ԱՅՇԷ ՀԻՒՐ

«Հայ երեխաներն, ովքեր թուրքերէն չգիտէին, շաբաթներ շարունակ չէին խօսում, որպէսզի չհասկանան, որ հայ են: Եթէ սերժանտներն այդ մասին իմանային, նրանց կամ կը մտրակէին կամ էլ կը ստիպէին ժամերով նայել արեւին»:
Արդէն 6 տարի է անցել, ինչ սիրելի Հրանտ Դինքին ճանապարհել ենք անմահութիւն: Ցաւով, մոլեգնութեամբ, կարօտով եւ տագնապով անցած երկար ու ձիգ վեց տարի… Հրանտ Դինքը միայն սիրելի ամուսին, լաւ հայր, սիրառատ պապիկ, «Ակօս»ի ամէն ինչ, ձախակողմեան ժողովրդավար լրագրող, զօրեղ քարոզիչ եւ գրող չէր: Նա հայ համայնքի բացայայտ խօսող, քաջ, խելացի, զգացմունքային, եռանդուն, գրաւիչ եւ յայտնի զաւակն էր, ում Ազգային անվտանգութեան քաղաքական փաստաթղթերում բնորոշել էին «պոտենցիալ (հաւանական-Խմբ.) ներքին թշնամի», Վճռաբեկ դատարանը համարել էր «օտար քաղաքացի», հասարակութեան տարբեր հատուածները տեսնում էին որպէս «մեր միջի թշնամի»: Այսպէս, օրինակ, նախքան մահանալը գրած իր վերջին յօդուածում ասել էր. «Ամէն անգամ, որպէս «թուրքի թշնամի», աւելի եմ յայտնի դառնում: Ցաւօք, արդէն շատ աւելի յայտնի եմ, քան առաջ: Աւելի շատ եմ զգում այն հայեացքները, որոնք ասում են. «Նայի՛ր, սա այն հայը՞ չէ»: Սակայն նրան միայն «դաւաճան հայ» անուանելով չբաւարարուեցինք, պետական ողջ ապարատի (գործիքի-Խմբ.) միջոցով մեր հասարակական ենթագիտակցութեան մէջ ջանասիրաբար մտցրած միւս խելացնորութիւններով համապատասխանաբար կնքեցինք «ԵՄի ծառայ», «միսիոների երեխայ», «Սորոսի երեխայ»: Մինչդեռ երբ անշնչացած մարմինը բերանքսիվայր ձգուած էր մայթին, հասկացանք, որ կօշիկի ներբանի այդ սրտմաշուկ ծակով, ըստ էութեան, տխուր «որբ» էր:
Այո՛, Հրանտը Թուզլա որբանոց ոտք էր դրել 8 տարեկան հասակում, որտեղ անց էր կացրել 20 տարի: Այնտեղ էլ ծանօթացել էր կնոջ՝ Ռաքէլի հետ, ում համարում էր «իր կեանքի խոշոր շահումը»: Այնտեղ ամուսնացել, երեխաներ էր ունեցել: Հետեւաբար պետութեան կեղտոտ ձեռքով շարունակաբար պատճառուած անհանգստութեան հետեւանքով կեանքի վերջին օրերը տագնապած «աղաւնու» պէս ապրած Հրանտ Դինքին յարգանքով եւ սիրով ոգեկոչելիս բարկութիւնս եմ աղաղակում, որ Դինքի սպանութիւնը կազմակերպողներին դեռեւս չեն բացահայտել, եւ պարտքս եմ համարում ոգեկոչել նաեւ տասնեակհազարաւոր որբերին, որոնց այս երկրի անխիղճ մարդիկ խլեցին իրենց ընտանիքներից՝ դատապարտելով դժբախտութեան:
Հալիդէ Էդիփն ու Այնթուրան Ներքին գործերի նախարարութեան՝ 1915 թ. Մայիսի 26ին մեծ վէզիրին ուղղած հեռագրով, որտեղ հրամայւում է Հայկական հարցի «հիմնարար վերջակէտ դնել», պաշտօնապէս սկսուած «Հայկական տեղահանութեան» (իմ բնորոշմամբ՝ Հայոց Ցեղասպանութիւն) ընթացքում նոյնիսկ պաշտօնական պատմագիր Քամուրան Գիւրիւնի համաձայն՝ ամենաքիչը 300 հազար հայ է սպանուել, սակայն մահացածները որոշ իմաստով «փրկուել են», որովհետեւ ողջ մնացածներին՝ յատկապէս կանանց եւ երեխաներին, մեծ տառապանքներ էր սպասւում:
Օրինակ՝ 1916 թ. Ջեմալ փաշայի ցանկութեամբ Սիրիա եւ Լիբանան գնացած գրող եւ քաղաքական գործիչ տիկին Հալիդէ Էդիփը (Ադըվար) Ստամբուլում նորաստեղծ Ֆինանսների նախարար æաւիդ բէյին ուղղած իր նամակում գրում է այն, ինչ տեսել է Այնթուրա որբանոցում, որտեղ հազար հայ որբ կար. «Անապատներում խոտ ուտելով՝ ստամոքսները փքուելուց յետոյ, ոմանք՝ մօրը, ոմանք՝ հօրը, շատերն էլ իրենց երեխաներին կորցնելուց յետոյ այստեղ են ընկել: Աւելի ճիշտ՝ Ջեմալ փաշան է այստեղ բերել: … Դրսից մի 12 տարեկան հայ աղջիկ եկաւ, ում մայրը սովից մահացել էր, իսկ հօրը իր աչքի առաջ սպանել էին, ապաստան գտաւ… Թախծոտ, մեծ աչքերը բացած՝ շուրջս էր պտտւում, պատեհ եւ անպատեհ ձեռքս համբուրելով՝ լալիս: Այգում տեղի է ունենում նաեւ մէկ այլ դժբախտութիւն: … Որդուն իր կողքին սպանելուց յետոյ յանկարծակի խօսելու կարողութիւնը կորցրած մի դժբախտ չի կարողանում տեղեկանալ, թէ միւս որդին ու ընտանիքը ուր են ընկել: Ոտաբոբիկ, աչքերում՝ կսկիծ, անդադար նշաններով գոռում է իր ողբերգութեան մասին: Երբեմն գիշերները, որդեկորոյս կնոջ նման գլուխն ափերի մէջ առած, հարուածում, հարուածում է: Ցերեկները գրելիս երբեմն ուզում եմ հեկեկալ: Վազում եմ պատուհանի մօտ, ներքեւում՝ այգում, ձեռքերն է թափահարում, որդու սրտի մէջ մխրճուած գնդակի սուլոցն է արտաբերում: Ահա նրանցից հարիւրաւոր, հազարաւորները կան: Որբանոցները լի են դժբախտ, կիսաքաղցած երեխաներով, ովքեր կորցրել են այն ամէնը, ինչը կեանքում այլեւս երբեք չի վերադարձուի»:
535՝ Շիւքրուի պատմութիւնը.
Տարիներ անց, այս երեխաներից Յարութիւն Ալպոյաճեանը, ով ծնուել է 1904 թ. Ֆընդաջըք գիւղում, հայ ազգագրագէտ Վերժինէ Սվազլեանին պատմել է Այնթուրայում տեսած վերաբերմունքի մասին. «Ծնողներիս սպանելուց յետոյ, ինձ եւ ինձ պէս անչափահաս երեխաներին հաւաքելով, տանում են Ջեմալ փաշայի թուրքական որբանոց: Իմ ազգանունը 535 էր, իսկ անունս՝ Շիւքրու: Իմ հայ ընկերն էլ ստացաւ Էնվեր անունը: Մեզ թլփատեցին: Մի շարք երեխաներ կային, ովքեր չգիտէին թուրքերէն, նրանք շաբաթներով չէին խօսում, որպէսզի իրենց հայ լինելը չհասկացուի: Եթէ սերժանտներն այդ մասին իմանային, նրանց կը պատժէին. ոտքի ներբանին 20-30-50 հարուած կը հասցնէին կամ էլ կը ստիպէին ժամերով արեւին նայել: Մեզ ստիպում էին աղօթել. անհրաժեշտ էր, որ երեք անգամ կրկնէինք՝ «Կեցցէ իմ փադիշահը» նախադասութիւնը: Մեզ թուրքական հագուստ էին հագցնում՝ սպիտակ էնթարի (երկար հագուստ, որը արաբական աշխարհում տղամարդիկ կրում են հագուստի վրայից), սեւ ջուբբէ: Մէկ տնօրէն եւ մի քանի կին ուսուցչուհի ունէինք: Ջեմալ փաշան հրամայել էր, որ մեզ լաւ նայեն, որովհետեւ շատ էր գնահատում հայերի խելքն ու ընդունակութիւնները, հաւատում էր, որ պատերազմում յաղթելու դէպքում հազարաւոր թրքացած հայ երեխաներ իրենց ժողովրդից իրենց վեր են դասելու, ապագայում իրենց աջակցելու ենք»:

Թալէաթ փաշայի օրագիրը.
1917 թ. տիկին Հալիդէի եւ Ջեմալ փաշայի առաքելութիւնը Սիրիայում եւ Լիբանանում աւարտուեց, սակայն հայ որբերի մղձաւանջը չաւարտուեց: Թալէաթ փաշայի օրագրում հայ որբերի թիւը ներկայացւում է 10,269 հոգի, որոնցից 6,768ին բաժանել են որբանոցներին, իսկ 3,501ին՝ մուսուլման ընտանիքներին: Կառավարութեան արխիւը լի է տասնեակ փաստաթղթերով, համաձայն որոնց՝ աղջիկ ու տղայ երեխաներին խլել են իրենց ընտանիքներից, ցրել այն մուսուլմանական գիւղերում, որտեղ հայեր չկային, ամուսնացրել մուսուլմանների հետ կամ տարել որբանոց եւ դաստիարակել մահմեդական աւանդոյթներով:
Պատերազմի վերջին տարիներին, քանի որ Ստամբուլում առկայ որբանոցները չեն բաւարարել, պետութիւնը բռնագրաւել եւ որբանոցների է վերածել արտասահմանցիներին պատկանող այնպիսի կառոյցներ, ինչպիսիք են Էլմադաղում գտնուող Սիոնի Աստածամօր տաճարը, Յեդիքուլէի իտալական դպրոցը, Գալաթայում գտնուող յունական վանքը, Քադըքեոյի Սենտ Ժոզեֆ դպրոցը, սակայն իթթիհադականները չեն զբաղուել տուեալ հաստատութիւններով, եւ որբանոցները կարճ ժամանակահատուածում վերածուել են անօրինականութիւնների եւ չքաւորութեան բների:
Աւելին՝ փոքր տարիքում մեծ ողբերգութեան զոհ դարձած այս որբուկներին մի փոր հացի համար աշխատեցրել են արդիւնաբերական եւ գիւղատնտեսական ոլորտներում՝ որպէս բանուոր, տներում՝ որպէս ծառայ: Օրինակ՝ Էնվեր փաշայի Քիւչիւքչէքմէջէում գտնուող ագարակ մօտ 50 հայ որբ են ուղարկել: Դիարբեքիրի նախկին նահանգապետ դոկտոր Ռեշիդ բէյի, Էնվեր փաշայի հօրեղբայր Հալիլ (Քութ) փաշայի տներում եւս հայ աղջիկ եւ տղայ որբեր են եղել: Տեղահանութիւնից մազապուրծ Պոլսոյ հայ համայնքը, քանի որ օտար միսիոներների աչքի առաջ էր, քննադատում է այս կիրառումը՝ ասելով, որ իթթիհադականները շարունակում են «մանկահաւաք»ի համակարգն ու թուրքացման քաղաքականութիւնը:
Զինադադարից յետոյ.
1918 թ. Հոկտեմբերի 30ին ստորագրուած Մուդրոսի զինադադարից 2 օր յետոյ, երբ Էնվեր, Թալէաթ եւ Ջեմալ փաշաները փախան արտերկիր, Ստամբուլի ղեկավարումն իրենց

ձեռքն առած դաշնակից պետութիւնների առաջին գործերից մէկը լինելու էր որբերի հարցը: Յատկապէս ամերիկացի պաշտօնեաներն սկսեցին ուսումնասիրել 1916 թ. ռազմական նախարար Էնվեր փաշայի գլխաւորութեամբ ստեղծուած «Կանանց աշխատեցնող բարեգործական ընկերութեան» կողմից որպէս էժան աշխատուժ կամ ծառայ երկրի չորս կողմն ուղարկուած երեխաների ցանկը եւ գտնել «մուսուլման»ի պիտակի տակ թուրք մուսուլմանների ընտանիքներում ցրուած երեխաներին:
Երբ կայսրութեան չորս ծայրերից դէպի Ստամբուլ անտէր երեխաների հոսք կար, երկու կողմերն էլ պնդում էին, թէ այդ երեխաներն իրենց են պատկանում: Մանուկների խօսած լեզուն կամ անունները հասկանալի չէին, քանի որ փոքր տարիքում իրենց ընտանիքներից հեռանալ հարկադրուած երեխաները մոռացած էին լինում իրենց մայրենի լեզուն, իսկ նրանց անուններն էլ արդէն իսկ այլոց կողմից էին դրուած լինում՝ նրանց ինքնութիւնը թաքցնելու նպատակով: Որոշ երեխաներ էլ, թէեւ տեղեակ էին լինում իրենց արմատների մասին, սակայն անցեալի դառը փորձն ի նկատի ունենալով, նախընտրում էին լուռ մնալ: Որոշ չափով հնարաւոր էր տարիքով մի փոքր մեծ տղայ երեխաների ինքնութեան ստուգումը՝ վերջիններիս թլփատուած լինել-չլինելը ստուգելով, բայց այդ մեթոդն անօգուտ էր աղջիկ երեխաների կամ տարիքով շատ փոքր մանուկների դէպքում:
Այս մանուկների համար, ովքեր փոքրիկ հասկում, ով իմանայ, ինչ տառապանքներ էին կրել, պարզ էր, որ թուրք-մուսուլման, հայ-քրիստոնեայ դաստիարակուելուց շատ աւելի նախընտրելի էր կանոնաւոր, ապահով եւ ջերմ ընտանիքում մեծանալը, սակայն ոչ ոք չհարցրեց նրանց, թէ ինչ են ուզում, չափազանց մակերեսային մեթոդներով կատարուած դասակարգման արդիւնքում ճակատագրերը, որոնք ցանկանում էին ուղղել, աւելի խճճեցին:

Bitarchfhane-ի (Չէզոք տան) ստեղծումը.
Կողմերն սկսեցին միմեանց մեղադրել իրենց համայնքին պատկանող որբուկներին «գողանալու», «փախցնելու» եւ «ձուլելու» մէջ: 1919 թ. Ապրիլ ամսին Դաշնակից պետութիւնները, տարբեր կողմերում ցրուած անտէր երեխաներին իրենց գտնուած վայրերից վերցնելով, որոշեցին նրանց հաւաքել չէզոք մի տեղ, որը ստեղծուելու էր Ստամբուլում անգլիացի զաւթիչ ուժերի հսկողութեամբ: Էդիրնէում, Բուրսայում, Քոնիայում եւ Քըրքլարելիում թողնուեցին մէկական որբանոցներ, իսկ մնացածում ապաստանած երեխաներին սկսեցին տեղափոխել Ստամբուլ: Այս կենտրոնում հաւաքուած թուրք երեխաները յանձնուելու էին Օսմանեան անվտանգութեան տնօրինութեանը, իսկ հայ մանուկները՝ Պոլսոյ հայոց պատրիարքարանին: Այդ նպատակով մի տուն վարձակալուեց Ստամբուլի Նիշանթաշ թաղամասում, որը ղեկավարելու նպատակով հիմնուեց երեք հոգիանոց մի յանձնաժողով՝ բաղկացած ամերիկացի, թուրք ու հայ անդամներից: Ժողովրդի մէջ որպէս Bitarchfhane (Չէզոք տուն) յայտնի այդ տանը նաեւ աշխատում էին երկու խոհարարներ, որոնցից մէկը հայ էր, միւսը՝ մահմեդական, ինչպէս նաեւ՝ մի հայ ծառայ ու մուսուլման դռնապան:
Երբ հասաւ Մայիս ամիսը, Դաշնակից ուժերի ոստիկանական կազմակերպութիւնն արդէն իսկ հաւաքել էր վերոյիշեալ երեխաներին եւ նոյնիսկ սկսել բերել նրանց Ստամբուլ: Սակայն բողոքներն ու երեխաների կողմերի միջեւ խնդիրները վերջ չունէին:
1920 թ. Ապրիլից մինչեւ 1921 թ. Հոկտեմբերը, երբ բողոքները մի փոքր նուազել էին, Ստամբուլում տեղանքի ուսումնասիրութիւններ կատարող «Pathfinder» ընկերութեան զեկոյցի համաձայն՝ այդ ժամանակուայ Ստամբուլի որբանոցներում եղել է 3,827 հայ, 2,798 թուրք, 1,548 յոյն, 279 հրեայ եւ 280 ռուս որբ: Բացի այդ՝ կաթոլիկ եկեղեցու որբանոցում 171 որբ կար, որոնց մեծ մասը հայ էր: Թէ երկրի միւս կենտրոններոմ որքան որբ է եղել, ամբողջական տեղեկութիւններ չկան:
1920 թ. սկսած՝ օտար հումանիտար (մարդասիրական-Խմբ.) կազմակերպութիւններն սկսեցին հայ որբերին երկրից տանել: Նախ եւ առաջ 3,000 որբ Կիպրոս տարան, որոնց, սակայն, 1921 թ. կրկին Ստամբուլ բերեցին: 1921-1922 թթ. Մարաշից, Ուրֆայից, Այնթապից, Մալաթիայից եւ Խարբերդից մօտ 12 հազար երեխայ տեղափոխեցին Սիրիա: 1922 թ. Նոյեմբեր-Դեկտեմբեր ամիսներին 15,600 երեխայ Յունաստան տարան: Այս երեխաներին յետագայում այլ երկրներ են տեղափոխել:
Քանի որ Թուրքիայում արխիւային նիւթերի մեծ մասը գաղտնի է պահւում, ուստի յայտնի չէ, թէ քանի հայ որբ է եղել: 1921 թ. Հայոց պատրիարքարանի կողմից պատրաստուած մի ցուցակի համաձայն՝ երկրի տարբեր ծայրերում «դեռեւս չփրկուած» 63 հազար հայ որբ է եղել: Եթէ այս թուից հանենք օտար կազմակերպութիւնների՝ երկրից տարած երեխաների թիւը, ապա կարող ենք ենթադրել, որ Թուրքիայում մնացել է 30,000 հայ որբ: Եթէ ուզում էք իմանալ, թէ այդ երեխաները հանրապետութեան ողջ պատմութեան ընացքում ինչեր են քաշել, կարող էք կարդալ Ֆեթհիյէ Չեթինի «Մեծ մայրս» («Մեթիս» հրատարակչութիւն, 2008 թ.) եւ Իրֆան Փալալըի «Տարագրութեան զաւակները. պարզւում է՝ տատս հայ է եղել» («Սու» հրատարակչութիւն, 2008 թ.) վէպերը, եթէ, ի հարկէ, սիրտներդ դիմանայ:
Քազըմ Կարաբեքիրի Գիւրբիւզլեր բանակը (Առոյգ պատանիների բանակը)
Այսպէս, օրինակ, ազգային պայքարի ժամանակ Արեւելեան ռազմաճակատի հրամանատար Քազըմ Կարաբեքիրը զեկոյցում գրել է, որ իր պաշտօնավարման շրջանում կայ մօտ 50,000 երեխայ, ովքեր հոգածութեան կարիք ունեն: Փաշան Էրզրումի (Կարին) շրջակայքում փողոցներից կամ էլ նրանց խնամել անկարող ազգականների մօտից հաւաքել էր տուել որբ մնացած 2000 աղջիկ, 4000ի չափ էլ տղայ երեխաների եւ տղաների կէսի միջոցով ստեղծել Gurbuzler Ordusu-ն (Առոյգ պատանիների բանակը կամ էլ Էրզրումի երեխաների բանակը): Այս մանուկներն ստացել են ռազմական կրթութիւն, անգամ դահուկորդութեան դասընթացներ անցել, նրանց մի մասն արհեստներ է սովորել Էրզրումի Եակուտիէ զօրանոցի Արդիւնաբերական դպրոցում, որը հագուստ եւ կօշիկ էր մատակարարում բանակին: Սակայն այն հանգամանքը, որով փաշան այդքան հպարտանում էր, այն էր, որ այդ երեխաները ձեռք էին բերում թուրքական գիտակցութիւն: Կարաբեքիրի խնամակալութեան տակ վերցուած տղայ երեխաների շարքում կային նաեւ հայ որբեր: Այս մանուկների մէջ ընդունակները Կարաբեքիրի կողմից ուղարկուել էին Բուրսայի նորաբաց Ըշըքլար ռազմական լիցէյ (վարժարան-Խմբ.)՝ այնպէս ներկայացնելով, թէ իբր նրանք թուրք ընտանիքների որբեր էին, իսկ մնացածները մասնագիտութիւն էին ստացել եւ կեանք մտել:
Թուրքերէնից թարգմանեց՝ ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ
«ԱԿՈՒՆՔ»