
Զրուցեց՝ ՏԱԹԵՒԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ
ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Սփիւռքահայ գրող, բանաստեղծ Վահան Զանոյեանի՝ «թրաֆիքինգ»ի (մարդկային առեւտուրի-Խմբ.) մասին պատմող «Հեռաւոր Մի Տեղ» («A Place Far Away») անգլիալեզու վէպի հայերէն տարբերակը լոյս է տեսել Ապրիլի 17ին: «Արմէնփրէս»ի թղթակցի հետ զրոյցում Զանոյեանը պատմեց, որ «թրաֆիքինգ»ի նման բարդ թեմային անդրադարձել է առաջին անգամ:
(Վահան Զանոյեան վերջերս փոխադրուած է շրջանս: Այս հարցազրոյցով մեր բարի գալուստի խօսքը կը փոխանցենք իրեն- «ԱՍՊԱՐԷԶ»)
«Երեք-չորս տարի առաջ փողոցում պատահաբար հանդիպեցի հայերէն խօսող մի աղջկայ, մօտեցայ, ասացի՝ «Բարեւ, հա՞յ էք»: Սկսեցինք խօսել, որի ընթացքում պարզեցի, որ աղջիկն իր կամքին հակառակ ներքաշուել է մարմնավաճառութեան «շուկայի մէջ», պատմեց վէպի հեղինակը, «դա էլ հիմք հանդիսացաւ անդրադառնալու թեմային»:
«Հեռաւոր Մի Տեղ» վէպը պատմում է 16ամեայ գեղեցիկ մի աղջկայ՝ Լարա Գալեանի մասին, ով ապրում էր Հայաստանի աղքատ գիւղերից մէկում: Ներկայացուած է, թէ ինչպէս էին նորանկախ երկրի քրէաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներն օժտուած աննախադէպ ուժով եւ օրէնքի չենթարկուելու կարողութեամբ: Հերոսներից՝ Սերգէյ Այվազեանն առաջարկում է Լարայի հօրը իր աղջկան ապահովել մոդելի յաջողակ կարիէրայով (ասպարէզով-Խմբ.) արտասահմանում: Հայրը խստօրէն մերժում է այդ առաջարկը, սակայն յետագայում հերոսուհու մայրն ընդունում է այն, ինչի հետեւանքով Լարան յայտնւում է Մոսկուայում, ապա՝ Դուբայում, որտեղից էլ սկսում են ծաւալուել վէպի իրադարձութիւնները:
Վէպի աշխարհագրութիւնն ընդգրկել է Հայաստանը, Մոսկուան, Ստամբուլը եւ Դուբայը:
Հեղինակի խօսքով՝ վէպի ստեղծման աշխատանքները տեւել են շուրջ մէկ ու կէս տարի, որի ընթացքում նա իրականացրել է սեփական ուսումնասիրութիւն՝ ծանօթանալու «սպիտակ ստրկութեան» զոհ դարձածների պատմութիւններին:
«Աղջիկների մեծ մասը կամաւոր չեն դիմել մարմնավաճառութեան, այլ, խաբուելով հազար ու մէկ խոստումներից՝ յայտնուել են օտար հողում: Նրանցից շատերը գեղեցիկ, մոդելային արտաքինով աղջիկներ են, որոնց տարբեր «յանցագործներ» ասել են. «Ի՞նչ ապագայ պէտք է ունենաք գիւղում, ձեր արտաքինով կարող էք աշխատել որպէս մոդել», եւ շատ նման այլ պատմութիւններ», պատմում է գրողը:
Նրա համոզմամբ՝ «թրաֆիքինգ»ին անդրադառնալու իր դրդապատճառներից մէկն այն էր, որ հայ հասարակութեան մէջ շատերը նախընտրում են չխօսել այս բարդ խնդրի մասին, մինչդեռ անտեսումը յանգեցնում է այդ բացասական երեւոյթի զարգացմանը: Վէպի աշխարհագրութիւնն ընդգրկել է Հայաստանը, Մոսկուան, Ստամբուլը եւ Դուբայը, որտեղ հեղինակը մի քանի անգամ հանդիպել է «թրաֆիքինգ»ի ենթարկուած կանանց հետ, երկար զրոյցների արդիւնքում ստանալով երեւոյթի ամբողջական պատկերը:
Հեղինակը դիմել է «մասնագիտական կերպարանափոխութեան»՝ հերոսուհիների հետ զրուցելու համար:
«Հաւատում եմ, որ այս պատմութիւնները բացայայտելով՝ մենք կը կարողանանք երեւոյթը մի քիչ զսպել, մանաւանդ այն յանցագործներին, ովքեր այս գործի մէջ են», ասում է Զանոյեանը: Հեղինակը թեմայի շուրջ հայկական գրականութեան շատ չի հանդիպել, սակայն իրեն մեծապէս օգնել է «Հետք» կայքի գլխաւոր խմբագիր Էդիկ Բաղդասարեանի հայ կանանց վաճառքի մասին իրականացուած «Անապատի Գիշերներում» յօդուածաշարը եւ ֆիլմը:
«Բաւական շատ հանդիպումներ եւ հարցազրոյցներ ունենալով՝ կազմեցի պատմութիւնը: «Անապատի Գիշերներ» շարքին ծանօթանալուց յետոյ շատ բան սովորեցի, մասնաւորապէս՝ թէ ինչպէ՛ս կարելի է զրուցել այդ աղջիկների հետ, քանի որ ես մասնագիտութեամբ լրագրող չեմ, եւ ինձ համար դա բաւական բարդ էր», ասաց հեղինակը: Նա անկեղծացաւ, որ անգամ եղել են հոգեբանական այնպիսի դժուար իրավիճակներ, երբ ժամանակաւորապէս դադարեցրել է աշխատանքը եւ միայն յետագայում՝ ուժ գտել այն շարունակելու համար:
Զանոյեանը «թրաֆիքինգ»ի ենթարկուած կանանց պատմութեանը ծանօթանալու համար դիմել է նաեւ «մասնագիտական կերպարանափոխութեան»՝ ներկայանալով սկզբում ոչ թէ որպէս գրող, այլ՝ հէնց այդ աղջիկների հերթական «յաճախորդը»: «Ես նրանց ներկայանում էի որպէս յաճախորդ՝ փողը վճարելուց յետոյ ասելով, որ ցանկանում եմ իրենց պատմութիւնը լսել, շատերը չէին ցանկանում պատմել, որովհետեւ իրենց հայրենիքում ընտանիքը չգիտէր իրենց գործունէութեան մասին: Ոմանք վախենում էին, բայց ես նրանց վստահեցնում էի, որ բացարձակապէս որեւէ տեղ իրենց պատմութիւնների մասին չեմ բացայայտելու, այլ զուտ իմ վէպի համար անհրաժեշտ մանրամասների եմ տեղեկանալու», նշեց Զանոյեանը:
Վէպի հանգուցալուծումը յուսադրող է:
«Թրաֆիքինգ»ի թեման ներկայացնելով՝ Զանոյեանը որպէս գրող եւ որպէս մարդ հասկացել է, որ առաջին հերթին «թրաֆիքինգ»ը յանցագործութեան ցանց է, սարդոստայն:
Նա մեծ ցանկութիւն ունի, որ իր վէպն ընթերցուի անգամ Հայաստանի ամենահեռաւոր գիւղերում, որտեղ յաճախ հէնց մարդկանց միամտութիւնն էլ յանգեցնում է յայտնուելու «թրաֆիքինգ»ի ճիրաններում:
Գրողը նշում է, որ ոչ իրենց կամքով մարմնավաճառութեամբ զբաղուող կանանցից շատերը մեծ ցանկութիւն ունեն հեռանալու այդ ոլորտից, սակայն դա դեռ նրանց տարբեր պատճառներով չի յաջողւում: Բարդ իրադարձութիւնների նկարագրութեամբ ընթացող վէպի հանգուցալուծումը, հեղինակի հաւաստմամբ, որքան էլ զարմանալի թուայ՝ յուսադրող է:
Առաջիկայում Զանոյեանը ծրագրում է գրել նաեւ վէպի շարունակութիւնը: Նա կոչ է անում տարբեր երկրների ղեկավարութիւններին ոչ թէ ուրանալ այս բացասական երեւոյթը, այլեւ պայքարել դրա դէմ, իսկ պայքարի արդիւնաւէտ տաբերակներից մէկն է իրազեկումը:
Հեղինակը մասնագիտական շրջանակներում բուռն քննարկումներից չի վախենում, փոխարէնը՝ ցանկանում է, որ իր ստեղծագործութիւնը լայնօրէն քննարկուի: «Յոյս ունեմ, որ ինչ որ չափով վէպը կը նպաստի դրական փոփոխութեան, եւ դրական տեղաշարժ կը դիտարկուի, հակառակ դէպքում չէի գրի այս աշխատանքը», յաւելեց Զանոյեանը:
Մօտ երկու ամիս առաջ, ԱՄՆում լոյս տեսած գիրքն արդէն հասցրել է գրաւել ընթերցողների ուշադրութիւնը Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Ճապոնիայում եւ մի շարք այլ երկրներում: Գրքի հայերէն տարբերակը թարգմանել է Մարինէ Պետրոսեանը, խմբագրել է Անի Փաշայեանը: Մայիսի վերջին ակնկալւում է «Հեռաւոր Մի Տեղ» վէպի հայաստանեան շնորհանդէսը: