ԵՐԵՒԱՆ, «ԱրմէնիաՆաու».– Որոշում տրուած է այս տարի Հայաստանի մէջ գումարել համահայկական ձմեռային խաղեր:
Համահայկական խաղերու համաշխարհային կոմիտէին կողմէ 1999էն ի վեր քանի մը տարին անգամ մը Հայաստանի մէջ կայացող համահայկական ամառնային խաղերուն յաջողութիւնը նկատի առնելով՝ այս տարի 24 Փետրուարէն 2 Մարտ Ծաղկաձորի մէջ տեղի պիտի ունենան նաեւ ձմեռնային խաղեր՝ դահուկավազք, լեռնադահուկ, սնոպորտ մարզաձեւերով, իսկ տափօղակով «հոքի»ն պիտի կայանայ Երեւանի «Կարէն Դէմիրճեան» մարզահամերգային համալիրին մէջ:
Համահայկական խաղերու համաշխարհային կոմիտէի մամլոյ պատասխանատու Աննա Վարդանեան «ԱրմէնիաՆաու»ին յայտնած է, որ այս խաղերուն մասնակցելու դիմում ներկայացուցած են շուրջ 400 մարզիկներ՝ աշխարհի 13 երկիրներէ, որոնց կարգին՝ Ֆրանսայէն, Արժանթինէն, Ռուսիայէն, Միացեալ Նահանգներէն, Կիպրոսէն, Աւստրիայէն եւ այլն։
«Համահայկական խաղերին մասնակցում են աւելի շատ սիրողական կատեգորիայի մարզիկներ: Խաղերի ընթացքում խաղարկուելու են 39 մեդալ, մէկ գաւաթ: Այս խաղերը նպաստում են ինչպէս սպորտի տարածմանը, այնպէս էլ Հայաստան-Սփիւռք կապերի ամրապնդմանը», յայտնած է Վարդանեան՝ աւելցնելով, որ խաղերու կայացման համար պետական պիւտճէէն գումարներ չեն տրամադրուած, այլ հովանաւորները պիտի հոգան ծախսերը։
«Հայաստանում վերջին տարիներին հետզհետէ զարգանում են ձմեռային մարզաձեւերը, որի մասին վկայում է հայ մարզիկների մասնակցութիւնը ձմեռային օլիմպիական խաղերին: Թէպէտ նրանք դեռեւս բարձր տեղեր չեն զբաղեցնում, սակայն տարէցտարի բարելաւում են իրենց արդիւնքները նախորդ ելոյթների համեմատութեամբ: Ոլորտի մասնագէտներն ասում են, որ Հայաստանում կան մի քանի վայրեր, որոնք շատ յարմար են ձմեռային մարզաձեւերի զարգացման համար», կը գրէ լրագրող Գոհար Աբրահամեան։ Արդարեւ, Ծաղկաձորի մէջ կը գործէ լեռնադահուկային հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցը, Գիւմրիի մէջ՝ դահուկավազքի հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցը, նաեւ կան համայնքային հովանիին տակ գործող մարզադպրոցներ Հրազդանի, Վանաձորի եւ Ապարանի մէջ։
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.