
ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍԵԱՆ
Դաշտերում, այգիներում աշխատող մարդիկ յաւերժականի մէջ են, սրտներում՝ ուրախութիւն, մտքներում՝ սէր ու խնդութիւն: Տագնապները կծկուած, մի կողմ են քաշուած՝ պոչները ոտքերի արանքը մտցրած: Գիտեն՝ աշխատում են, վայելում են, իրենց երեխաները սոված չեն մնալու, ուսում են ստանալու, աղջիկները հարս ու մայր են դառնալու, կեանքը շարունակուելու է, հողը խռոված չէ, խնամուած է եւ բերքառատ:
Այնպէ՛ս կարօտել եմ Երեւան քաղաքին, ծառ ու ծաղկի մէջ կորած նրա Հիւսիսային պողոտային, որ Հիւսիսային անապատի վերածուեց, որը մի քանի պաշտօնեայի ամենակուլ ագահութեան յուշարձանն է լինելու դարերի մէջ: Կարօտել եմ քաղաքի փողոցներով անշտապ քայլող, թոռնիկի ձեռքից բռնած պապիկին, որը սիրով ու համբերութեամբ պատասխանում է թոռան աշխարհաստեղծ հարցերին, անցորդներին, որ սիրալիր են, ու տագնապներից չեն ջղաձգուած դէմքերի մկանները, հոգին ու հայեացքը:
Այնպէ՛ս կարօտել եմ Հայաստանին, որտեղ իշխանաւորն օր ու գիշեր մտածում է ժողովրդի բարօրութեան մասին: Պաշտօնեան ծառայ չէ շահին, ու շահածախու չէ գործիչը, հայրենիքը կայ իւրաքանչիւրի մէջ, համընդհանուր հարստութիւնը գեադաների բաժին չէ:
Որդին հօրից չի օտարացել, աշակերտը՝ ուսուցչից, աշխատաւորը՝ իշխանաւորից. հարազատութեան մի անխառն զգացում կայ: Չկայ ջղային ու ջղաձիգ խաբէութիւնը, անկեղծ մարդիկ կան, գրողներ կան, որ չեն կեղծում, ցուցքի գերի չեն:
Շէնքերը, ծառերը, փողոցներն ու մայթերը մեզ եւ իրար օտար չեն, մերն են, հարազատ են:
Գործնական սուտը, շողոմ լեզուն, անպատկառ խօսքը, ամենաթող վարքը չեն թագաւորում, անպատժելիութիւնը չի բացել իշխանաւորի խաւար հոգին, ու թերմացքային իղձերը չեն հռչակւում պետական գերակայ շահ:
Մամուլը բաշխող կազմակերպութիւնները չեն օգտագործում իրենց մենաշնորհը եւ սնանկացնում իրենց քիմքին անհաս թերթերը: Մենաշնորհը չէ, որ իշխանաւորի հետ սեղան է նստում ու վերջում սիրտը թափում նրա վրայ:
Մարդը գնահատւում է ըստ գործերի եւ ոչ թէ ըստ մտածելու փորձերի:
Սէ՛րը, սէրը թեւածում է երկրով մէկ ու երեխաներ բաժանում երիտասարդ ծնողներին, եւ ոչ թէ աղջիկներին քարշ տալիս սաունաներ ու հիւրանոցներ, անպտուղ ու ամուլ դարձնում տղաներին:
Այնպէ՛ս կարօտել եմ Հայաստանին:
Ափսո՛ս, ոչ ոք չի ապրել այդ Հայաստանում, ես էլ:
Թէեւ ես Հայաստանում էի ապրում, Հայաստանում եմ ապրում եւ Հայաստանում դեռ երկար պիտի ապրեմ: