Հայոց Ցեղասպանութեան Հարիւրամեակի Մատենաշար
Մարդկային պատմութեան առաջին ցեղասպանութեան՝ Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի առիթով գործադրուած Օսմանեան պետութեան կողմից 1915-1923թթ. եւ որի զոհ գնացին աւելի քան մէկուկէս միլիոն անմեղ հայեր, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսեանի նախաձեռնութեամբ հաստատուեց Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի մատենաշար՝ ի յիշատակ եւ ի յարգանս միլիոնաւոր անմեղ նահատակների:
Մատենաշարը բովանդակում է՝
1. – «Ջարդերը Հայաստանում կամ Հայոց նահատակութիւնը», հեղինակ՝ Ֆայէզ Ալ Հուսէյն, գրուած 1916թ., արաբերէնով:
– «Թուրքոյ գեհենից մի հայ ընտանիքի հրաշքով փախուստը», հեղինակ՝ Եսթեր Թ. Մկրտչեան, Թեհրան 2012թ.:
2. «Անգլիական կառավարութեան կապոյտ գիրքը՝ Հայոց Մեծ Եղեռնի մասին 1915-1916թթ.», հեղինակ՝ դերկոմս Ջէյմզ Բրայս, Թեհրան, 2012 թ.:
3. «Վերապրած խոյեցի Արուսեակը», հեղինակ՝ Ռոզմարի Յարութիւնեան-Քոհեն, Թեհրան, 2013 թ.:
Վերոնշեալ երեք հատորները ականատեսների ու վերապրողների վկայութիւններն ու գրառումներն են Հայոց Գողգոթայի: Նրանք արցունքոտ աչքերով, խոցուած սրտով ու հայրենական օջախի բուռն կարօտով ու անբացատրելի ապրումներով գրուած գրքեր են, աւելի ճիշդ՝ կտակ գրքեր են բոլոր ժամանակների բոլոր հայորդիներին եւ յատկապէս նոր սերունդին, որպէսզի կարդան եւ գիտենան, թէ անմարդկային, սադայէլական ու գազանաբարոյ ինչ ձեւերով ու միջոցներով ցեղասպան թուրքը իրագործեց իր ոճրային ծրագիրը հայութեան բնաջնջման:
Գրքերը կարելի է գտնել ազգային առաջնորդարանի «Մաշտոց» գրախանութում, հայկական եկեղեցիների գրախանութներում, «Ալիք», «Նայիրի» եւ «Ստանդարտ» գրախանութներում:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ
ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ