
Բոլոր բժիշկները իրենց գործունէութիւնը սկսելուց առաջ խոստանում են հաւատարիմ մնալ բժշկագիտութեան հայր Հիպոկրատի բարոյական սկզբունքներին: Ուշադրութիւն դարձնենք բժշկի մասնագիտութեան մէջ ի՞նչն է կարեւոր մեր թուարկութունից մօտ 400 տարի առաջ՝ մինչեւ մեր օրերը: Ստորեւ ներկայացնում ենք երդման տեքստն ամբողջութեամբ.
– Երդւում եմ բժշկութեան աստուած Ապոլլոնի, առողջութեան հովանաւոր Ասկլեպիասի եւ այլ աստուածների ու դիցուհիների անունով՝ նրանց վկայակոչելով, որ ես կը կատարեմ այս երդումը եւ գրաւոր պարտականութիւնը, որքան ներեն ուժերս ու թելադրի խիղճս:
– Բժշկութեան արուեստ ինձ սովորեցնող ուսուցչիս երդւում եմ պաշտել ծնողներիս հետ հաւասար, նրա հետ կիսել իմ ողջ կարողութիւնը ու հոգալ նրա կարիքները, նրա որդիներին համարել իմ եղբայրներս, եւ եթէ նրանք կամենան, սովորեցնել բժշկական արուեստ անվարձահատոյց եւ առանց գրաւոր պայմանագրի: Իմ բոլոր գիտելքիները, դասախօսութիւնները եւ այլ դասաւանդման եղանակները երդւում եմ հաղորդել իմ որդիներին ու նրանցից բացի ոչ ոքի:
– Երդւում եմ օգնել հիւանդներին խղճիս համաձայն, որքան ներեն ուժերս՝ խուսափելով նրանց որեւէ վնաս կամ չարիք պատճառելուց:
– Երդւում եմ երբեք ոչ ոքի չտալ մահաբեր թոյն կամ աջակցել այդ գործում, ով էլ որ խնդրի այդ մասին: Երդւում եմ նոյնպէս երբեք չտալ կանանց վիժեցնող դեղամիջոց:
– Երդւում եմ լինել բարոյապէս մաքուր ու բարեպաշտ առօրեայ կեանքում եւ արուեստիս մէջ:
– Երդւում եմ երբեք յանձն չառնել կատարել վիրահատութիւն, նոյնիսկ քարահատում՝ այն թողնելով այդ գործով զբաղուող արհեստաւորներին:
– Ինչ տուն էլ որ ես մտնեմ, երդւում եմ այդ անել միայն հիւանդի բարօրութեան համար, զերծ նմալով որեւէ անարդար գործից, սեռական կապերիս կանանց կամ տղամարդկանց հետ, միեւնոյն է, լինեն նրանք ազատ թէ ստրուկ, եւ այլ արատներից:
– Ինչ էլ որ ես տեսնեմ կամ լսեմ իմ բժշկական գործունէութեան ընթացքում կամ նրանից դուրս, մասնաւոր կեանքում, որ չպէտք է հրապարակ հանուի, երդւում եմ լռութեան մատնել ու այն համարել սրբազան գաղտնիք:
– Եթէ այս երդումը ես բարեխղճօրէն կատարեմ ու այն երբեք չդրրժեմ, թող ինձ բաժին ընկնի երջանկութիւն կեանքում, յաջողութիւն արուեստիս մէջ եւ մարդկանց յարգանքը՝ յաւիտեանս յաւիտենից: Իսկ եթէ ես դրժեմ երդումս, թող ինձ բաժին ընկնի դրա հակառակը: