
ՀՕՄի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան «Սիփան» մասնաճիւղի ամէնամեայ նորաձեւութեան գարնանային ցուցադրութիւնը գեղեցիկ ակնթարթներ պարգեւեց համայնքի կանանց: Մարտի 22ին Գլենդելի «Հիլթըն» հիւրանոցի նորաձեւութեան հարթակում ներկայացուեց ճանաչուած ձեւաւորող (դիզայներ) Լուրդես Չաւեսի հաւաքածուն:
«Այս տարի ՀՕՄի 27րդ արդէն աւանդոյթ դարձած նորաձեւութեան ձեռնարկն է, որին մեր կազմակերպութեան անդամները, համախոհներն ու ընկերները մեծ անհամբերութեամբ են սպասում: Այս միջոցառումը, ինչ որ առումով տարբերւում է մեր բարեգործական, մշակութային ձեռնարկներից, սակայն նոյն նպատակին է ծառայում՝ օժանդակել կարիքաւորներին: Առաջնորդուելով ՀՕՄի «Ժողովուրդիս հետ, ժողովուրդիս համար» կարգախօսով, մեր բոլոր ձեռնարկների շահոյթը ուղղւում է այն աշակերտին, ծնողազուրկ մանուկին, անօթեւանին, հիւանդին, ով ամէնից շատ դրա կարիքն ունի: Այս վեհ նպատակն իրականանալի է դառնում նուիրուած ՀՕՄուհիների շնորհիւ, ովքեր կամաւոր հիմունքներով իրենց ուժերն ու ժամանակը յատկացնում են մեր աշխատանքներին, ինչպէս նաեւ՝ երախտիքի խօսքեր մեր հովանաւորներին, համախոհներին ու բարեկամներին, որ հաւատալով ՀՕՄի առաքելութեանը, մշտապէս մեզ հետ են», «Ասպարէզ»ի հետ զրոյցում նշեց ՀՕՄի վարչութեան ատենա-պետուհի Քրիստին Յովնանեանը:
«Սիփան» մասնաճիւղի ձեռնարկը նաեւ լաւագոյն առիթ էր համայնքի հայ կանանց միաւորելու բարձր նորաձեւութեան, Արշակ Խնդիրեանի երաժշտութեան ու «Լիլիա» պարային կենտրոնի սաների ստեղծած հաճելի միջավայրում: Տարբեր տաղաւարներում առիթ էր տրուել նաեւ ստեղծագործող կանանց ներկայացնելու իրենց արտադրանքը: Նորաձեւութեան գեղեցիկ առիթը կազմակերպուած էր յատուկ յանձնախմբի ընկերուհիների կամաւոր եւ նուիրեալ աշխատանքի շնորհիւ՝ գործակցաբար մասնաճիւղի վարչութեան, որոնք միասնաբար, միշտ հաւատարիմ մնալով ՀՕՄի ուխտին՝ սատարում եւ ստեղծում են նման առիթներ, որոնց եկամուտը խթան է հանդիսանում ՀՕՄի լայնածաւալ ծրագրերի իրագործման համար: «Սիփան» մասնաճիւղի 2014թ.ի նորաձեւութեան ցուցադրութիւնը իրականութիւն դարձաւ նաեւ գլխաւոր հովանաւորների նիւթական եւ բարոյական աջակցութեան շնորհիւ՝ Մհեր եւ Սաթիկ Տէր Օհաննէսեանների եւ «Գասկա Ալիանս հիմնարկ»ի, որը ներկայացնում են ազգային բարերար Գագիկ Գալստեանի զաւակները՝ Էդի Գալստեանը, Սեդա Աղայեանն ու Աիդա Նորհադեանը:
«ՀՕՄը բարենպատակ կազմակերպութիւն է եւ միայն օգուտ է տարածում աշխարհի ամէն կողմում: Շատ էի փափաքում անդամութեան մաս կազմել, որպէսզի իմ ծառայութիւններով մասնակիցը դառնամ ՀՕՄին եւ մեծ սիրով համաձայնեցի հովանաւորել այս ձեռնարկը, քանի որ հաւատում եմ նրանց գործունէութեանը», իր խօսքում նշեց Սաթիկ Տէր Օհանեսեանը:
Տեղեկանք
Սաթիկ Սապունճեան Տէր-Օհանեսեանը ծնուել է Հալէպում եւ հասակ է առել ազգային շնչով տոգորուած ընտանեկան հարկի տակ: Նախնական կրթութիւնը ստանալուց յետոյ աւարտել է Հալէպի Քարէն Եփփէ Ճեմարանը: Վաղ տարիքից ընտանեօք հաստատուել են Միացեալ Նահանգներում: Համալսարանական ուսման տարիներին գործօն անդամուհի է եղել պատանեկան շարքերում՝ միաժամանակ վարչական պաշտօններ վարելով Համազգայինի նորակազմ Լոս Անջելեսի մասնաճիւղում: Մի քանի նուիրեալ ընկերուհիների կողքին օգնել է հիմնելու Լոս Անջելեսի ՀՄԸՄի սկաուտական շարքերը, անխոնջ կերպով ծառայելով Կիրակնօրեայ ծրագրերին, ինչպէս նաեւ՝ գործնական գիտելիքների արշաւների իրականացմանը: Ամուսնացած է 1975թ.ին Մհեր Տէր Օհաննէսեանի հետ եւ ունի երկու զաւակներ՝ Արի եւ Սարօ: Անդամակցել է ՀՕՄի Գլենդելի «Սիփան» մասնաճիւղին, մասնակցելով Շաբաթօրեայ վարժարանի կրթական եւ բարոյական վերելքին: Աւարտել է ուսումը Բանկային եւ Ֆինանսական որակաւորմամբ:
«Գասկա»ն Գլենդելում գործող գոյքի կառավարման 1981թ.ին հիմնադրուած ընկերութիւն է, որ մասնագիտացած է Հարաւային Քալիֆորնիայում առեւտրային կենտրոնների եւ բնակելի անշարժ գոյքերի արդիւնաւէտ տնօրինման գործում: «Գասկա»ն անդամ է Առեւտրի կենտրոնների միջազգային խորհրդի (ICSC) եւ Հարաւային Քալիֆորնիայի բնակարանների սեփականատէրերի ասոցիացիայի (AOA).