ԵՐԵՒԱՆ, «Փան Արմինիըն».– Ազատութեան հրապարակին վրայ տեղի ունեցած Րաֆֆի Յովհաննէսեանի համակիրներու հանրահաւաքին միացած է նաեւ դերասան Վարդան Պետրոսեանը: «Բարեւ», վանկատած է դերասանը ու նշած, որ ինք քաղաքական գործիչ չէ, վերլուծաբան չէ:
«Բայց որպէս մարդ, որպէս հայ մարդ ուզում եմ ասել, որ շատերի պէս ել էլ չէի հաւատում, որ այսպիսի շարժում կը ստեղծուի: Մարդիկ չեն մասնակցելու ընտրութիւններին, վախեցած էին, անտարբեր: Արաբական գարունը տեսանք ինչ փորձանքներ բերեց արաբ ժողովրդի գլխին, յանուն նրանց երջանկութեան: Տեղի ունեցաւ անսպասելի բան: Մեր ժողովուրդը, նորից ոտքի կանգնեց, մի գուցէ բնազդաբար, նորից հայեացք նետեց դէպի իր պատմական անցեալը, դէպի առողջ գենը», ըսած է Վարդան Պետրոսեան:
Դերասանը դիտել տուած է, որ լսած է որոշ մարդոց ափսոսանքը այն մասին, որ ընտրութիւններէն ետք ընթացք առած շարժումը չ՛արտօներ ըստ արժանւոյն նշել Ղարաբաղեան շարժման 25ամեակը: «Շարժումը չի նշւում մեդալների բաժանումով եւ շամպայնով: Շարժումը նշւում է շարժումով: Ղարաբաղեան շարժման նման սա ինքնամաքրման շարժում է: Տեղի է ունեցել յաղթանակի առաջին քայլը: Յաղթանակ է եղել մեր ներսում, մեր գլխում: Մենք լուռ, հանգիստ, համեստ ու անվախ տարել ենք այս յաղթանակը, այն տարածուեց աշխարհով մէկ», յայտարարած է Վարդան Պետրոսեան: Ան նշած է, որ այլեւս Մարտ 1 պիտի չըլլայ, այլ անիկա պիտի մնայ որպէս պատմութեան դառն էջ մը: «Այս շարժումը չի կրկնելու նախորդի փորձը: Գլուխդ բարձր հայ ժողովուրդ», յայտարարած է մենակատարը։
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.