
ԵՐԵՒԱՆ.– «Երկիր Մեդիա»ի լրատուական բաժինի պատասխանատու Գեղամ Մանուկեան՝ դիմելով «Ընդդէմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնութեան խումբի անդամներուն՝ անոնց ուշադրութիւնը հրաւիրած է այն երեւոյթին վրայ, որ պէտք չէ շփոթել իրենց պայքարը նախկին նախագահ Ռ. Քոչարեանի կատարած յայտարարութիւններուն հետ։ Ան գրած է.
«Սիրելի խմբակիցներ: Այս երկու օրը նկատում եմ լաւ մշակուած սցենար, որի նպատակը արդէն մի քանի ամիս շարունակուող եւ համահայաստանեան տարածում ստացած շարժումը թուլացնելն ու ջլատելն է: Հրապարակ է նետւում, մի շարք լրատուամիջոցներով էլ տարածւում է մի կեղծ թէզ, թէ Յունուարի 18ի հանրահաւաքը արւում է Քոչարեանի համար: Հասկանալի է, թէ ինչ ականջներ են երեւում այդ լուրի եւ թէզի տարածողների թիկունքից:
Ամիսներ առաջ չկային քոչարեանական յայտարարութիւնները, սակայն մեր խումբը դեռ փոքրաթիւ ելել էր պայքարի: Անցնող ամիսներին էլ Քոչարեանի հարցազրոյց չկար, մեր խումբը օր-օրի ընդլայնուած շարունակում էր պայքարը: Քոչարեանը չէր խօսել նաեւ Դեկտեմբերի սկզբին, մեր խմբի հազարաւոր անդամներ, երեւանեան սառնամանիքին երթեր էր անում: Այդ ողջ ընթացքում մեր ընդհանուր բողոքին դէմ դուրս եկողները Քոչարեանի մասին թթու խօսք չէին ասում, ու գովում էին:
Անցնող մի քանի ամիսներին այդ պայքարը եղել է ընդհանուր՝ մէկ կարգախօսով՝ Stop, ԴԷՄ ենք: Եւ ոչ այլ նպատակներով: Այս երեք օրերին բոլորից պահանջւում է սառնասրտութիւն, ամբոխային տրամաբանութեանը տուրք չտալու կամք, խարդաւանքները պարզ տեսնելու գիտակցութիւն, որ Յունուարի 18ին միասնական շարքերով լինենք, ինչպէս ամիսներ առաջ, երբ առաջին անգամ Երեւանեան երթին էինք ու բացեցինք մեր շատ համաքաղաքացիների աչքերը»: