ՇՈՒՇԱՆ ԿԻՒՐԵՂԵԱՆ
«Ա.Պ.».- Շուշան Կիւրեղեանը Տիգրան Կիւրեղեանի դուստրն է: Իսկ ո՞վ է Տիգրան Կիւրեղեանը: Հայաստանի անկախացման տարիներու պատմութեան մէջ իր ուրոյն տեղը ունի քաղաքական-հասարակական այս գործիչը: Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի մէջ վերընձիւղման առաջին զինուորագրեալներէն էր, Հայաստանի անկախ Հանրապետութեան առաջին խորհրդարանի՝ Գերագոյն Խորհուրդի ամէնէն երիտասարդ պատգամաւորը, Դաշնակցական առաջին պատգամաւորներէն (ընդհանուրը չորս պատգամաւոր) եւ տնտեսագէտ: Ան Էջմիածինի բնակիչ էր: Պատգամաւորական իր լիազօրութիւնը վար դնելէն ետք գնաց եւ ընտանիքով հաստատուեցաւ նոր ազատագրուած Լաչին եւ դիմացաւ: Հիմա Դաշնակցական չէ, բայց իր գործը էապէս Դաշնակցական է: Ահա իր դստեր՝ Շուշանի վկայութիւնը, զոր կը հրատարակենք՝ շրջանի ազատագրութեան 21րդ տարեդարձին առթիւ:

Ազատագրուած հայրենիք… ճիշդ այսպէս էին կոչում այն վայրը, ուր բնակութիւն հաստատեց ընտանիքս տարիներ առաջ: Ես դեռ թոթովախօս մի մանուկ էի եւ չէի հասկանում համեմատաբար բարեկարգ քաղաքից, ուր բնակւում էին մեր բոլոր բարեկամներն ու ընկերները, «ազատագրուած հայրենիք» տեղափոխուելու կարեւորութիւնը: Երկար քանդուած ճանապարհ, հրաշէկ հող ու փոշի… Շուրջը ամայութիւն էր, տարօրինակ շինութիւններ, հաճելի լռութիւն ու զարմանալի խանդավառութեամբ լի ինձ անծանօթ մարդիկ: Ընդամէնը մէկ ամիս անց իմ տիկնիկը մահճակալի փոխարէն «տափին» էր ննջում ու գեղեցկութեան մրցոյթում դառնում ամենա«ղաշանգ» աղջիկը, դպրոցում «կարդում էի» առաջին դասարանում, հարեւանուհուս տատիկի «վընդերն» էլ ցաւում էին:
Ահա այսպէս ներկայացաւ ինձ ազատագրուած հայրենիքը: Իսկ այսօր վերջինիս անցած ու յաղթական էջերով լի պատմութեամբ կարելի կը լինէր մի հաստափոր գիրք գրել: Որտեղից, ո՞ր էջից սկսենք կարդալ այդ գիրքը… Ուզում էք հէնց մեր Բերձորի աւերակներից, որոնց կողքով անցնում ենք ամէն օր, կամ աւելի լաւ չէ՞ այս մամռացած քարից, որը Գրիգոր իշխանաց իշխանի գերեզմանաքարն է, եւ որը գտել են Հայթաղ գիւղի վերաբնակիչները: Գուցէ Դադիվանքից … վերածնուած Ծիծեռնավանքից… վերանորոգուած աւերակներից… Թէ՞ հայկական բարբառների, աւանդոյթների ու սովորոյթների խառնարան դարձած իմ «նոր» հայրենիքից, ուր հաշտ ու համերաշխ ապրում են կողք կողքի ժնգեալով հացն ու ճխթթուն, խանգեալն ու քալագէօշը, քեավառա ռշտան (մաքարոնի տեսակ-Խմբ.) ու մարտունա կարտոլը… Եւ ո՞րն էր սկիզբը…
Մոլեգնած քամին վեր էր բարձրացնում ծառերի տերեւները եւ մեծ աղմուկով լցնում խրամատների մէջ: Շուրջը ծուխ էր… ձմեռ… պատերազմ… – Ո՞վ, եթէ ոչ ես,- ասաց պապս եւ որսորդական հրացանը ուսին գցելով տնից դուրս եկաւ: Պապս յոգնել էր զոհ լինելուց: Նա զէնքը ձեռքը վերցրեց, որպէսզի այլեւս երբեք ակօսը նետուող ցորենի հատիկին չխառնուի հայ հողագործի թափուող արիւնը: Եւ սկսուեց պատերազմը… Արթնացաւ հայ ռազմիկը. նա առաջին անգամ մայրական ճիչի փոխարէն աշխարհին լսելի դարձրեց հակառակորդի հարուածին հասցրած իր յաղթական պատասխանը: Առաջինը նա էր, որ հասկացաւ, թէ խաղաղութիւնը կարելի է նուաճել միայն յաղթանակով: Եւ այդ յաղթանակի համար շատերը զէնք վերցրին, անցան ռազմի դժուարի ու վտանգներով լի ճամբաներով, տուն դարձան յաղթանակած, հերոսացած, աւա՜ղ նաեւ անմահացան ու հանգրուանեցին իրենց ապուպապերի կողքին՝ աւելի սրբացնելով ու թանկ դարձնելով հայրենի հողը: Նրանց արեամբ արձանագրուեց հայոց կորսուած հողերի վերամիաւորման, հզօր պետութեան ստեղծման առաջին էջը… Մեղմ հովիկը վեր էր բարձրացնում ծառերի տերեւները եւ լցնում աւերակների մէջ: Շուրջը ամայութիւն էր… աշուն… զինադադար…
– Ո՞վ, եթէ ոչ ես,- ասաց հայրս եւ բահը վերցնելով տնից դուրս եկաւ:
Հիասքանչ բնութիւն ու… չորս կողմը այրուած շէնքեր, փլատակներ, մի բուռ հայեր, ում մէջ անթեղուած է հայրենասիրութեան անմար հուրը, մի բուռ քաշաթաղցիներ, ովքեր հաւատով, յոյսով ու աննկուն յամառութեամբ պատրաստ են եւ ունակ շէնացնելու արիւնով ներկուած եւ մեծ դժուարութիւններով ազատագրուած իրենց հողը:
Տարօրինակ էր Քաշաթաղը. հայրս, ով մինչ այստեղ գալը գրչից բացի ոչինչ չէր բռնել, դարձաւ միաժամանակ հիւսն եւ որմնադիր, կամրջաշինարար եւ աւտոմեխանիկ, վարորդ ու մեղուաբոյծ: Վերաբնակիչների ջանքերի արդիւնքը այսօրուայ Քաշաթաղն է՝ իր փոքրիկ, բայց շէն գիւղերով, իր նորոգ դպրոցներով, իր Բերձոր գողտրիկ «մայրաքաղաքով» ու իր քաշաթաղցիներով: Քաշաթաղի ամենամեծ հարստութիւնը հէնց քաշաթաղցիներն են: Այստեղ ապրում են մարդիկ, ովքեր պատրաստ են եւ ունակ գոյութեան պայքարի, ովքեր կռւում են բնութեան հետ եւ սանձում այն իրենց կամքով, նրանք, ովքեր տիրոջ զգացողութիւն ունեն, ովքեր արարող են:

Մեզանից շատերը հերոս, հայրենասէր են համարում միայն պատերազմի մասնակիցներին, աւելի յաճախ՝ պատերազմում զոհուածներին: Բայց հայրենասիրութիւնն ու հերոսութիւնը տարբեր կերպ են արտայայտւում. մէկը կարող է կեանքը վտանգելով նետուել այրուող տան մէջ՝ այլոց կեանքը փրկելու համար, սա ակնթարթային հերոսութիւն է, եւ կայ հերոսութիւն առօրեայ կեանքում, երբ մարդիկ՝ գիտակցաբար եւ ինքնակամ դժուարութիւնների են ենթարկւում, քաջ գիտակցելով որ դրանք այլ վայրում եւ այլ պայմաններում կարող էին եւ չլինել: Մինչդեռ կան մարդիկ, ովքեր նոյնպէս հերոս են, ովքեր կատարում են նոյն, միապաղաղ ու դժուարին գործը, այն է՝ շէնացնել ազատագրուած տարածքները: Չէ՞ որ պէտք չէ հայրենիքը սիրել միայն օրհասական պահին, այլ պէտք է այնպէս անել, որ այդ օրհասական պահը մեր դուռը երբեք չթակի, պէտք է այնպէս հզօրացնել հայրենիքը,որ թշնամին նրա սահմաններին մօտենալու մասին չհամարձակուի մտածել անգամ: Իսկ հայրենքիը վերացական հասկացութիւն չէ. այն մեր քաղաքն է, մեր դպրոցը, մեր բակը: Այն պէտք է սիրել ամէն վայրկեան: Դա նշանակում է ոչ մի վայրկեան չկորցնել այն զգացումը, որ դու քո երկրի զաւակն ես, որ դու պատասխանատու ես նրա ե՛ւ լաւ, ե՛ւ վատ օրերի համար, որ հայրենիքը քո հարազատ օջախն է, քո հարազատ ծնողը, որից ոչ թէ պէտք է անվերջ պահանջել, այլ պէտք է տալ, պէտք է անել ամէն ինչ նրան օգնելու համար:
Քաշաթաղում անդորր է: Դա այնքան զարմանալի եւ միեւնոյն ժամանակ հաճելի է, որ դրդում է քեզ մի լաւ արարքի: Տաք զեփիւռը վեր է բարձրացնում ծառերի տերեւները եւ ստիպում դրանց պար բռնել օդում: Շուրջը ծաղիկներ են… գարուն… ազատութիւն…
Վերադառնա՛նք… վերադառնանք մեր աւերակներին. վերանորոգենք դրանք: Սա կոչ է համայն հայութեանը: Ցուպը ձեռքին՝ օտար ափերում դեգերող հայը դարեր շարունակ երազել է իր հայրենիքը, հայրենի օջախից ելնող ծուխը, եկեղեցիների մամռոտ պատերը, անապակ աղբիւրների կարկաչը, սօսիների սօսափը: Նրանցից շատերը այսօր վերադարձել են ազատագրուած հայրենիք. վերադարձել են բուժելու այդ հայրենիքի սրտում վէրքի պէս կանգնած մի աւերակ, վերանորոգելու այն ու կառուցելու նորը: Նոր տունն այն տունն է, որ դարեր շարունակ ամէն տեղ աւերուելուց յետոյ վերջապէս ամուր կանգնում է հայրենի հողի վրայ: Եւ ազատագրուած հայրենիքը սոսկ տարածքը չէ, այլ՝ տարածքն իր տէրերով, նրանց ձեռքբերումներով, նրանց երեխաներով ու վերջիններիս՝ դէպի ազատագրուած հայրենիք տածած սիրով:
– Ով, եթէ ոչ ես,- պարտաւոր եմ ասել ես եւ գիտութեան լոյսը վերցնելով՝ վերադառնալ, վերադառնալ շէնացնելու պապիս շահած ու հօրս պահած Քաշաթաղը: