ԱՆԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ
Յուլիսին Լոս Անջելեսում անցկացուեց Հայ բժշիկների միջազգային 11րդ համագումարը: Բուժման նորագոյն մեթոդների շարքում, որ ներկայացնում էին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած բժիշկները, ներկայացուեց նաեւ հնագոյն ու մոռացուած մի մեթոդ եւս, որի անուանումը նոր է՝ Նարեկաբուժութիւն: Բժիշկ, հոգեբան, հոգեթերապեւտ Արմէն Ներիսեանը՝ Նարեկաբուժութեան հեղինակ-կիրառողը, իր հիւանդներին բուժում է Նարեկացու «Մատեան Ողբերգութեան» մեկնութեամբ ու նրա կենարար ուժի օգնութեամբ: Արմէն Ներսիսեանը համաժողովին ներկայացրել է նաեւ պարբերական (Երեւանեան) հիւանդութեան առաջացման մինչ այժմ չբացայայտուած պատճառներն ու դրա բուժման եղանակները՝ նորից «Նարեկ»ի օգնութեամբ: Իսկ պարբերական հիւանդութեան առաջացման պատճառը Ցեղասպանութիւնից մեզ փոխանցուած յիշողութիւններն են ու չբուժուող տագնապը: Նրա հետ անցկացրած զրոյցն էլ դժուարանում եմ անուանել հարցազրոյց, քանի որ աւելի շատ նման էր հոգեբանական սէանսի:
ԱՆԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ.- «Նարեկ»ը հայերի համար միշտ էլ ընդունուել է աւելի, քան որեւէ գիրք: Մեծերը այն պահում էին բարձի տակ: Ի՞նչ է մեզ տալիս «Նարեկ»ը:
ԱՐՄԷՆ ՆԵՐՍԻՍԵԱՆ.- «Նարեկ»ը երկրորդ աստուածաշունչն է: Նարեկացին մեկնում է «Նարեկ»ը, որ օգնում է աւելի հասկանալի ձեւով ընկալելու Աստուածաշունչը: Տասներորդ դարում մենք ունեցանք Նարեկացի, ով կարողացաւ հասկանալի դարձնել Աստուածաշունչը բոլոր դասերին ու խաւերին: «Մատեանը» ճանապարհի ուղենիշ է բոլորի համար՝ մոլորուածների եւ հիւանդների, յանցաւորների եւ մեղանչածների, անյոյսների ու կոտրուածների: Խորհրդային տարիներին «Նարեկ»ը մատուցուեց որպէս գեղարուեստական գործ՝ պօէմ: Մի քանի գլուխներ, որտեղ պարզ նշւում էր քրիստոնէական դաւանաբանութիւնը, հանուեցին: Հաւատազրկուած «Նարեկ»ը արժէզրկւում է, թէպէտ այնքան զօրեղ է եւ ունի մեծութիւն: Գրքի առաջաբանում հեղինակը նշում է, որ այն գրուել է վանակաների խնդրանքով եւ նպատակն է՝ մեղքերի խոստովանութիւնը, ապաշխարանքը, անտեսանելի ցաւերի ու վէրքերի բժշկութիւնը: Նարեկն աղօթագիրք է: Բուժման էութիւնը զղջումն ու խոստովանութիւնն է, որից յետոյ հիւանդը ապաքինւում է:
ԱՆԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ.- Ինչպէ՞ս էք հոգեւորով բուժում ֆիզիկական ցաւերը:
ԱՐՄԷՆ ՆԵՐՍԻՍԵԱՆ.- Բուժման համար հոգին կամ մարմինը՝ կապ չունի: Մարդը հոգի է եւ մարմին: Տաթեւացին իր աշխատութիւնում ասում է, որ կան մի խումբ հիւանդութիւններ, որ պէտք է բուժեն բժիշկները, օրինակ՝ սննդի խանգարումը, բայց կան հիւանդութիւններ, որոնք կապուած են Աստծոյ գիտութեան հետ՝ յոյսի, հաւատի եւ սիրոյ: Մեր ժամանակակից բժշկութիւնը բուժում է մարդու մէկ երրորդը՝ մարմինը: Երբ ինձ հարցնում են ինչ բժիշկ ես, ես ասում եմ՝ Աստծոյ ստեղծած մարդու բժիշկ եմ: Այստեղ կարեւոր է սկզբնաղբիւրը: Մարդը որտեղից է: Էւոլիւցիոն (եղափոխութեան-Խմբ.) ծագումը ժխտուեց, բայց չհաստատուեց, որ մարդը Աստծոյ ստեղծածն է: Եթէ մարդը Աստծոյ ստեղծածն է ուրեմն դաւանաբանութիւնը պարզ է, մարդու անատոմիան հոգի ու մարմինն է, հիւանդութիւններն էլ մեղքերն են, իսկ բուժումը՝ զղջանքն ու խոստովանութիւնը: «Նարեկ»ը հիւանդի գլխին կարդում էին, քանի որ կենդանի խօսքի ազդեցութիւնը տանում է հասկացման: Մարդը ունի հասկացողական կեցութիւն: Երբ հասկանում ենք՝ որակապէս մի բան է փոխւում: Ես «Նարեկ»ին մօտեցայ որպէս աղօթագիրք, պահելով ամբողջ քրիստոնէական դաւանաբանութիւնը:
ԱՆԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ.- Ինչո՞ւ մարդն աստուածավախ ու աստուածահաճոյ է դառնում այն ժամանակ, երբ հիւանդ է կամ անկարող:
ԱՐՄԷՆ ՆԵՐՍԻՍԵԱՆ.- Մենք բոլորս էլ անպաշտպան ժամանակ ենք Աստուած կանչում, քանի որ մենք գրագէտ, ուղղափառ եւ ճշմարիտ հաւատը չունենք: Բնականաբար, Աստուած ողորմած է: Այն ժամանակ, երբ մարդն առողջ է, իր կատարած սխալները չի ընդունում: Դա մարդու թուլութիւնն է: Իսկ տառապանքը վատ բան չէ, նայած տառապանքը ի՞նչ ուղղութեամբ է տարւում, հարցերի պատասխան փնտ-ելու, թէ՝ հակառակը, երբ մարդը չարանում է, ատելութիւն ձեռք բերում ու սխալ մեկնաբանում: Աստուած երբեք չի պատժում: Օրինակ՝ երբ երեխան սխալ է անում, ծնողը երեխային չի պատժում, հակառակը, շատ սիրելով երեխային, ուզում է որ նա հասկանայ, իմաստութիւն ձեռք բերի ու սխալ ճանապարհից դուրս գայ: Հաւատը պէտք է լինի առանց կասկածանքի ու տատանուելու, լցուած սիրով ու հաստատակամութեամբ: Մենք ունենք ճիշդ ծրագիր եւ մենք մեր եսով ու ճշմարտութեամբ այդ ծրագիրը պէտք չէ խախտենք: Մենք չենք կարող գիտութիւնների գիտութեան մէջ սեփական գիտելիքներ մտցնել:
ԱՆԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ.- Ինչո՞ւ է այսօր այդչափ տարածուած ընկճախտը՝ դեպրեսիան:
ԱՐՄԷՆ ՆԵՐՍԻՍԵԱՆ.- Յաճախ գերագնահատւում է մարդու կարողութիւնը: Իրականում մարդն այդքան հնարաւորութիւն չունի: Հիւանդութեան ժամանակ մարդու մտածողութիւնն ու կամքի կարողութիւնը վերածւում են յուսահատութեան: Գիտակցական ունակութիւնները թուլանում են: Այդ ժամանակ բժշկութիւնը չի կարողանում օգնել: Բայց լուծում կայ: Մարդը պէտք է զղջայ եւ հասկանայ, որ այն ինչն ինքն ունէր՝ Աստծոյ նախախնամութիւնն էր: Հաւատը չի կարելի երեւակայել ու պատկերացնել: Մեր մտածողութիւնը մեր դաւանաբանութեան վրայ պէտք է հիմնուի: Եթէ մենք մի գիտութիւն ենք սովորում, մենք պէտք է տրամաբանենք նոյն օրէնքներով: Մտածելակերպից շեղուելով մենք ընկնում ենք շատ մեղքերի մէջ, ունենում ենք խնդիրներ՝ ինքներս մեզ եւ մարդկանց հետ: Յոյս, հաւատ, սէր երրորդութիւնը կարեւոր են: Չարութիւնը, բարկութիւնը լուրջ հիւանդութեան պատճառներ են: Եթէ բժշկութեան մէջ դրանք ընկալւում են որպէս էմոցիաներ (յոյզեր), ապա հաւատի մէջ ծանր մեղքեր են, որ ազդում են հոգեկան առողջութեան վրայ: «Նարեկ»ը այն հայելին է, ուր տեսնում է մարդ իրեն:
ԱՆԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ.- Դուք կարդում էք «Մատեան»ը եւ ձայնասկաւառակը նոյնպէս «դեղամիջոց» է ձեր հիւանդների համար: Ձեր կայքէջում հիւանդների տպաւորութիւնները կարդալով, հասկանալի է դառնում, որ ազդեցիկ ու արդիւնաւէտ է նաեւ այդ մեթոդը:
ԱՐՄԷՆ ՆԵՐՍԻՍԵԱՆ.- Բաւական հմուտ ասմունքողներ ունենք, ովքեր հիանալի են կարդում «Նարեկը», սակայն որպէս գեղարուեստական գործ: Իմ ձայներիզը նպատակ ունի փոխանցելու հաւատով խօսքը, որ իր մէջ կրում է «Նարեկ»ը: «Նարեկ»ի բուժումը զղջանք խոստովանութիւն է, դրա համար շատ կարեւոր է խօսքը, հաւատով լեցուն խօսքը: «Նարեկ»ը տանում է հասկացման: Բոլոր հիւանդները ասում են՝ ես հասկացայ, ես հասկացայ: Հաւատքի ճշմարտութիւնն է, որ զղջում է բերում, հարթում մեր ներքին խնդիրները, որ լաւ լինի ոչ միայն ինձ, այլ նաեւ՝ դիմացինին:
ԱՆԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ.- Իսկ ի՞նչ է բերում մեղքի զգացողութիւնը:
ԱՐՄԷՆ ՆԵՐՍԻՍԵԱՆ.- Քանի որ մենք բոլորս էլ նոյն սանրի կտաւն ենք, սխալական, մեղաւոր ու անընդհատ մեղքի մէջ ենք: Երբ մեղքը գալիս է, անհատը նեղւում է: Դէպրեսիաների նշաններից մէկը մեղքի զգացումն է: Հիւանդը զգում է, որ մեղաւոր է եւ խօսում է խիղճը: Սակայն նա նոյնպէս արժանի է ներման, ինչպէս բոլորը: Կան մարդիկ, որ շատ ցաւագին են տանում ներումը: Մեղաւորութեան զգացումի դէպքում անհատը պէտք է հասկանայ ու ընդունի իր սխալը, ների նաեւ ինքն իրեն: Առանց դրա դէպրեսիաների բուժում չկայ: Մեր էութեան առողջ ու խաղաղ լինելու ողջ ծրագիրը կայ՝ խաղաղ ինքներս մեզ եւ դիմացինի հետ:
ԱՆԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ.- Գիտաժողովի ընթացքում դուք խօսել եք, թէ մեր ժողովրդի յետագայ վարքագծի վրայ ինչպէս ազդեց Ցեղասպանութիւնը. նոր մօտեցում պարբերական հիւանդութեանը, որն էլ դարձաւ այս համաժողովի ձեր ելոյթի թեման:
ԱՐՄԷՆ ՆԵՐՍԻՍԵԱՆ.- Պարբերական, կամ ինչպէս ժողովուրդն է ասում՝ Երեւանեան հիւանդութիւնը հոգեմարմնական հիւանդութիւն է: Հոգեկան աշխարհի խնդիրը արտայայտւում է մարմնի վրայ: Ցեղասպանութեան յետագայ սերունդներին փոխանցուեց վախ, բարկութիւն, ատելութիւն եւ շատ այլ բացասական զգացումներ: Եղեռնի յիշողութիւնները կարող են կեանքի ստրեսային վիճակներում արտայայտուել: Այս պատճառով նոպաներից առաջ հիւանդները կարող են ունենալ վախ, ագրեսիա, լարուածութիւն, ինքնասպանութեան մտքեր: Դրանք հոգեկան յիշողութեան արտայայտութիւններն են: Հոգեկան ցաւը պարպւում է մարմնի մէջ: Ալեքսիթիմիան յոյզերի արտայայտման անկարողութիւնն է, երբ հոգեկան զգացումները չեն պարպւում, ժողովրդական լեզուով ասած «ներս են գնում» եւ պատասխան դրան՝ օրգանիզմը տալիս է բորբոքումներ: Շատ մասնագէտներ համամիտ են, որ պարբերական հիւանդութիւնների պատճառը սթրեսն է: Դա բուժելի հիւանդութիւն է: Իմ հիւանդները ոչ միայն ցաւը, այլ հոգեկան ընկճուածութիւնն են յաղթահարում: Այսպիսի մի դէպք ունէի. մի աղջիկ պատմում էր, որ տեսնելով, թէ թուրքերը վնասում են երիտասարդ յղի կնոջ պտուղը, կտրուկ փորացաւից ընկել է գետին: Արթնացել է գենետիկ յիշողութիւնը: Հնարաւոր է, որ աղջիկը յղիանայ ու յղիութիւնը դժուար անցկացնի, քանի որ նրան խանգարում է ինֆորմացիան:
ԱՆԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ.- Երեւանեան հիւանդութիւնը քանի՞ տարուայ պատմութիւն ունի:
ԱՐՄԷՆ ՆԵՐՍԻՍԵԱՆ.- Հիւանդութեան առաջինը գրանցել է բժիշկ Լեւոն Յովհաննիսեանը 1937 թուականին: Դրանից առաջ հիւանդութիւնը յիշատակուել է, բայց չի բնորոշուել որպէս պարբերական հիւանդութիւն: Ես հիւանդութիւնը բուժելի եմ համարում եւ ունեմ դրա փորձը: Անցեալի ինֆորմացիան ջնջում ենք եւ հիւանդը ապրում է ներկայ կեանքով: Հիւանդանում են հին, ջարդուած ու Եղեռնի զոհ դարձած ազգերը, օրինակ՝ հայերը, հրէաները, արաբները, յոյները, իտալացիները: Պետականութիւն պահպանած միւս հին ազգերը՝ ճապոնացի, չինացի, չունեն այդ հիւանդութիւնը: Կայ նաեւ իռլանդացիներին յատուկ հիւանդութիւն՝ իռլանդական տենդը:
ԱՆԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ.- Բուժման այս մեթոդը ի՞նչ արձագանք է ստացել Թուրքիայում:
ԱՐՄԷՆ ՆԵՐՍԻՍԵԱՆ.- 2005 թուականին այս թեմայով նիւթ ներկայացրի Թուրքիայում, ջարդի հետեւանքները պարբերական հիւանդութեան մէջ: æարդ բառն էլ մինչ այդ չէր կարելի օգտագործել: Թուրք գիտնականները ոչինչ ճխտել չկարողացան, քանի որ վերաբերում էր բժշկութեանը, այլ ոչ հայ-թուրքական յարաբերութիւններին: Իրենց դիւանագիտական մօտեցումն այն է, որ հայ հիւանդներին ներկայացնում են որպէս թուրք, չի նշւում, որ նրանք հայեր են: Ստացւում է այնպէս, որ ողջ աշխարհում կան պարբերական հիւանդութեամբ տառապող հայեր եւ միայն Թուրքիայում՝ չկան:
ԱՆԻ ԹԱԴէՈՍԵԱՆ.- Ինչպէ՞ս կարող ենք աշխարհին հասանելի դարձնել «Նարեկ»ը:
ԱՐՄԷՆ ՆԵՐՍԻՍԵԱՆ.- Լաւ կը լինէր լաբորատորիա ունենանք, որպէսզի հետազօտութիւններով ու թուերով հաստատենք հիւանդի վիճակի բարելաւումը: Բայց մենք ունենք մէկ այլ ազդեցիկ ապացոյց՝ մեր ապաքինուած հիւանդները:
Նարեկաբուժութեան մեթոդներին կարելի է ծանօթանալ www.healingbynarek.am կայքում, իսկ ձայներիզները վաճառւում են Գլենդելի «Ապրիլ» եւ «Սարդարապատ» գրատներում: