
Շուշիի Առանձնակի Գումարտակի Ազատամարտիկներու Միաւորումը (ՇԱԳԱՄ), որ կը գործէ իբրեւ հասարակական կազմակերպութիւն, Պռողեանի գիւղապետ, գումարտակի հիմնադիր անդամներէն Հրաչ Մուրադեանի սպանութեան կապակցութեամբ հանդէս եկած է հետեւեալ յայտարարութեամբ.
Այսօր հողին յանձնեցինք մեր մարտական ընկեր Հրաչ Մուրադեանին, որի նենգաբար սպանութեան լուրը ինչպէս իւրաքանչիւր ազատամարտիկի, այնպէս էլ ցանկացած հայ մարդու մօտ առաջացրել է մեծ ցաւ եւ զայրոյթ:
Դաւադիր գնդակը, ինչը կարող էր արձակուել միայն թշնամու կողմից, մեր պայքարի շարքերից ֆիզիկապէս հեռացրեց Հայոց Ազատամարտի նուիրեալներից մէկին:
Կրկին սպանուել է ազնիւ, անկաշառ, հայրենիքին ու ժողովրդին նուիրուած հայորդի:
Սա հերթական սրբապղծութիւնն է, ինչը տեղի է ունենում իշխող ռեժիմի օրօք:
Հրաչն ու մեր բոլոր նահատակները անմահ են:
ՇԱԳԱՄը հետամուտ է լինելու նախաքննութեան ընթացքին, յանցագործութեան բացայայտմանը, ինչպէս նաեւ կատարողներին եւ պատուիրատուներին օրէնքով նախատեսուած առաւելագոյն պատժի իրականացմանը:
ՇԱԳԱՄը խորը վշտով ցաւակցում է Հրաչ Մուրադեանի ընտանիքին, մերձաւորներին, հարազատներին եւ ընկերներին: