Աննա Ջանբազեանը Իր Եղբօր Յիշատակը Անմահացրեց Բարձրորակ Պարային Հոգեհանգստով
ԱՆՈՒՇ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ-ՀՈՎԵԱՆ
Ամբողջ երեկոն ելեկտրականացած, Գլենդել քոլեջի թատերասրահի լեփ լեցուն սրահը յուզուած, լարուած եւ զարմանքով՝ բեմին էր գամել հանդիսատեսին: Բեմի վրայ, պարային շարժումների սքանչելի դիրքաւորումների ընդմիջից, փորձում էր պեղուել կեանքի ամենաողբերգական եւ հրամայողական այդ դժբախտութիւնը՝ ժանտախտը, որ տարածուել ու սարսափի է մատնել այն ընտանիքներին, որոնց անդամներից մէկի բժշկական հետազօտութիւների արդիւնքում յայտնաբերւում է քաղցկեղը, մի հիւանդութիւն, որ պարզ հարբուխի նման տարածուել է: Մի անողոք հիւանդութիւն, որ չոքել է մարդկութեան կեանքի վրայ, հալածում ու տանում է անխտիր, առանց սեռի, ազգութեան, տարիքի եւ խղճի: Առանց հաշուի առնելու ո՛չ բժիշկների, ո՛չ գիտութեան եւ ոչ էլ հիւանդի ու շրջապատի պայքարը, եւ, ի վերջոյ, յանգում է մահուան. սարսափելի է ու մտահոգիչ… Եւ զարմանում ես, որ բժշկութիւնը անկարող է կանխել այդ ընթացքը:
Այս լոյսի տակ, Աննա Ջանբազեանը իր ստեղծագործական ու մտքի երեւակայական թռիչքի ոլորտներով՝ բեմադրեց աննախընթաց, բարձրորակ եւ իմաստալից մի ներկայացում, որ բեմավիճակների եւ խաղերի բազմաոճ խաղարկութեամբ արտացոլում էր Ջանբազեան ընտանիքի կեանքի եւ, ի մասնաւորի, Ալբերթ Ջանբազեանի հանգուցեալ կերպարի՝ «Ես»ի, կեանքից մինչ մահ ընթացող երեւոյթները: Երեւոյթներ, որ ծառանում են կեանքում, անհատի կամքից անկախ, եւ ինչ որ մի տեղ մարդկութեանը շղթայում են՝ աղերսելով. «Տուր քո ձեռքը, որ միասին պարենք ու ձուլուենք անմահութեան»:
Մտապարագիծը ու պարային շարժումների մարզուած դիրիքաւորումները կերտեցին անհոգ ու զուարթ կեանքի արտացոլումը: Էրիքը՝ մենապարի ոլորտներով, խաղարկութեամբ, մեկնաբանեց Ալբերթի հոգեվիճակը ու կերտեց հանգուցեալ Ալբերթի նկարագիրը ու բեմադրութեան տեսախորհուրդը: Երրորդ տեսարանում, բալետի ամենադժուար դիրքերի ու թռիչքների երանգներով՝ պարուհու կոչումը վաստակած աղջիկները պարեցին կապոյտ, սեւ, սպիտակ գոյների լեզուով: Չորրորդ տեսարանը՝ քաղցկեղի եւ հիւանդի պայքարն էր: Հիւանդութիւնը ներկայացնում էին սպիտակ տարազով եւ շղարշուած դէմքով կերպարներ՝ հիւանդներ, որոնք կշռոյթային արդիական պարի մե՛րթ գետնամերձ ու մերթ մարմնական ու մկանային կծկումներով, հոգեկան տառապանքն էին արտայայտում՝ մէկը միւսին յաղթելու հաւատքով:
Եւ շարունակաբար, արագ ու սահուն 9 տեսարանների բեմական իմաստալից ներկայացումով, Աննա եւ Ալբերթ Շանբազեանները պարեցին իրենց մանկութիւնը: Ալեքս Քրաուֆորդի եւ Ալբերթոսի գոյապարը իմաստաւորւում ու յիշողութեան մէջ թարմանում էր՝ պարի հետ զուգընթաց, Շանբազեան ընտանիքի մանկութիւնից ընտրուած, բեմի ճակատում սահիկների ցուցադրումով: Ուշագրաւ էր Ալեքս Ք.ի սլացիկ մարմինը, կարմիր ու սպիտակ տարազը ու, ի մասնաւորի, քոյր եւ եղբօր մոգական յարաբերութիւնը՝ ձուլուած պարին: Ապա բեմավիճակների մէ՛կ տխուր, մէ՛կ ուրախ անցեալի ու ներկայի խաղերով բեմադրութիւնը հասնում է գագաթնակէտին՝ քաղցկեղը յաղթում է, անկախ հիւանդի բժշկութեան ու շրջապատի հոգատարութեան աղօթքից, ու գալիս է յանձնուելու պարտադիր պահը:
Զգլխիչ էին բառերը եւ հոգեկան գալարումների արտացոլումը պարային շարժումներով. մօրն են փոխանցում լուրը, մայր եւ քոյր սպիտակ տարազով պարում էին կեանքի դժբախտութիւնը: Յուզիչ էր Ալբերթ Ջանբազեանի կերպարը ներկայացնող Ալբերթոսի՝ սպիտակ տարազով հոգեվարքի մենապարը՝ մկանային կծկումներն ու բալետային խորիմաստ շարժումները ու ի վերջոյ՝ անխուսափելի մահը: Աննա Ջանբազեանի դերում՝ Ալեքս Քրաուֆորդի արտակարգ մեկնաբանութիւնը ընթանում էր պարսիկ երաժիշտ Նիազի «Հարիւր գոյների երանգներում՝ 9 արքայութիւնը»ի մեղեդիներով, կարօտի կանչով կրկնւում էր՝ «Իմ աչքերից չի հեռանում քո դէմքը» նախադասութիւնը:
Սադրանք. բեմում սեւ տարազաւորուած աղջիկների հսկումը սգոյ երաժշտութեամբ՝ Laura Osborn-ի սրնգի (flut) կենդանի նուագածութեամբ եւ Էրիկ Աւանէսեանի ասմունքով: Հետաքրքիր էր Աստծու հետ խորհրդակցութեան եւ հոգին երկինք սլանալու իմաստով իւրաjատոկ շարժումը՝ «Պտուտկել-Wheeler», Ռուբինա Վարդանեանի արհեստավարժ կատարումով: Անակնկալ էր, երբ բեմում՝ կարծես երկնքից վար իջան սպիտակ 8 պաստառներ, որոնց վրայ 4 լեզուներով՝ հայերէն, անգլերէն, ճապոներէն եւ պարսկերէն, մակագրուած էր՝ «ԳՈՀԱՐ ՀՈԳԻՆ»:
Բեմադրութեան խորհուրդը շեշտուեց, երբ պաստառները վեր էին բարձրանում բեմի ճակատում՝ ուղեկցութեամբ սահիկների ցուցադրութեան, քաղցկեղով մահացեալների տասնեակ նկարները, իսկ վերջում՝ բեմի ճակատում փայլեց Ալբերթ Ջանբազեանի պատկերը՝ որպէս խորհրդանիշ համագործակցութեան եւ քաղցկեղի դէմ պայքարելուն, ու արտասանւում էր՝ «Hold my hand» (Ձեռքդ Ինձ Տուր):
Հանդիսատեսները ելեկտրականացած գամուել էին բեմին այն աստիճանի, որ բանտարկել էի ինձ խեղդող հազը՝ չընդհատելու համար լռութիւնը: Մէկ ու կէս ժամ տեւող հանդէսի վերջաւորութեան՝ ժողովուրդը յոտնկայս եւ անվերջանալի ծափողջոյններով եւ արցունքոտ աչքերով գնահատեց ձեռնակը: Բարձր մակարդակով, անթերի եւ նպատակասլաց միջոցառում էր: Ընտրուած էր սքանչելի երաժշտութիւն, ներդաշնակ ու համապատասխան պարագծին ու թեմային՝ բազմաոճ եւ տարբեր լեզուներով: Սքանչելի էին բեմական էֆեկտները եւ լոյսերի խաղերը. բեմավիճակների փոփոխութիւնը սահուն էր. բազմազան, ճաշակաւոր եւ պարզ էին տարազները՝ խօսուն եւ իմաստալից գոյների ընտրութեամբ:
Պարադրիչ արուեստագիտուհի Աննա Ջանբազեանի այս իւրայատուկ բեմադրութեան մտապարագիծը շօշափում էր բոլորի սրտերը: Իրապէս, այս բեմադրութեամբ արդարացուեց «Անգին Հոգի»ի եւ «Գոհար Հոգի»ի տեսլականը: Շնորհաւորում ենք: Չի կարելի անտեսել ժրաջան ծնողական խորհրդի աշխատանքը՝ Արամ Անանեանի նախագահութեամբ ու նաեւ տեխնիկական բաժնի պատասխանատուներին, որոնք Աննա Ջանբազեանի կողքին աշխատում ու թիկունք են հանդիսանում նրան: Մեծ է նաեւ հովանաւորողների թիւը, սակայն վրիպումներից խուսափելու համար, չեմ նշում անունները: Գլխաւոր հովանաւորրը «American Cancer Society»ն էր, իսկ ձեռնարկից գոյացած շահոյթը յատկացուելու է նոյն կազմակերպութեանը: