
Երէկ Հայաստանի Ֆրանսիական համալսարանը հիւրընկալել էր Ֆրանսիայից ժամանած խորհրդարանականներին:
2014ը յայտարարուած է ֆրանսիացի հասարակական քաղաքական գործիչ Ժան Ժորէսի տարի, եւ Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցութեան հիմնադրի մահուան հարիւրամեակի ոգեկոչման շրջանակներում Հայաստան են ժամանել Ֆրանսիայի խորհրդարանում իշխող մեծամասնութիւն կազմող Սոցիալիստական խմ-բակցութեան պատգամաւորները ղեկավար Բրունօ լը Ռուի ղեկավարութեամբ:
Նախ Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան նշեց, որ իրենց համար մեծ պատիւ է նման խորհրդանշական առիթով հաւաքուելը, քանզի Ժան Ժորէսը խաղաղութեան ու արդարութեան մարտիկ էր, ով բարձրաձայնում էր հայ ժողովրդի հանդէպ իրականացրած ոճրագործութիւնների մասին՝ խստագոյնս դատապարտելով նման երեւոյթները:
Սոցիալիստական խմբակցութեան ղեկավար Բրունօ լը Ռուն իր ելոյթում նշեց, որ Ժան Ժորէսը պայքարի կերպար է խորհրդանշում, ով բառի, խօսքի ուժով կառուցեց Ֆրանսիայի Հանրապետութիւնը: «Ժան Ժորէսը ո՛չ ասաց բարբարոսութեանը՝ պաշտպանելով հայ ժողովրդին: Նա առաջիններից էր, ով դատապարտեց ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ իրականացուած ջարդերը, այլ նաեւ Եւրոպայի անտարբերութիւնը՝ առաջ քաշելով մարդու հիմնարար ազատութիւններն ու իրաւունքները: Նրա՝ յանուն արդարութեան մղուող պայքարը մենք եւս պէտք է շարունակենք», ասաց ֆրանսիացի խորհրարանականը՝ յաւելելով, որ վերջերս Ֆրանսիայի նախագահ Հոլանդը մի առիթով մէջբերել է հէնց Ժան Ժորէսի յայտարարութիւններից մէկը. «Մարդկութիւնը չի կարող հանգիստ քնել, քանի դեռ նկուղում սպանուած ժողովուրդների դիակներն են»:
Ժան Ժորէսը 1900-1908թթ. եղել է ՀՅԴի հրատարակած «Pro Armenia» երկշաբաթաթերթի խմբագրական խորհրդի անդամ: