
Գլենդելի հանրային քոլեջի Ճարտարապետութեան բաժնում գարնանային կիսամեակից վերսկսելու է «Ինթերիեր դիզայն»ի (Interior Design-ներքին յարդարում եւ ձեւաւորում) դասընթաց, որը վարելու է ճարտարապետ, դիզայներ Իզաբելա Բոյաջանը (PhD): «Այս դասընթացին կարող են յաճախել ուսանողներ, ովքեր ցանկանում են շարունակել իրենց մասնագիտական ուղին որպէս ճարտարապետ, նաեւ՝ իբրեւ «ինթերիեր դիզայներներ»: Սակայն այս առարկան կարող են ընտրել նաեւ մարդիկ, ովքեր իրենց աշխատանքային գործունէութեան ընթացքում առնչւում են ձեւաւորման եւ յարդարման աշխատանքների, օրինակ՝ անշարժ գոյքի գործակալներ, բեմադրիչներ, հեռուստատեսութեան ոլորտում՝ տաղաւարների ձեւաւորողներ եւ ընդհանրապէս գեղեցիկը սիրողներ», «Ասպարէզ»ի հաղորդման իր հարցազրոյցում տեղեկացրեց Իզաբելա Բոյաջեանը: Նրա խօսքով, դասընթացի ընթացքում ցուցաբերուելու է անհատական մօտեցում՝ տեսական եւ պրակտիկ (գործնական-Խմբ.) գիտելիքների մատուցմամբ: «Ձեւափոխելով տարածքը՝ ձեւափոխել կեանքը»՝ այս կարգախօսով «Ինթերիեր դիզայն»ի դասընթացները Գլենդելի հանրային քոլեջում սկսուելու են Փետրուարի 18ից: Արձանագրուելու համար կարելի է այցելել նաեւ քոլեջի կայք: