
Խոշոր վնասուածքները ու վէրքերը բուժելու համար պէտք է դիմել բժշկի օգնութեանը: Սակայն կենցաղում յաճախ են պատահում վնասուածքներ, որոնք կարող են նաեւ ապաքինուել առանց մասնագէտի միջնորդութեան: Միայն մի քանի յիշեցումներ «All For Health, Health For All» առողջապահական կենտրոնի կողմից:
Թիւր կարծիք կայ, որ ջրածնի փերօքսիդը վէրքերի լուացման լաւագոյն տարբերակն է: Ինչպէս եւ ալկոհոլը, ջրածնի փերօքսիդը կարող է վնասել հիւսուածքներն ու երկարաձգել վէրքերի ապաքինումը: Լաւագուն միջոցը սառը ջրով եւ օճառով լուանալն է: Վէրքը կարելի է առնուազն հինգ րոպէ պահել սառը ջրի տակ՝ հեռացնելու համար կեղտն ու մանրէները (բակտերիաները): Արիւնահոսութիւնը հնարաւոր է դադարեցնել վէրքը սեղմելով մաքուր վիրակապով (բինտով): Եթէ արիւնը շարունակւում է հոսել, պէտք է դիմել մասնագէտի օգնութեանը:
Ընդունուած է համարել, որ վէրքերի արագ ապաքինման համար հարկաւոր է դրանք բաց պահել՝ օդի հետ անմիջական շփման համար: Հակառակը՝ վնասուած մասը պէտք է ծածկել հակաբակտերիալ քսուկի բարակ շերտով եւ վիրակապել: Այդպէս վէրքերը մաքուր կը մնան՝ պաշտպանուած հագուստի հետ աւելորդ շփումից, փոշու ու մանրէների ներթափանցումից: Վիրակապ (bandage) հարկաւոր է տեղադրել վէրքի ամբողջ տարածքով: Հեռացնել մազերի աճման ուղղութեամբ, հնարաւորին չափ զգոյշ՝ չձգելով վէրքը բոլորող մաշկը: Մի սխալ կարծիք եւս. շատերը համարում են, որ վէրքի վրայ կարագ կամ սառոյց դնելը կը նպաստի ապաքինմանը: Մասնագէտները խորհուրդ չեն տալիս: Լաւագոյն միջոցը համարւում է վէրքը սառը ջրով լուանալը, մաքուր ու ապահով պահելը: Իսկ եթէ վէրքը կարմրում է, թարախակալւում, այտուցւում եւ բարձրանում է մարմնի ջերմաստիճանը՝ դիմէք բժշկի օգնութեանը: