
Ես ճանաչում եմ քեզ. դու չես գաղթի, երկաթէ՛ ժողովուրդ, որին աստուածային տեսչութեամբ- վկայ քո պատմութիւնը- տրուած է առասպելական փիւնիկի՝ իր աճիւնից վերածնուելու կարողութիւնը. դո՛ւ, անմահ ժողովուրդ, որի վրայով Արեւելքի բարբարոս յորդաներն են եկել ու անցել, բայց եւ այնպէս դու կաս ու կը մնաս, դո՛ւ, քրտինքի հերոս ժողովուրդ, որի ստեղծագործ ձեռքը անդամալուծել դժուարացան անգամ Լենկթեմուրները՝ մեծ ու փոքր- դու պիտի վերաշինես ու շէնցնես քո երկիրը:
Ես ճանաչում եմ քեզ՝ չար բախտի հետ պայքարի մտած անընկճելի ժողովուրդ, խորապէս հաւատում քո մեծ ու երջանիկ ապագային եւ կարօտով ու երկիւղածօրէն համբուրում աշխատանքի մէջ կոշտացած ու սրբացած քո ձեռքը, քո հայրենաշէն ձեռքը: