակալի աւանդի համար Հենրիկ Շահնազարեանը եւ Ռաֆիկ Բորոյեանը ՀՀ առողջապահութեան նախարարի հրամանով պարգեւատրուել են պատուոգրով: Պատուոգրերը նրանց յանձնեց ՀՀ առողջապահութեան նախարարի տեղակալ Վահան Պօղոսեանը:
Շուէդիայի Ուպսալա քաղաքում աշխատող վաղեմի ընկերներ Հենրիկ Շահնազարեանը եւ Ռաֆիկ Բորոյեանը վստահեցրին, որ շարունակելու են համագործակցել ՀՀ առողջապահութեան նախարարութեան հետ՝ իրենց նպաստը բերելով Հայաստանի բնակչութեան առողջութեան պահպանման գործին:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.