
Վերաբնակեցման եւ հայրենադարձութեան «Քաշաթաղցիներ» հասարակական կազմակերպութեան կանոնադրական առաջնային նպատակն է ազատագրուած Հայրենիքի բարօրութիւնը, վերաբնակեցման խթանումը: Այդպիսով մեզանից իւրաքանչիւրն իր աւանդն է բերում հայրենիքի նուիրեալների կեանքի գնով ձեռք բերուած անեղծելի արժէքների ամրագրման համար:
Մենք յայտարարել եւ յայտարարում ենք, որ վերաբնակեցման գործընթացի արդիւնաւէտութեան համար առաջին պայմանը արդէն իսկ վերաբնակուած, ոչնչից հանրոյթ ձեւաւորած, հասարակական-բարոյական նորմեր ստեղծած, դժուարութիւնների միջով անցած եւ այդ դժուարութիւնները յաղթահարած մարդկանց, այսինքն՝ քաշաթաղցիների նկատմամբ անիրաւութիւններ թոյլ չտալն է: Այն մարդկանց, ովքեր աւելի քան մէկ տասնամեակ է, ինչ Քաշաթաղն իրենց տունն են դարձրել, մարդկանց, ում զաւակները քաշաթաղցի են ոչ միայն մտածողութեամբ, այլեւ ծնունդով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում ամենաբարձր մակարդակով յայտարարուած է եւ, մեր փորձից ելնելով, կարող ենք ասել, որ նաեւ իրականացւում է օրէնքի գերակայութեան քաղաքականութիւն: Օրէնքի առաջ պէտք է հաւասար լինեն բոլորը:
Սակայն, վերջին շրջանում Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարութեան կողմից յաճախ իրականացուել եւ իրականացւում են այնպիսի գործողութիւններ, որոնք ոչ միայն չեն գտնում հասարակութեան բարոյական աջակցութիւնը, այլեւ ապօրինի են: Որպէս հաստատում կարող ենք նշել, մասնաւորապէս.
1. Աշխատանքային օրէնսդրութեան յաճախակի խախտումները:
2. Տեղեկութիւն ստանալու մարդկանց իրաւունքի ոտնահարումը:
3. Պետութեան կողմից քաղաքացիներին յատկացուող տարատեսակ աջակցութիւնների բաշխման ընթացքը գաղտնիութեան մէջ պահելով՝ անվստահութեան մթնոլորտի սերմանումը:
Սա հարցի միայն մի կողմն է՝ իրաւական: Սակայն պակաս կարեւոր չէ նաեւ հարցի բարոյական կողմը: Բազմաթիւ դժուարութիւններ յաղթահարած մարդու համար ամենացաւալին հաւատի կորուստն է, այն գիտակցութիւնը, որ տարիների իր վաստակը կարող է քմահաճոյքով, ընտրողական մօտեցումով, խտրական վերաբերմունքով մի վայրկեանում հաւասարեցուել զրոյի, ինչն անթոյլատրելի է մեր պարագայում:
Ելնելով վերը բերուած պնդումներից, որոնցից իւրաքանչիւրը հաստատուած է ապացոյցներով, Վերաբնակեցման եւ հայրենադարձութեան «Քաշաթաղցիներ» հասարակական կազմակերպութիւնը յայտարարում է.
Քաշաթաղում ապրող իւրաքանչիւր քաղաքացի արժանի է յարգանքի՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գոյնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական յատկանիշներից, լեզուից, կրօնից, աշխարհայեացքից, քաղաքական կամ այլ հայեացքներից, ազգային փոքրամասնութեանը պատկանելութիւնից, գոյքային վիճակից, ծնունդից, հաշմանդամութիւնից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնոյթի այլ հանգամանքներից, ինչպէս նաեւ՝ ԱՆԿԱԽ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՀԵՏ ՈՒՆԵՑԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ:
Վերաբնակեցման եւ հայրենադարձութեան «Քաշաթաղցիներ» հասարակական կազմակերպութիւն