
ԵՐԵՒԱՆ.- Աղուան Վարդանեան երէկ՝ Երեքշաբթի, 3 Դեկտեմբերին, հետեւեալ յայտարարութեամբ հանդէս եկաւ Ազգային ժողովի մէջ.
2014 թուականի Յունուարի 1ը շատ մօտ է: Խորհրդարանի մակարդակով, կարծես, աւարտեցինք կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերեալ քննարկումները: Հանրապետական մեծամասնութիւնը հակուած չէ ընդունել մեր հիմնաւոր, փաստարկուած առաջարկութիւնները:
Մեր երկրի, Հայաստանի անխտիր իւրաքանչիւր քաղաքացու համար կենսական նշանակութեան հարցի հանդէպ նրանց մօտեցումը, մեր գնահատմամբ, համարժէք եւ պատասխանատու դիրքորոշում չէ: Անքննելի են որոշումներ կայացնելու՝ մեծամասնութեան տրամաբանութիւնն ու մեխանիզմները: Եթէ իշխանութեան մեր գործընկերները մտածում են, թէ այս համակարգի կնքահայրերը իրենց պահպանողական գաղափարախօսութեան կրողներն են, թէ նոյն արժէքներն են դաւանում, կարծում եմ՝ սխալւում են:
Հիմա ժամանակն է ամփոփելու եւ պատմութեան համար արձանագրելու կատարուածը: Ի՞նչ ունենք եւ ի՞նչ ենք ունենալու.
1. Ներդրւում է պարտադրաբար մի համակարգ, որին մեր երկիրն ու հասարակութիւնը պատրաստ չեն՝ ե՛ւ սոցիալ-տնտեսական ցուցանիշների, ե՛ւ բարոյահոգեբանական առումներով:
2. Ներդրւում է մի համակարգ, որին պատրաստ չէ կառավարութիւնը: Գործընթացն ուղեկցւում է սահմանադրական հնարաւոր, օրէնքի՝ բացայայտ, հայեցակարգի ու ժամանակացոյցի ակնյայտ խախտումներով:
3. Ներդրւում է մի համակարգ, որը գործնականում շատ քիչ աղերս ունի սոցիալական պաշտպանութեան ոլորտի հետ: Հիմնական նպատակը ֆինանսական շուկան ակտիւացնելն (աշխուժացնել-Խմբ.) է:
4. Գոյանալիք երկար փողերը տնտեսութեան իրական հատուածի վրայ ազդեցութիւն չեն ունենալու, չեն նպաստելու եկամտաստեղծ գործունէութեանն ու աշխատատեղերի աւելացմանը:
5. Շատ ռէալ (իրական-Խմբ.) է վտանգը, որ արդիւնքում աւելանալու է թաքնուած զբաղուածութիւնն ու սեւ աշխատավարձերի տեսակարար կշիռը:
6. 2014 թուականի Յունուարից ե՛ւ պետական, ե՛ւ մասնաւոր հատուածում, աշխատողների աշխատավարձն աւելի պակաս է լինելու, քան էր 2013 թուականի Դեկտեմբերին:
7. Այս համակարգի արդիւնաւէտութիւնը ցածր է լինելու կառավարութեան նկարագրածից եւ մասնակիցների համար 30-40 տարի յետոյ չի ապահովելու արժանապատիւ կենսաթոշակ:
Այսքանը արձանագրելով՝ մենք վերահաստատում ենք երեք բան.
ա. Վստահութեան բաւարար պաշար չունեցող այս կառավարութիւնը ձախողուելու է նաեւ այս համակարգում, թէեւ այն համարում է վերջին տարիների իր ամենամեծ ձեռքբերումը:
բ. Կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներն անհրաժեշտ են: Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը աւելի արդիւնաւէտ համակարգ ստեղծելու նպատակով:
գ. Մենք շարունակելու ենք սերտօրէն գործակցել պարտադիր բաղադրիչի դէմ ընդվզող հազարաւոր քաղաքացիների հետ եւ հետապնդելու ենք նրանց պահանջները սահմանադրական բոլոր միջոցներով: Մեզ յատկապէս ոգեւորում է գիտակից, տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում արժէքներ ստեղծող երիտասարադութեան առկայութիւնը այս շարժման մէջ:
Եւ վերջինը՝ յարգելի՝ քաղաքական մեծամասնութիւն, դուք այսօր, այո, ունէք բացարձակ իշխանութիւն, բայց դա ձեզ չի ազատում երկրի ու սերունդների առաջ պատասխանատուութիւնից: Ընդհակառակը: