
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերը Փետրուար 28ին ընդունած են համատեղ յայտարարութիւն Սումկայիթ քաղաքի հայ ազգաբնակչութեան Ցեղասպանութեան 25րդ տարելիցի առթիւ:
Ստորեւ՝ յայտարարութեան ամբողջական բնագիրը.
Սումգայիթ քաղաքի հայ ազգաբնակչութեան ցեղասպանութեան 25րդ տարելիցի առթիւ.
Այս օրերին ողջ հայ ժողովուրդը խոր ցաւով է վերապրում ուղիղ քառորդ դար առաջ՝ 1988թ. Փետրուարի 27-29ին, Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւնները, որոնց ընթացքում քաղաքի հայ ազգաբնակչութիւնը ենթարկուեց արիւնահեղ ջարդերի:
«Սումգայիթը» Ադրբեջանական ԽՍՀում պետական մակարդակով կազմակերպուած ցեղասպանութիւն էր՝ իշխանութիւնների կողմից հետեւողականօրէն ուղղորդուած հայատեացութեան տրամաբանական հետեւանք: Այն իրագործուեց ի պատասխան արցախահայութեան խաղաղ ցոյցերի եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամաւորների 20րդ գումարման մարզխորհրդի 1988թ. Փետրուարի 20ի արտահերթ նստաշրջանի ընդունած որոշման, որով Ադրբեջանական ԽՍՀ Գերագոյն խորհրդի, Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի առջեւ միջնորդւում էր դրական լուծում տալ ինքնավար մարզն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին:
Հայ համաքաղաքացիների սպանդը չարժանացաւ ադրբեջանական հասարակութեան դատապարտմանը, աւելին՝ ջարդարարները հերոսացուեցին, եւ իշխանութիւնների նախաձեռնութեամբ ադրբեջանական ժողովրդի գիտակցութեան մէջ քառորդ դար շարունակ արմատաւորուեց «հայի սպանութիւնը յանցագործութիւն չէ, այլ՝ պատիւ» մտայնութիւնը:
Սումգայիթի եղեռնագործութեամբ Ադրբեջանական ԽՍՀում սկիզբ դրուեց բնիկ հայ բնակչութեան բռնատեղահանութեանը, ինչի հետեւանքով 1988-90թթ. այդ հանրապետութեան տարածքում էթնիկական զտման ենթարկուեց աւելի քան 500,000 հայ:
Առաջնորդուելով ՄԱԿի «Ցեղասպանութեան յանցագործութեան կանխման եւ այն պատժելու մասին» համաձայնագրի դրոյթներով, մենք՝ ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերս.
– խստօրէն դատապարտում ենք Սումգայիթում, իսկ յետագայում նաեւ նախկին Ադրբեջանական ԽՍՀ ողջ տարածքում հայ բնակչութեան դէմ իրականացուած ցեղասպանութիւնը,
– վերահաստատում ենք այդ յանցագործութեան միջազգային իրաւական եւ քաղաքական դատապարտմանը հասնելու մեր վճռականութիւնը,
– վերստին դիմում ենք աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին՝ կոչ անելով միանալ Ադրբեջանում էթնիկ անհանդուրժողականութեան, այլատեացութեան, յետագայ ցեղասպանութեան կանխման ջանքերին,
– խոնարհւում ենք ազգային խտրականութեան եւ թշնամանքի զոհ դարձած մեր բոլոր հայրենակիցների յիշատակի առջեւ:
ՀՅԴ Արցախի ԿԿի անունից՝
«Դաշնակցութիւն»
խմբակցութիւն
Արցախի ժողովրդավարական կուսակցութեան անունից՝
«Ժողովրդավարութիւն»
խմբակցութիւն
«Ազատ հայրենիք
կուսակցութեան անունից՝
«Հայրենիք» խմբակցութիւն
28 փետրուարի, 2013թ.
ք. Ստեփանակերտ