
ԿԱՐԷՆ ՂԱԶԱՐԵԱՆ
Որքանով է իրատեսական Արցախում էկոգիւղերի ցանցի ստեղծման գաղափարը: Նախաձեռնութեան հեղինակները, ուսումնասիրելով Արցախի Խնձրիստան, Պատարա եւ Աստղաշէն գիւղերի հնարաւորութիւնները, համոզուած են, որ իրենց առաջ քաշած գաղափարը միանգամայն իրականանալի է: Լրագրողների հետ այսօրուայ հանդիպման ժամանակ, ներկայացնելով Էկոգիւղերի ցանցի հիմնադրման նպատակները, նախաձեռնութեան անդամները պնդել են, որ յիշեալ համայնքներում հնարաւոր է ներդնել էկոգիւղերի ցանցերի մոդելը, որը յետագայում կարող է կիրառուել նաեւ Հայաստանում եւ այլ երկրներում::
Էկոկրթութիւն, օրգանական գիւղատնտեսութեան չափանիշերին համապատասխան գիւղատնտեսական արտադրանքի ստացում, աղբի տեսակաւորում եւ վերամշակում, էներգախնայողութեան խթանում, էկոտուրիզմի եւ ագրոտուրիզմի զարգացում: Սրանք են էկոգիւղի հիմնական չափանիշերը: Էկոգիւղի ցանցի ստեղծման նախաձեռնութեան համակարգողներից «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսէն Գասպարեանը համոզուած է, որ ԼՂՀ Խնձրիստան, Պատարա եւ Աստղաշէն գիւղերը ունեն բոլոր հնարաւորութիւնները՝ էկոգիւղի ցանցի ստեղծման համար:
«Գնահատումից անցել ենք արդէն աւելի գործնական քայլերի: Նախաձեռնութիւնը համախմբում է արդէն իսկ աւելի քան 20 ՀԿ եւ 70ից աւելի կամաւորներ: Նախաձեռնութիւնը հասարակական է, բնապահպանական եւ շահոյթ, որպէս այդպիսին, չի հետապնդում»:
Խօսելով նախաձեռնութեան ֆինանսաւորման հնարաւորութիւնների մասին՝ Արսէն Գասպարեանը նկատեց, թէ միջազգային կազմակերպութիւններից այս դէպքում ակնկալիքներ չունեն, քանի որ ծրագիրն իրականացւում է Արցախում, հետեւաբար՝ գաղափարը կեանքի կոչելու համար փորձ է արուելու տեղական եւ սփիւռքեան հովանաւորներից միջոցներ հայթայթել:
«Պէտք է փորձենք Արցախի գիւղական համայնքներում զարկ տալ կեանքի որակի բարձրացման եւ գիւղացիների համար ստեղծենք պայմաններ, որ մարդիկ մնան այդ համայնքներում եւ չարտագաղթեն: Մեր հիմնական նպատակն է՝ ապահովել կենսաբազմազանութիւնը եւ մարդկանց համար ստեղծել այլընտրանքային շահոյթի միջոցներ, որպէսզի մարդիկ շահագրգռուած լինեն իրենց համայնքներում մեր առաջարկած գործունէութիւնն իրականացնելու եւ զարգացնելու մէջ»:
Նախաձեռնութեան առանձին բաղադրիչների նախագծերը պատրաստւում են՝ իրենց նախահաշիւներով: Ամէն ինչ լինելու է բաց եւ ներկայացուելու է հանրութեանը՝ վստահեցնում է երիտասարդ կենսաբանը: Նրա խօսքով՝ դիմելու են նաեւ տեղական ու սփիւռքեան հիմնադրամներին, բոլոր շահագրգիռ կողմերին: Ծրագրի իրականացման համար, ըստ Արսէն Գասպարեանի, մօտաւոր հաշուարկով 80-100 հազար դոլար է անհրաժեշտ: Նոր բաներ չեն կառուցուելու, այլ օգտագործուելու են ընտրուած երեք գիւղերում եղած հնարաւորութիւնները: Համայնքներում արդէն կայ հետաքրքրութիւն եւ շահագրգռուածութիւն՝ վստահեցրեց նախաձեռնութեան անդամը:
Նախաձեռնութեան անդամներից «Արցախի երիտասարդութեան զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Սուսաննա Պետրոսեանն էլ տեղեկացրեց, որ իրենք էկոգիւղերի ցանցի հիմնադրման գաղափարը ներկայացրել են նաեւ ԼՂՀ կառավարութեանը՝ վարչապետի հետ հանդիպման ժամանակ:
«ԼՂՀ կառավարութիւնը պատրաստ է մեզ աջակցել: Նաեւ մի շարք երիտասարդական կազմակերպութիւններ են մեզ միացել: Գիւղապետերը նոյնպէս խոստացել են ծրագրին օժանդակել: Արցախում շատ մեծ սպասելիքներ կան արդէն»:
«Ռադիօլուր»