ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յիսուն դրամի կռիւը, եթէ Հայաստանը ուզում է վերադառնալ Սահմանադրական կարգի հուն, պէտք է վերածել անարդարութեան դէմ պայքարի:
Փողոց դուրս եկած երիտասարդների եռանդն ու վճռականութիւնը կարող է հիացմունք պատճառել: Նրանք այլեւս չեն ուզում ապրել մի համակարգում, որը «Առաջ Հայաստան», «Քեզ համար Հայաստան» եւ «Ապահով Հայաստան» կարգախօսների ներքոյ իրականում հնարաւոր բոլոր եղանակներով կողոպտում է սեփական ժողովրդին:
Իշխանութիւնները, սակայն, ունեն հակաքայլեր: Առաջին, արտերկրում իր հանգիստն անցկացնող Սերժ Սարգսեանը կարող է համապատասխան օղակներին կարգադրել, որպէսզի տրանսպորտի սակագինը իջեցուի նախկինին կամ թանկացումը լինի աւելի տրամաբանական ու հիմնաւոր:
Իրադարձութիւնների նման զարգացման դէպքում կողոպտուող ժողովրդի մի հատուածը կ՛օրհնի Սերժ Սարգսեանին, քաղաքացիական ակտիւիստները կը տօնեն յաղթանակը: Դա յաղթանակ կը լինի նաեւ Սերժ Սարգսեանի ու նրա քաղաքական թիմի համար:
Իշխանութիւնները, որոնք իւրաքանչիւր համապետական կեղծուած ընտրութիւններից յետոյ սովորել են ամբոխին կառավարելու եղանակները, այդ թւում՝ թափելով սեփական ժողովրդի արիւնը, անհրաժեշտութեան դէպքում կարող են դիմել բիրտ միջոցների: Քաղաքացիական ակտիւիզմը (գործունեայ ընթացքը-Խմբ.) չափազանց կարեւոր եւ մոբիլիզացնող (զօրաշարժ յառաջացնող-Խմբ.) ուժ է, սակայն այն ունի նաեւ մաշուելու վտանգ:
Հետեւաբար, յիսուն դրամի կռիւը, եթէ Հայաստանը ուզում է վերադառնալ Սահմանադրական կարգի հուն, պէտք է վերածել անարդարութեան դէմ պայքարի:
Հայաստանում անարդարութեան հիմքը ապօրինի իշխանութիւններն են: Չարիքի առանցքը քսան տարի շարունակուող կեղծուող ընտրութիւններն են: Բայց պէտք է իրատես լինել: Սերժ Սարգսեանը չի հեռանայ: Աւելին, իշխանութիւնների վճռականութիւնը թոյլ կը տայ կրակել սեփական ժողովրդի ուղղութեամբ, ինչպէս Մարտի 1ին, եթէ զգան իշխանափոխութեան սպառնալիքը:
Այս խորհրդարանը, որը չի արտայայտում Հայաստանի քաղաքական ուժերի իրական հաւասարակշութիւնը եւ հասարակութեան նուազագոյն ակնկալիքները, կարելի է ցրել: Եթէ չլինի համընդհանուր ճնշում, ապա Սերժ Սարգսեանը չի ցրի խորհրդարանը: Իր աթոռին վտանգ տեսնելու դէպքում միայն նա կը գնայ այդ ճանապարհով:
Խորհրդարանական նոր ընտրութիւնները կարող է լինել Սահմանադրական կարգի վերականգնման առաջին քայլը: Անշուշտ, քաղաքական ուժերը պէտք է գան պայմանաւորուածութեան առ այն, որ դրանք չեն կեղծուելու: Եթէ խորհրդարանը ցրում ես, ապա՝ նոր ընտրութիւնները աւելի լայն ծաւալներով են կեղծում, այս խորհրդարանը չարեաց փոքրագոյնն է:
Ոչ իշխանական կուսակցութիւնները, սակայն, կարծես չեն ուզում ընդհատել իրենց ամառային հանգիստը: Նրանք պէտք է հասկանան, որ յիսուն դրամի կռիւը կարող է կայծ լինել համակարգային փոփոխութիւնների ճանապարհին:
Իսկ եթէ ամէն ինչ թողնուի քաղաքացիական ակտիւիստներին, ապա դրանից գրեթէ բան կամ շատ բան չի փոխուի: Իշխանութիւնները կարող են հրաժարուել յիսուն դրամից, բայց փոխարէնը կը գտնեն ժողովրդից յիսուն դրամ կորզելու այլ ոլորտներ:
Ի վերջոյ, բոլորը հասկանում են, որ իրական կռիւը յիսուն դրամի համար չէ: Մարդիկ, անգամ նրանք, ովքեր ապահովուած են, անսահման կերպով յոգնել են անարդարութիւններից ու անորոշութիւնից: Սերժ Սարգսեանն ու Յովիկ Աբրահամեանը իրաւունք ունեն շարունակել իրենց ամառային հանգիստը արտերկրում, սակայն նոյնն իրաւունք չունեն ոչ իշխանական կուսակցութիւնները:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ «Սիվիլնեթ»ի աշխատակից է