
ՅԱՍՄԻԿ ԲԱԲԱՅԵԱՆ
ԵՐԵՒԱՆ, «Մեդիամաքս».- Այսօր Տրոմսոյում մեկնարկելու է 41րդ շախմատային օլիմպիադան: Կրկին բոլոր հայ շախմատասէրների ուշադրութիւնը սեւեռուած է լինելու Հայաստանի ընտրանուն ու նրանցից յաղթական ելոյթ են ակնկալելու այս անգամ Տրոմսոյում:
Համաշխարհային օլիմպիադայի եռակի ու 2011 թուականի աշխարհի չեմպիոնները վերջին տարիներին շախմատի թիմային մրցաշարերում շատերի ահն ու սարսափն են դարձել: Միշտ մարտական ու յաղթանակի ձգտող հայ շախմատիստները հերթական անգամ մեկնել են բաղձալի աւարի հետեւից:
Համաշխարհային օլիմպիադաներին Հայաստանի հաւաքականը սկսել է մասնակցել հիմնադրման թուականից՝ 1992ից: Եւ հէնց առաջին օլիմպիադայում կարողացել է դառնալ բրոնզէ մեդալակիր: Յետագայում հայ շախմատիստները եւս երկու անգամ զբաղեցրել են երրորդ հորիզոնականը, իսկ 2006-2012 թուականներին կայացած չորս օլիմպիադաներից երեքում՝ նուաճել յաղթողի կոչումը:
Հայաստանի ընտրանու յաղթական մեկնարկն օլիմպիադայում տրուել է 2006 թուականից: Թուրինում անցկացուած մրցաշարում հայ շախմատիստները տօնելով թիմային 10 յաղթանակ, 3 անգամ ոչ ոքի խաղալով ու չկրելով ոչ մի պարտութիւն՝ առաջին անգամ Հայաստանի համար նուաճել են օլիմպիադայի յաղթողի կոչումը: Այդ մրցաշարում առաջին անգամ օլիմպիական թիմի առաջատարը Լեւոն Արոնեանն է եղել:
Երկու տարի անց էլ Դրեզդենում կայացած օլիմպիադայում հաւասարը չեն ունեցել հայ շախմատիստները: Նոր մրցակարգով անցկացուող օլիմպիադայում, որտեղ կրճատուել էին մասնակիցների (5) ու խաղափուլերի քանակը (11), մեր ընտրանին թիմային 9 յաղթանակով, 1 ոչ ոքիով եւ 1 պարտութեամբ դարձեալ յաղթող է հռչակուել: Իրենց խաղատախտակների վրայ փայլուն են հանդէս եկել Վլադիմիր Յակոբեանը եւ Գաբրիէլ Սարգսեանը, որոնք նուաճել են ոսկէ մեդալներ: Սարգսեանն, ի դէպ, իր գործակցի համեմատ այդ մրցաշարում ցոյց է տուել լաւագոյն խաղը:
Երրորդ անգամ ոսկուն Հայաստանի հաւաքականը տիրացել է 2 տարի առաջ Ստամբուլում կայացած օլիմպիադայում: Այդ անգամ մեր շախմատիստները նոյնպիսի արդիւնք են գրանցել, ինչպիսին Դրեզդենում, սակայն միայն լրացուցիչ ցուցանիշներով են կարողացել առաջ անցնել ռուսներից ու յաղթող դառնալ: Ստամբուլում էլ իր խաղատախտակի վրայ հաւասարը չի ունեցել Լեւոն Արոնեանը:
Այդ նուաճումների շնորհիւ Հայաստանի ընտրանին օլիմպիադաներում 5րդ ցուցանիշն ունի՝ զիջելով ԽՍՀՄի, Ռուսաստանի, ԱՄՆի ու Հունգարիայի հաւաքականներին:
2004 թուականից սկսած Հայաստանի հաւաքականի 3 խաղացողներ մասնակցել են անցկացուած բոլոր օլիմպիադաներին: 10 երկար ու ձիգ տարիների ընթացքում թիմում անփոխարինելի են եղել Վլադիմիր Յակոբեանը, Լեւոն Արոնեանն ու Գաբրիէլ Սարգսեանը:
Հաւաքականում ամենաշատը հանդէս է եկել Յակոբեանը, նա 10 անգամ ելոյթ է ունեցել օլիմպիադաներում: Ընդհանուր առմամբ, օլիմպիադաներին մասնակցել են 23 հայ շախմատիստներ, որոնցից յաղթողի կոչումը նուաճել են 9ը՝ Լեւոն Արոնեանը, Վլադիմիր Յակոբեանը, Կարէն Ասրեանը, Սմբատ Լպուտեանը, Գաբրիէլ Սարգսեանը, Տիգրան Պետրոսեանը, Արտաշէս Մինասեանն ու Սերգէյ Մովսիսեանը:
Այդ ողջ ընթացքում թիմի ղեկին կանգնած է եղել Արշակ Պետրոսեանը, որը մեր ընտրանին մարզում է 1996 թուականից: Նրա գլխաւորութեամբ են կերտուել 21րդ դարում հայկական սպորտի ամենամեծ ու նշանակալից յաղթանակները: Պետրոսեանի ստեղ-ծած հաւաքականը ներդաշնակութեան, համերաշխութեան, թիմային ոգու ու կամային բնաւորութեան իսկական օրինակ է ողջ աշխարհում:
Նման փառաւոր ուղի անցած ու 8 տարուայ ընթացքում հրաշալի պատմութիւն կերտած հաւաքականից ակնկալիքները միշտ էլ շատ են: Յուսանք, որ նրանք իրենց յաղթանակներով հպարտանալու ու ուրախանալու նոր առիթներ կը տան: