ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐԵԱՆ
Բելգիահայ գաղութի համար Յունիսի 14ը կարեւոր եւ նշանակալից էր: Երկարատեւ շինարարական աշխատանքներից յետոյ վերջապէս Բրիւսէլի Ժէթ (Jette) թաղամասում շահագործման յանձնուեց հայ մշակութային կենտրոնի շէնքը:
Արարողութեան բացման խօսքը վերապահուած էր Բրիւսէլի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիւ Զատիկ վարդապետ Աւետիքեանին: «Մշակութային կենտրոնը հայ գաղութի խորհրդանիշն է եւ հանդիսանում է իւրաքանչիւր հայի տունը: Կենտրոնի բացումը բնորոշում է օտար ափերում հայ ժողովրդի անկոտրում կամքը, հայկական մշակոյթը պահպանելու, զարգացնելու, ինչպէս նաեւ գալիք սերունդներին փոխանցելու հեռանկարները», համոզմունք յայտնեց վարդապետը:
Բելգիահայ համայնքն ունի տարիների երկար պատմութիւն: Պատմական տարբեր իրադարձութիւնների հետեւանքով տարեց տարի աճել է հայերի արտագաղթը դէպի այս երկիր:
Բելգիայում հայ Սփիւռքի հիմնական կորիզը Թուրքիայից գաղթած հայերն էին, որոնք յետագայում համալրուել են նաեւ լիբանահայերով, սիրիահայերով, պարսկահայերով, իսկ վերջին 10-15 տարիներին՝ նաեւ հայաստանահայերով:
Պաշտօնական տուեալներով երեսուն հազար հայ է բնակւում այստեղ, թէպէտ այդ թուաքանակն օրեցօր փոխւում է դէպի ստուարացում:
Շատերի համոզմամբ մի տեսակ անբացատրելի անջրպետ, պառակտուածութիւն է նկատւում Հայաստանից եւ Մերձաւոր Արեւելքից եկած հայերի միջեւ, ուստիեւ ներկաները յուսով են, որ կենտրոնը կը դառնայ նախ եւ առաջ միասնութեան, համերաշխութեան օջախ, ինչը կը նպաստի մեղմացնելու ու յետագայում վերացնելու տիրող փոխադարձ անվստահութեան մթնոլորտը:
Կենտրոնի տնօրէն Կարէն Թադեւոսեանի խօսքերով, այստեղ կը գործեն հայկական դպրոց, երգի, պարի, թատրոնի խմբակներ, կը կազմակերպուեն լայնածաւալ միջոցառումներ: Հիմնական շեշտը դրուելու է երիտասարդների վրայ: Նրանցից շատերն իհարկէ խօսում են հայերէն, սակայն գրել-կարդալ չգիտեն: Կենտրոնի առաջնային խնդիրը հայոց լեզուի ուսուցումն է եւ նոր սերնդին հայեցի դաստիարակելն է: Առանձնակի ուշադրութիւն կը դարձուեն եւ հնարաւորութիւններ կ՛ընձեռնուեն երիտասարդական կազմակերպութիւններին եւ բոլոր նրանց, ովքեր հանդէս կը գան նոր ծրագրերով եւ առաջարկութիւններով:
Զգալի էր բելգիահայ համայնքի պատասխանատու Միշել Մահմուրեանի յուզմունքը: Մեր առանձնազրոյցի ընթացքում նա նշեց, որ ուրախութեանը զուգընթաց ունի նաեւ մտահոգութիւն, քանի որ, ըստ նրա, յաջողութեան գրաւականը կը լինի այն, որ նախատեսուած ծրագրերը կարողանան կեանքի կոչել եւ նպատակին ծառայեցնել: Մշակութային կենտրոնը դարձնել հայերի հաւաքատեղ, ուր ամէն մի հայ իրեն զգայ ինչպէս իր տանը: 2004-2008 ժամանակահատուածում հայերը շատ պասիւ էին, կարծես թէ դեպրեսիա էին ապրում, եւ մտավախութիւն կար, որ համայնքը չի գոյատեւի: Բայց վերջին երկու տարում յատկապէս ուսանողներն առաւել ակտիւացել են, մասնակցում են համայնքի կեանքին, կազմակերպում են կոնֆերանսներ: Երիտասարդները նոր ուժ եւ թարմութիւն են հաղորդում, ինչը վկայում է, որ համայնքն էլ աւելի կ՛ամրապնդուի եւ կը յարատեւի: Ըստ պրն. Մահմուրեանի, սահմանափակումներ չեն լինելու, բոլորին անխտիր հնարաւորութիւն կը տրուեն ներկայացնել իրենց առաջարկութիւններն ու ներդրումները, ինչպէս նաեւ կ՛ընդառաջեն իրականացնելու իրենց իսկ կողմից ներկայացուած մտահղացումները:
Սէր, հանդիպում, ջերմութիւն, երիտասարդութիւն, արուեստ, մշակոյթ, համերաշխութիւն, բարեկամութիւն, այս կարգախօսներն են ներդաշնակելու 2013-2014թթ. մշակութային կենտրոնի գործունէութիւնը, համոզմունք յայտնեց կենտրոնի մշակութային հարցերի տնօրէն Կարոլին Սաֆարեանը:
Երեկոն համեմուեց հայկական ուտեստներով: Մթնոլորտն այնքան անմիջական եւ տրամադրող էր, որ մոռացութեան էր մատնուել հայրենիքի հեռաւորութիւնն ու օտարութեան զգացումը, ինչը ակամայ յիշեցնում էր մեր մեծ գրող Վիլեամ Սարոյեանի խօսքերը. «Աշխարհում եթէ երկու հայ միայն մնան, դարձեալ Հայաստան կը կառուցեն»: