
Թուրքիան պատրաստւում է «մեղմել» Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցը՝ Անտանտի երկրների դէմ յաղթանակը տօնելով: Այս մասին բրիտանական «The Independent»ում տպագրուած յօդուածում նշում է լրագրող Ռոբերտ Ֆիսկը:
Նրա խօսքով՝ այդ ամէնի հետ մէկտեղ, ամէն ամիս աւելանում են Հայոց Ցեղասպանութեան՝ որպէս պատմական փաստի ապացոյցները, որոնք Թուրքիան շարունակում է հերքել: Այս անգամ ապացոյցները ներկայացուած են բրիտանացի բժիշկ Ալէք Գլենի յուշագրութիւնում: Նա դա հասցէագրել է իր որդիներին, որոնք էլ իրենց հերթին վերջերս տպագրել են:
Յիշողութիւնները ներկայացուած են որպէս գիրք՝ «In the Front Line: A Doctor in War and Peace» վերնագրով: Գլենը բացայայտումներ է արել հայերի ճակատագրի եւ այն մասին, թէ ինչպէս է Թուրքիան 1918թ. փորձել իր ազդեցութիւնը տարածել Արեւելքի վրայ:
Գլենը գրում է, որ Իրանից դէպի հիւսիս-արեւելք՝ Բաքուի ուղղութեամբ, հնդկական-բրիտանական ուժերն օրական տեսել են տասնեակ հազարաւոր հայ փախստականների: «Դա զարմանալի եւ ողբերգական տեսարան էր… Ժամանակ առ ժամանակ մենք անցնում էինք ճամբեզրին մահացող մարդու կողքով, կամ էլ՝ դիակի, որը կիսով չափ կերել էին շները կամ բորենիները… Մենք օգնում էինք երիտասարդներին, նրանց, որոնք կարող էին ապրել: Նրանց նստեցնում էինք ջորիների վրայ եւ հասցնում մօտակայ գիւղերը: Բրիտանացի բժիշկ Սոլսբերի Քրէյգը աւելի ուշ պատմել է ինձ, թէ ինչպէս է օգնել ճանապարհին հանդիպած տարեց փախստականի: Մահից առաջ նա կաշուէ գօտի է տուել, որը լի է եղել ոսկեդրամներով: Նա խնդրել է այդ գումարն օգտագործել փախստականներին օգնելու վրայ», գրում է բժիշկը: