
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Միացեալ Նահանգների լաւագոյն խոհարարներից մէկի՝ Մայքլ Մինայի հանրայայտ սթէյքը համտեսելու համար այլեւս կարիք չկայ հասնելու Սան Ֆրանցիսքօ կամ Մայամի: Այսուհետ, «Էսքուայր» ամսագրի կողմից ԱՄՆում լաւագոյնը ճանաչուած Մինային պատկանող «Բուրբոն Սթէյք» ճաշասրահը գործում է Գլենդելի սրտում՝ «Ամերիքանա»ում, իր բացառիկ ուտեստներով, խմիչքներով ու ժամանցի համար հաճելի միջավայրով: «Առաջին ուտեստը, որ մտաբերում ես Ամերիկա ասելով՝ սթէյքն է: Ուրախութեամբ պէտք է նշեմ, որ այս կերակրատեսակի պատրաստման հարցում այսօր մենք հասել ենք լաւագոյն արդիւնքի եւ դա՝ շնորհիւ մթերքի որակի, պատրաստման մեթոդի եւ ձեւաւորման: Այս համակցումն է, որ մեր սթէյքը դարձնում է բացառիկ», համի իր բանաձեւը ներկայացրեց Մայքլ Մինան:
Մարտի 26ին, ռեստորանային կայսրը Գլենդելում էր՝ «Ամերիքանա»ի հիմնադիր Ռիկ Կարուզոյի հետ միասին կատարելու իր թուով 18րդ ճաշասրահի բացումը: «Մենք ցանկանում էինք «Ամերիքանա»ում ունենալ սթէյքի լաւագոյն ճաշարան, եւ մեր ընտրութիւնն այլընտրանք չունէր, քանզի Մայքլ Մինայի խոհարարական վարպետութիւնը բազմիցս արժանացել է ոլորտի ամենաբարձր պարգեւներին ու տիտղոսներին», իր խօսքում նշեց Կարուզօն: «Մինա Գրուպ»ին պատկանող «Բուրբոն Սթէյք»ն իսկապէս առանձնայատուկ է իր ուրոյն համերով, նաեւ՝ ժամանցի համար լաւագոյն պայմաններով: Մայքլ Մինայի այս ճաշասրահում ներդաշնակօրէն համադրուած են դասականն ու ժամանակակիցը, ինչի արդիւնքում «Բուրբոն Սթէյք»ն ընկալելի է բոլորի համար՝ անկախ տարիքից ու ճաշակից: Բացի Մինայի յատուկ բաղադրատոմսով պատրաստուող սթէյքների տեսականուց, ճաշասրահն առաջարկում է նաեւ ձկների եւ թարմ ծովամթերքից պատրաստուած ուտեստների բազմապիսի ընտրանի: Այստեղ կարելի է «Ամերիկայի լաւագոյն ֆրայ» («Americas Best Fry», by US News & World Report) ճանաչուած, Մինայի այցեքարտերից համարուող՝ բադի իւղով ֆրայը (Duck Fat Fries), որը մատուցւում է երեք տեսակի յատուկ սօուսերով: Ճաշի բացումը կատարւում է գետնասունկի բլիթով (truffle roll), որ անմոռանալի համ է պարգեւում՝ բացելով համային դրախտի դռները: Մինայի յայտնի Լոբսթերի կարկանդակն (Lobster pot pie) ու Ահի թունա թարթարը (Ahi tuna tartare) մատուցւում են գեղեցիկ արարողութեամբ: Նախուտեստների շարքում առաջարկւում է նաեւ սուփերի եւ աղցանների իւրայատուկ տեսականի:
Պատրաստման եղանակի համար մրցանակի արժանացած բըրգըրների թւում է նաեւ «Մինայի մայրիկի ֆալաֆել բըրգըր»ը: Ճաշն ամբողջացնում է սթէյքների տեսականին, որի պատրաստման՝ միայն Մայքլ Մինային յատուկ եղանակն, անկրկնելի է դարձնում տաւարի մսի համը: Ամբողջովին բնական, առանց հորմոնների եւ հաւելումերի միսը մինչ եփուելը մնում է համեմունքներով ներծծուած իւղի մէջ եւ պատրաստւում է փայտի վրայ մօտ մէկ ժամ: Առաջարկուող սթէյքների ցանկում են «Էսքուայր»ի կողմից լաւագոյնը ճանաչուած՝ Մինայի Ռիբէյը (Ribeye), նաեւ՝ ամերիկեան եւ ճապոնական Ուեջիւն (wagyu), որ մատուցւում են տարբեր բանջարեղէնների եւ յայտնի՝ սեւ գետնասունկով պատրաստուած մակ եւ պանիր (black truffle mac and cheese) կոչուող ուտեստներով:
Այս համային ուղեւորութեան եզրափակիչ ակորդը քաղցրաւենիքների ընտրանին է: Հրուշակեղէնի համար առանձին բաժինն առաջարկում է տարաբնոյթ թխուածքների բոլորովին նոր ու հետաքրքիր տեսականի, որոնց բաղադրատոմսի հեղինակը վարպետ խոհարարն է:
«Բուրբոն Սթէյք»ի հանդիսաւոր բացման ժամանակ ներկայացուեց նաեւ խմիչքների լայն տեսականին: Հմուտ բարմենները միախառնելով տարբեր թարմ բաղադրիչներն ու բազմապիսի խմիչքներ՝ ստեղծում էին կախարդական թուացող տարբեր գոյների հեղուկներ՝ քոքթէյլներ, որոնց համը յիշեցնում էր հին աշխարհի թովչանքն ու նորի հմայքը: Առաջարկուող գինիների տեսականու թիւը շուրջ 350 է, որ ներառում է նաեւ բացառիկ հաւաքածուներ: Այս բաժնում գլխաւոր անակնկալը թերեւս Ճապոնական ուիսկիի մատուցման յատուկ արարողութիւնն էր, որ հաճելիօրէն զարմացրեց ներկաներին:
«Բուրբոն Սթէյք» ճաշասրահում համոզւում ես, որ կերակուրը միայն քաղցը յագեցնելու համար չէ, այն կարող է ազդել բոլոր զգայարանների վրայ՝ պարգեւելով երջանկութեան ակնթարթ: «Բուրբոն Սթէյք»ի բնական բաղադրիչներից պատրաստուած ուտեստները նաեւ գեղագիտական տեսք ունէին՝ իւրաքանչիւրն արուեստի ուրոյն գործ էր յիշեցնում: Մայքլ Մինայի խոհանոցի բարիքներն համտեսելիս ակամայից մտաբերեցի Բեռնարդ Շոուի այն միտքը, որ «չկայ աւելի անկեղծ սէր, քան սէրը կերակրի նկատմամբ»:
«Բուրբոն Սթէյք»ում յատկանշական էր նաեւ սպասարկման բարձր որակը՝ անձնակազմի իւրաքանչիւր անդամ պատրաստուած է բաւարարելու նոյնիսկ ամենաբծախնդիր ու պահանջկոտ յաճախորդի ցանկութիւնը: Գները համարժէք են մատուցուող կերակուրների եւ խմիչքների համին ու որակին: Առաւել դասական ձեւաւորուած ճաշասրահում հնչում է ամերիկեան դասական ռոք եւ բիւզ երաժշտութիւն, իսկ բառի եւ լաունջի հատուածում՝ դաշնամուրային կենդանի կատարում: Առաւօտեան 11:30ից գործող «Բուրբոն Սթէյք»ի յաճախորդները կարող են ժամանցն անցկացնել նաեւ բացօթեայ միջավայրում ամէն օր, առաւօտեան 11:30ից սկսած: Ընթրիքի համար ճաշասրահը գործում է 5:30ից:
Մայքլ Մինայի հետ զրոյցում հարցրի, արդեօք Գլենդելի իր ճաշասրահի համար նախատես՞լ է յատուկ կերակրատեսակ՝ հաշուի առնելով նաեւ հայ համայնքի նախընտրութիւնները: «Ես եգիպտացի եմ, եւ իմ մայրիկի բաղադրատոմսերում գերակշռում էին միջին արեւելեան երկրների ուտեստներ: Օրինակ, մայրիկիս պատրաստած ֆալաֆելը, մանկութեան իմ ամենասիրած կերակուրն էր: Իմ ճաշացանկում ներառել եմ ընտանեկան որոշ բաղադրատոմսեր եւ կարծում եմ, որ հայերի համար դրանք հարազատ կը լինեն», հայ համայնքին նման ուղերձով ներկայացաւ տարբեր պարգեւների, այդ թւում æէյմս Բերդի մրցանակին արժանացած խոհարար Մայքլ Մինան: