Որպէս Մի Պտղունց Խունկ Նրա Անմոռաց Յիշատակին
ՍԱՔՕ ՆԱԶԱՐԵԱՆ

Կեանքին հրաժեշտ տուեց շուտ, շատ շուտ, երբ այնքան երազներ ու նպատակներ ունէր իրականացնելու: Ուր որ եղաւ՝ բարութիւն տարածեց շրջապատում, բարութիւն ու միաժամանակ՝ նպատակասլաց գործունէութիւն ունենալու եռանդ:
Համոզուած եմ, որ Նազելիների յանձնառու եւ ազգօգուտ աշխատանքների հանրագումարով կարելի է հասնել մեծ նպատակների: Կարելի է մեծ իրագործումներ ունենալ, եթէ ամէն մարդ, իր ուժերի ու հնարաւորութիւնների սահմաններում անի իր կարելին՝ շրջապատը փոխելու, համայնքային ու հայրենական կեանքում ներդրում ունենալու ուղղութեամբ: Ու այդպիսիներից էր դոկտոր Նազելի Ջրեան-Չարչեանը:
Արմատները գնում-հասնում էին Արեւմտահայաստանի Հաճընին: 1970 թուականին ընտանեօք գաղթում է Արգենտինա: Յետագային՝ ուսանելու համար գնում է Երեւան ու վկայւում է որպէս բժիշկ:
Երեւանում ամուսնանում է դոկտոր Դաւիթ Չարչեանի հետ: 1980 թուականից նրանք հաստատւում են Միացեալ Նահանգներում, ուր Նազելին արդէն երկրորդ անգամուայ համար մասնագիտանում է բժշկութիւն ճիւղում: Բախտաւորւում են զաւակներով ու թոռնիկներով:
Նա ամբողջ հոգով նուիրուած էր իր ընտանիքին: Նուիրուած էր նաեւ աշխատանքային բնագաւառում: Իր ամուսնու հետ Գլենդելում բացած բուժարանում նրանք սպասարկեցին տասնեակ հազարաւոր հիւանդների: Դոկտոր Նազելին նաեւ շուրջ երկու տարի հեռուստատեսային շաբաթական հաղորդում ունեցաւ հայ համայնքի համար:
Նազելի Չարչեանի գործունէութեան ոլորտը չսահմանափակուեց անձնական-ընտանեկանով կամ միայն մասնագիտականով: Նա աշխոյժ էր եւ գործօն մասնակցութիւն ունեցաւ Լոս Անջելեսի հայ համայնքում: Տեսնելով, որ հայ մանուկներն ու պատանիները չեն տիրապետում հայերէն լեզուին ու չգիտեն հայ մշակոյթի մասին, նա, բազում դժուարութիւններ յաղթահարելով, բացեց հայերէնի շաբաթօրեայ դպրոց Glendale YMCA-ում, ուր անվճար դասաւանդւում էր հայերէն լեզու եւ մշակոյթ: Այս դպրոցից շրջանաւարտ եղան աւելի քան 800 աշակերտ:
Դոկտոր Նազելի Չարչեանը 2005 թուականին օգտակար եղաւ իր համախոհներին՝ University of Californian-ում հայերէն առաջնակարգ լեզուի ամբիոն ստեղծելու ուղղութեամբ:
Լինելով հաճընցու դուստր՝ անդամակցում էր Հաճընի հայրենակցական միութեան:
Իսկ ի՞նչ էր նրա մեծ ներդրումը հայրենիքում…
2005 թուականից սկսած, նա նախագահեց համայնքում աշխատող «Անահիտ Ֆոնդ»ը: Թերեւս շատերը չեն լսել այս ֆոնդի անունը ու չգիտեն բարեսիրական այս կազմակերպութեան մասին: «Անահիտ Ֆոնդ»ը նպատակ ունի միջոցներ տրամադրելու Հայաստանի բազմազաւակ ընտանիքներին՝ քաջալերելով ծնունդների թիւը հայրենիքում: Նրանց գործունէութիւնը մինչ այս կենտրոնացած է եղել Հայաստանի Թալին ու Մարալիկ համայնքային շրջաններում: Ֆոնդը մինչ այսօր այդ շրջաններում կարողացել է նեցուկ կանգնել աւելի քան 2000 նոր ծնունդների: Այս աշխատանքն իրականացաւ ու շարունակւում է՝ առանց շեփորելու, մի խումբ նուիրուած հայորդիների նպատակաուղղուած ջանքերով:
Անչափելի մեծ էր Նազելի Չարչեանի դերը «Անահիտ Ֆոնդ»ում: Նա տարիներ նախագահեց բարեսիրական այս կազմակերպութիւնը: Մօտիկից տեսել եմ նրա աշխատանքն այդ կազմակերպութիւնում, թէ նա ինչպէս ճշգրտօրէն ուղղութիւն էր տալիս բոլոր գործերին: Նա մասնագիտական կարողութիւններից բացի՝ ունէր նաեւ կազմակերպչական մեծ ընդունակութիւն, որն ամբողջութեամբ ի սպաս դրեց «Անահիտ Ֆոնդ»ում ու համայնքային մեր կեանքում:
Ինչքան ծրագրեր ունէր նա իրականացնելու եւ ինչ մեծ ներդրում կարող էր ունենալ նա, եթէ չլինէր ազնիւ այս հայուհու անժամանակ մահը: Նա մեզանից առյաւէտ բաժանուեց՝ շատ շուտ, անսպասելիօրէն շուտ՝ 64 տարեկան հասակում:
Յարգանք իր անմոռաց յիշատակին: