
Հովանաւորութեամբ Գլենդելի Երիտասարդական կենտրոնի Յարաբերական քարոզչական յանձնախմբի, 2014 Յունիսի 1ին, կէսօրից յետոյ ժամը 3ին, կենտրոնի «Իսահակ եւ Ժանէթ Քազանճեան» սրահում տեղի ունեցաւ իւրօրինակ աշակերտական համերգ: Դաշնամուրի ուսուցչուհիներ Կարինէ եւ Ալիս Տէր Գէորգեանները որոշել էին իրենց այս տարուայ տարեկան հաշուետու համերգը նուիրել Երեխաների պաշտպանութեան միջազգային օրուան:
1925 թուին էր, երբ Շուէյցարիայի Ժընեւ քաղաքում, երեխաների պաշտպանութեանը նուիրուած գիտաժողովի ընթացքում, Համաշխարհային խորհուրդը Յունիսի 1ը սահմանեց Մանուկների օր: Տօնի խորհուրդն է աշխարհի մանուկներին զերծ պահել պատերազմի վտանգից, պահպանել նրանց առողջութիւնը, ապահովել պատշաճ կրթութիւն եւ դաստիարակութիւն ստանալու իրաւունքը: Օրը նշւում է հանդիսութիւններով, երեխաներին ներառող ձեռնարկներով:
Պատանի երաժիշտները այս տօնին էին նուիրում իրենց ելոյթը:
Երիտասարդական կենտրոնի գեղեցիկ պատշաճեցուած սրահում տեղ էին գրաւել աշակերտները, ծնողները ու հիւրեր:
Հովանաւորող յանձնախմբի անունից բացման խօսքով ներկայացաւ Լաուրա Յակոբեանը: Նա կարեւորեց նման ձեռնարկները, քաջալերեց պատանիներին միշտ մասնակցելու նման առիթների եւ մաղթեց նրանց ելոյթներ ունենալու աւելի մեծ բեմերի վրայ:
Հայ եւ օտար երգահանների բազմաբնոյթ գործերով ներկայացան հետեւեալ աշակերտ-աշակերտուհիները. Նայիրի Սաֆարեանս, Աննա Թումիկեան, Նաթալի Մայտեսեան, Փառէն Տէր Սարգիսեան, Մուրատ Տէր Պետրոսեան, Քարոլին Պարսամեան, Վարդան Քահքէճեան, Ալեքս Փիլոյեան, Դալար Գապաքեան, Ալեքսանտր Գալստեան, Լէոնարտօ Սարգիսեան, Քրիստինէ Թոփաչիկեան, Սաթիկ Սէրայտարեան, Դանիէլ Էյթան (ջութակ), Շիրակ Տէր Պետրոսեան, Լորի Տեմիրճեան, Մերի Թումիկեան, Նիքի Սարգիսեան, Արենի Պետրոսեան, Արեգ Տէր Սարգիսեան, Տարօն Գապաքեան, Մայքըլ Մայտեսեան, Ալիք Մալաքեան, Նանօր Տէր Պետրոսեան եւ Գեւիկ Սաֆարեանս:
Ելոյթի աւարտին ուսուցչուհիների անունից շնորհակալութիւն յայտնեց Կարինէ Տէր Գէորգեանը: Նա դրուատեց ուսուցիչ-աշակերտ-ծնողք համագործակցութիւնը, ապա շեշտեց հայկական կենտրոնների հետ աշխատակցելու անհրաժեշտութիւնը:
Ցերեկոյթը հանդիսացաւ օրուան յարիր տօնախմբութիւն՝ ոգեւորելով մանուկներին նոր ուժերով շարունակելու իրենց յանձնուած պարտաւորութիւնները երաժշտութեան աշխարհում:
ԳԼԵՆԴԵԼԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ
ՅԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ