
ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Յունիսի 23ին մեկնարկած Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում այսօր ելոյթ ունեցաւ նախագահող երկրի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Նստաշրջանի աշխատանքների առաջին իսկ օրուանից Ադրբեջանի հասցէին հնչող քննադատական ելոյթները չեն դադարում, բիւրոյի օրակարգում ներառուած է իռլանդացի պատուիրակի ներկայացրած բանաձեւը՝ Ադրբեջանում քաղբանտարկեալների մասին, լրագրողների նկատմամբ արձանագրուած բռնութիւնների եւ սահմանափակումների շուրջ:
Իր խօսքում ԵԽԽՎ նախագահ Անն Բրասորը Իլհամ Ալիեւին յիշեցրեց իր իսկ խօսքերն այն մասին, թէ որքան էլ երկիրը տնտեսապէս զարգանայ, չի կարող յաջողութեան հասնել, եթէ ժողովրդավարութիւնը չի գործում: Բրասորը նշեց, որ թէեւ Ադրբեջանը ԵԽԽՎին անդամակցելու ընթացքում 57 կոնվենցիա է ստորագրել, ամէն դէպքում կան հարցեր՝ երկրում ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ մի շարք այլ բնագաւառներում:
ԵԽԽՎ նախագահը նշեց՝ ուրախ է նրա համար, որ Բաքու կատարած այցի ընթացքում իրենք կարողացան քննարկել Ադրբեջանում ազատ խօսքի, մարդու տեղաշարշի ազատութեան, մամուլի ազատութեան հարցերը: Ի. Ալիեւն էլ արձագանգեց, թէ ինքը ուրախ է, որ Անն Բրասորը մէջբերում է իր յայտարարութիւնները՝ նշելով, որ Ադրբեջանի կատարած ռեֆորմները ցոյց են տալիս, որ իրենք հասնում են յաջողութեան:
Ադրբեջանի նախագահը չկարողացաւ շարունակել իր խօսքը, որովհետեւ Բրասորը ընդհատեց նրան՝ խնդրելով լրագրողներին դուրս գալ նիստերի դահլիճից, ապա դիմելով հաւանաբար այն պատգամաւորներին, ովքեր այս կամ այն կերպ արձագանգում էին Ալիեւի յայտարարութիւններին, սաստեց նրանց՝ ասելով.
«Յորդորում եմ համաձայնութեան կամ ոչ համաձայնութեան նշաններ չյայտնել: Կը ներէք, պարոն Ալիեւ, որ ընդհատեցի, բայց ես՝ որպէս ԵԽԽՎ նախագահ, պէտք է ապահովեմ նիստի բնականոն աշխատանքը»: Ալիեւն էլ արձագանգեց. «Երկու անգամ մէջբերում էք ինձ, երկու անգամ էլ կարող էք ընդհատել: Ես պատրաստ եմ դրան»:
Ապա սկսուեց ԵԽԽՎ պատգամաւորների եւ Ալիեւի հարցուպատասխանը: Իռլանդիայի պատուիրակ Մայքըլ Մաքնամարան, ով երէկ Ադրբեջանում քաղբանտարկեալների մասին զեկոյցով էր հանդէս եկել, յայտարարեց, որ Ադրբեջանում կայ 39 քաղբանտարկեալ, իսկ վերջին նախագահական ընտրութիւնները կեղծուել են: Ի պատասխան՝ Ալիեւն ասաց, թէ Ադրբեջանում չկայ որեւէ քաղբանտարկեալ:
Նա նշեց, որ բոլոր այն տեղեկութիւնները, թէ Ադրբեջանում քաղբանտարկեալներ կան, իրականութեանը չեն համապատասխանում: «Եթէ դուք նման յայտարարութիւններ էք անում, ապա դա ձեր կանխակալ մօտեցումն է մեր երկրի նկատմամբ: Դուք մի քանի անգամ փորձում էք վիրաւորել մեր երկիրը: Ադրբեջանը պրովոկացիաների զոհ է, որոնք գէօպոլիտիկայի (տարածաշրջանային քաղաքականութեան-Խմբ.) արդիւնք են: Ես կրկնում եմ՝ քաղբանտարկեալ մեզ մօտ չկայ: Իսկ ձեր երէկուայ զեկոյցը տապալուեց, որովհետեւ կեղծիքների, ապատեղեկատուութեան հիման վրայ էր կազմուած ու խեղաթիւրում էր իրականութիւնը», նշեց Ալիեւը:
Մէկ այլ պատգամաւոր էլ հարցրեց, թէ արդեօք կոպիտ չէ՞ իրաւապաշտպան Լէյլա Իվնուսի հանդէպ ադրբեջանական իշխանութիւնների ցուցաբերած պահուածքը: Ալիեւը վստահեցրեց, թէ երկրում խօսքի ազատութիւնը, մարդու իրաւունքները պաշտպանւում են ու չեն տարբերւում եւրոպական երկրներից: Ինչ վերաբերում է Լ. Իվնուսին, ապա Ալիեւն ասաց, որ իրենք կոպիտ չեն վերաբերուել նրան՝ յաւելելով. «Համաձայն չեմ, չկար կոպիտ վերաբումունք, գուցէ նրա՞ կողմից կար կոպիտ վերաբերմունք ոստիկանի նկատմամբ, ում վրայ նա յարձակուել էր…»:
Մէկ այլ պատգամաւոր էլ նկատեց, որ թէպէտ Ալիեւը խօսում է իր երկրում ազատութիւնների մասին, բայց իրենք գիտեն, որ հազարաւոր մարդիկ ադրբեջանական «սեւ ցուցակում» են ու չեն կարողանում մուտք գործել երկիր:
ԵԽԽՎում գտնուող հայկական պատուիրակութեան անդամներից եւ որեւէ մէկը Ալիեւին հարց չուղղեց: