ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

«Միկադօ» օպերետը նոր էջ է բացում «Լարք» երաժշտական ընկերակցութեան կազմակերպած միջոցառումների հարուստ պատմութեան մէջ: Ունենալով Տիգրան Չուխաջեանի երեք օպերետների բեմականացման նախընթացը՝ «Լարք»ը ծրագրում է ներկայացնել օպերետային ժանրի տարբեր ուղղութիւններ: Համագործակցելով «Opera a La Carte»ի հետ՝ ընկերութիւն մը, որ մասնագիտացած է Կիլպըրթ եւ Սալըվըն (համապատասխանաբար բեմագրութեան եւ երաժշտութեան հեղինակներ) զոյգի գործերի բեմակացման մէջ՝ «Լարք»ը ցուցադրում է անգլիական ամենաժողովրդականացած օպերետը: Աշխարհատարած ունկնդիրների կողմից սիրուած «Միկադօ»ն՝ իր հետաքրքրական տարազներով, անմոռանալի երաժշտական համարներով ու գլխիվայր դարձած պատմութեամբ, խոստանում է լինել չփախցուող մի ելոյթ:
«Լարք»ն իր ընտրած գործերով միշտ փորձել է ներկայացնել մշակութային եւ երաժշտական արժէքներ: Լինեն դրանք ճանաչուած դասականներ կամ փորձարարական պատուէրներ՝ ընկերակցութիւնը հաղորդել է հայկական եւ արեւմտեան կանոնների երաժշտական քննադատական ձեռքբերումները. իսկ «Միկադօ»ն՝ կազմակերպութեան տարիների երազանքն էր: Կարծւում է, որ այն պիտի տեղաւորուի ընկերային կեանքում «Լարք»ի վերածնման, վերայայտնաբերման եւ վերահաստատման այս տարում, ու պիտի տօնուի այս մեկնարկը:
Երաժշտական աշխարհի գոհարը պիտի ներկայացուի մայէստրօ Վաչէ Պարսումեանի ճիպոտի ներքոյ եւ «Opera A La Carte» օպերայի գեղարուեստական ղեկավար Ռիչըրտ Շելտընի ղեկավարութեամբ:
«Միկադօ»ն երկու արարով կատակերգական օպերետ է, որի դէպքերը տեղի են ունենում երեւակայական կայսերական Ճապոնիայում: Պատմութիւնը ծաւալւում է Նանքի-Փուի՝ Միկադոյի (Ճապոնիայի կայսր) անվիճելի ժառանգորդի շուրջ, որը պատկերացնում է իրեն իբր թափառական երգիչ, որ պիտի գտնի եւ ամուսնանայ իր սիրելի Եամ-Եամի հետ: Արծարծելով սիրոյ եւ մահուան թեմաները եւ նուրբ քննադատութեամբ պատկերելով ժամանակի անգլիական քաղաքական կառոյցները՝ Կիլպըրթ եւ Սալըվըն զոյգը միահիւսում է իրենց երաժշտական եւ գրական տաղանդները:
«Միկադօ»ն առաջին անգամ ներկայացւում է Լոնդոնի «Սավոյ» թատրոնի բեմահարթակում 1885 թուականի Մարտի 14ին: Այն ունենում է աննախընթաց յաջողութիւն եւ բեմադրւում է 672 անգամ, որ մինչեւ օրս էլ չի կորցրել իր հմայքը:
«Լարք»ի համար պատիւ է գործակցել Միացեալ Նահանգներում ունկնդրին հիացնելու 40 տարուայ փորձառութիւն ունեցող «Opera A La Carte»ի հետ, որ համատեղւում է «Լարք»ի օպերետային աւանդների հետ:
Այժմ գալիս է հարցը, թէ ինչո՞ւ «Լարք» երաժշտական ընկերակցութիւնը բեմադրում է ոչ հայ օպերետ: Պատասխանը հետեւեալն է. պէտք է ստեղծել հարթակ, որպէսզի ապագայ սերունդները հասու լինեն միջազգային մեծակերտ ձեռքբերումներին, որը կ՛ապահովի համապարփակ եւ բազմակողմանի զարգացում, հիմնականում՝ երաժշտական: Լարքը ունի շատ կողմեր, եւ հոս արւում է ամէն ինչ, որ հնարաւոր է դարձնում հաղորդակից լինել մաքուր երաժշտութեան հետ՝ թատերական, բացարձակ երաժշտութիւն, ժողովրդական երաժշտութիւն, պարարուեստ: Հիմնականում այս կատարողական մարզերի մէջ է «Լարք»ի կենտրոնացումը, եւ այս մեկնակէտով էլ բեմադրւում է այս օպերետը:
«Opera A La Carte»ի եւ «Լարք»ի մենակատարների, նրանց նուագախմբի եւ «Լարք»ի երգչախմբի հետ միաժամանակ, ելոյթին մասնակցելու են երաժշտանոցի աշակերտներ եւ աւարտականներ: Կողք կողքի բերելով տարազները, բեմայարդարումը՝ «Լարք»ը պիտի հանդիսանայ այս օպերետի արտադրողը (պրոդիւսորը):
2013 Յունուար 18-19 թուականներին, երեկոյեան ժամը 8ին, Փասադինայի «Ambassador» համերգասրահում կարելի է վայելել համաշխարհային երաժշտութեան բացառիկ այս ելոյթները:
Իսկ աւելիին համար այցելել՝ info@larkmusicalsociety.com կայքը: