
Բժիշկները, հոգեբաններն ու սոցիոլոգները վաղուց են պարզել, որ սխալ ապրելակերպը յանգեցնում է հիւանդութիւնների: Զգացմունքների, տրամադրութեան, խառնուածքի եւ հիւանդութիւնների միջեւ որոշակի կապ կայ: Փորձառութիւն ունեցող բժիշկները հաստատում են, որ աշխատանքի նկատմամբ տհաճութիւնը ուղեղի հիւանդութիւն է ծնում, մելանխոլիայի (մելամաղձոտութեան-Խմբ.) հակումը աւելացնում է սրտի տագնապների վտանգը: Ուսումնասիրութիւններով հաստատուել է, որ կլինիկական դէպրեսիայով (ընկճուածութեամբ-Խմբ.) տառապող մարդիկ սրտի սուր հիւանդութիւնների տէր են դառնում 4-5 անգամ աւելի յաճախ, քան նորմալ հոգեկանով մարդիկ: Ծայրայեղ պատուասիրութիւնը վտանգում է երիկամները, վախը՝ լեարդը, խորամանկութիւնը՝ ստամոքսը, սեռական անվստահութիւնը՝ ենթաստամոքսային գեղձը (կարող է անգամ շաքարախտ զարգանալ): Անցեալի վրայ սեւեռուելը ողնաշարային հիւանդութեան զարգացման լուրջ պատճառ է:
Եւ, մշակութային կեանքին ակտիւ մասնակցութիւն ունեցողները ոչ միայն առողջութիւնն են բարելաւում, այլեւ երկարացնում են կեանքը: Գիտնականները կարծում են, որ մշակոյթը խթանում է իմունային (դիմադրողականութեան-Խմբ.) համակարգը:
Հասկանալի է, որ սրանք ընդհանրական տուեալներ են եւ բժշկի տեղեկանքի ու ախտորոշման յաւակնութիւն չունեն, սակայն կարող են լրացուցիչ առիթ դառնալ, որ մարդն իրեն ուշադրութիւն յատկացնի ու մտածի սեփական ինքնազգացողութեան բարելաւման մասին: Չպէտք է ծայրայեղութիւնների դիմելով՝ փորձել ազատուելու սեփական բացասական զգացմունքներից: Հարկաւոր է ամէն անգամ, առանց նեարդայնանալու, դիտարկել ու վերլուծել իրավիճակը: Ու այդ դէպքում ինքնազգացողութիւնը կը լաւանայ:
Առողջ եղէք: