
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Ամէն անգամ հետաքրքիր թեմայով, որ մեզ համար նշանակում է՝ հայութեանը յուզող հարցերի վերաբերեալ, դասախօսութիւնների գնալիս, կարծում ես թէ ահա այսօր դու կը կարողանաս գտնել մեր ժողովրդի մտահոգութիւնների բանալին:
Այդ օրուայ թեման էր « Նոր պատմագիտութիւն՝ ի խնդիր նոր հայազգացութեան», բաւական խօսուն վերնագիր, ու գնում ես անհամբեր:
Իր նիւթին լաւատեղեակ կին պրոֆեսորն ունէր անսահման գիտելիքներ մեր ժողովրդի պատմութեան, աշխարհագրութեան, մշակոյթի, իսլամական աշխարհում հայ ժողովրդի կատարած ներդրման, կերպարուեստի եւ մշակոյթի այլ բնագաւառների մասին:
Դասախօսուհու հիմնական մեկնակէտն այն էր, թէ մեր ժողովրդի պատմութիւնն իրական չէ եւ հակասում է մեր ինքնութեանը:
Թերեւս այս միտքը կարելի է տարածել շատ հին ժամանակների վրայ, երբ չկային գրաւոր փաստեր, լուսանկարներ, եւ յիշողութեամբ էին վերապատմւում դէպքերը:
Մասնագէտը կասկածում է նաեւ փաստեր ունեցող պատմութեանը, որն էլ պատճառաբանում է այսպէս. եթէ կրօնական էր գրի առնողը, այն կատարւում էր եկեղեցու շահերն առաջ տանելով, եթէ պալատական էր՝ պաշտպանում էր իր թագաւորութիւնը: Ստացւում է՝ չէզոք պատմութիւն չի կարող լինել, նոյնիսկ միեւնոյն պատմութիւնը կարող են երկու տարբեր անձեր ներկայացնել տարբեր տեսանկիւնով:
Ըստ բանախօսի՝ նոր պատմագիտութիւնն է, որ բոլոր պատմութեան ֆոնի վրայ պիտի առաջացնի նոր հայազգացութիւն, ուր մենք պիտի գիտակցենք մեր արժէքը:
Կարծում ենք առողջ եւ սթափ հայեացքով, զօրեղ եւ կազմակերպուած նոր հայը միայն կարող է առաջացնել այդ նոր հայազգացութիւնը՝ թէկուզ եւ անցեալի ու նոյնիսկ ներկայի սխալներով, եթէ նա չվերածնուի, չի կարող արժեւորել որեւէ պատմութիւն:
Մենք կերտենք մեզ ու դառնանք մեր ժողովրդի անսխալ պատմութիւնը: