ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Ո՞վ չի երազել շահել վիճակախաղի մրցանակը: Ամէն անգամ մէկ կամ երկու դոլար վճարելով, իւրաքանչիւր մարդ մտովի վերանում է իրականութիւնից գոնէ մէկ ակնթարթ ու երազում: Շահելու դէպքում այսինչ բանը կը գնեմ, հարազատներիս դրամ կը տամ, բարեգործութիւն կ՛անեմ, աղքատներին ու ընչազուրկներին օթեւան կը տրամադրեմ: Տկարների համար հիւանադանոցներ կը կառուցեմ: Տարօրինակ չեն այս մտքերը: Ի՞նչ կայ որ, կը մտածէք: Մի քանի դոլարով մարդը կարճ ժամանակով տեղափոխւում է երեւակայական մի աշխարհ, որտեղ ինքը երջանիկ է, եւ բարեգործութիւն է կատարում մտովի: Իսկ այն, որ վիճակախաղի տոմս գնելը գրեթէ մոլուցք է դարձել միլիոնաւոր մարդկանց համար, դեռ լայն քննարկման առարկայ չի դարձել: Մօտ 650 միլիոն դոլար շահելու թէկուզ եւ չնչին հնարաւորութիւնը շատերին է շլացնում, եւ նրանք գնում են տասնեակ, յաճախ էլ հարիւրաւոր կամ հազարաւոր տոմսակներ: Իսկ շահման հաւանականութիւնը մէկն է մի քանի հարիւր միլիոնից՝ համաձայն վիճակագրութեան: Մէկ այլ տուեալի համաձայն՝ վիճակահանութեանը հիմնականում մասնակցում են աղքատները, փորձելով «հրաշքով» դուրս պրծնել իրենց շրջապատող տաղտկութիւնից: Հարուստների մասնակցութիւնը զանգուածային չէ: Եւ որքան աւելի է մեծանում շահազամբիւղը, այդքան աւելի շատ մարդ է տոմս գնում, մէկի փոխարէն՝ բազմաթիւ:
Ջնջովի վիճակախաղերի վաճառքը հասել է մրցանիշային թուերի յատկապէս ամենաաղքատ համարուող նահանգներում: Որոշ բնակավայրերում վիճակախաղից ստացուած նահանգային եկամուտները գերազանցում են օրինական հարկերից ստացուած եկամուտներին: Իսկ նահանգային մարմինները գովազդում են աջ ու ձախ, սովորական մարդու մօտ անասելի ցանկութիւնը էլ աւելի բորբոքելով, որ նա կարող է իր խնդիրներին միանգամից լուծում տալ, ընդամէնը մի քանի դոլար ծախսելով: Մի հրապարակման համաձայն, մարդկանցից գանձուած ամէն մի դոլարի դիմաց ընդամէնը 62 սենթ է վերադարձւում «շահումների» նպատակով: Պատկերացրէք, թէ ինչպիսի հարկային բեռ է սա հասարակ մարդու ուսերին, եւ ոչ ոք անգամ չի էլ բողոքում: Իսկ փոխարէնը՝ ոչ մի իրական արժէք չի ստեղծւում:
Տելըուեր նահանգում սնանկացումների թիւը կտրուկ աճել է այն բանից յետոյ, երբ նահանգը 1995 թուականին ընդունեց վիդէօ վիճակախաղի մասին օրէնքը: Ծուղակը այն միտքն է, թէ բոլորը միեւնոյն հնարաւորութիւնն ունեն շահելու (որը ճիշդ է), սակայն մասնագէտների վկայութեամբ, վիճակախաղի միջոցով իր դրութիւնը բարելաւել ցանկացողների մի զգալի մասը պատանդ է դառնում պատրանքներին՝ իրական քայլեր որդեգրելու փոխարէն, եւ այս վնասը շատ աւելի խորն է, քան մի քանի դոլարի կորուստը:
Ես ինքս էլ եմ գնում վիճակախաղի տոմս, բայց ամէն անգամ, երբ փորձում եմ ձեռքս դրամապանակս տանել, յիշում եմ հօրս խօսքը՝ «Շահելուց մէկն էլ կը շահի, պէտք չէ 10ը գնել»: Ինչ կայ որ, ամիսը 5 կամ 10 դոլար կարելի է այդ նպատակով զոհաբերել: Իսկ երբ տեսնում եմ տարեց կանանց, տղամարդկանց 10, 20 կամ աւելի ջնջովի վիճակախաղի տոմսեր գնելիս (ի դէպ ամէն մէկի արժէքը տատանւում է 1ից 20 դոլարի սահմաններում), մարմնովս սարսուռ է անցնում: Նրանցից ոչ մէկին չեմ տեսել թանկարժէք մեքենայ վարելիս, այլ իրենց թոռնիկների հետ, երբեմն էլ մաշուած հողաթափերով, խանութում եմ տեսել առեւտրից յետոյ, երբ փորձում են «վրձնի մէկ հարուածով» հարստանալ: Ի՞նչ կայ որ, իրենց փողն է, ոչ գողանում են, ոչ էլ յանցագործութիւն անում: Իսկ յուսախաբութիւնը մեծ է:
Մեր իրականութեան մէջ շրջում են գուցէ իրական, գուցէ նաեւ լեգենդներն այն մասին, թէ ինչպէս Գլենդելում «մի տղայ 1 կամ 2 միլիոնանոցն է ջնջել», ու մէկի փոխարէն մարդը 5, 10 հատ է գնում, ու ջնջում է անխնայ: 5 տարի առաջուայ շահումը գովազդւում է խանութում, որ մարդիկ տեսնեն, թէ այդ խանութում է «երջանկութիւնը» վաճառուել, ու տուեալ վայրում շատ աւելի վիճակախաղի տոմսեր են վաճառւում, համեմատած միւսների հետ, կարծես թէ նոյն տեղից գնելու դէպքում հաւանականութիւնները աւելանում են: Բնաւ:
Նորաստեղծ այս կազինոները սպառնում են մեծ գլխացաւանք դառնալ տասնեակ հազարաւոր մարդկանց համար, եթէ արդէն չեն դարձել: Պարզապէս պէտք է յիշել, որ շահելուց մէկն էլ կը շահի, ու յոյսը չդնել 250 միլիոնի մէջ մոլորուած 1 շանսին (հնարաւորութեանը)…