
WomenNet.amի հետ զրոյցում անցնող տարին է ամփոփում ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստեանը, ում համար հասարակական ու քաղաքական ակտիւութիւնը ապրելակերպ է, որ կախուած չէ պատգամաւոր լինելու կամ չլինելու կարգավիճակից: Նա այն եզակի կանանցից էր, որ ողջ եռանդով մասնակցեց այս տարուայ խորհրդարանական քարոզարշաւին, այնուհետեւ նոյն անձնուիրութեամբ միացաւ «Օգնիր եղբօրդ» սիրիահայերին աջակցելլու նպատակով ստեղծուած նախաձեռնութեանը Ասում է, որ իրեն շրջապատող «երջանկութեան օազիսներն» են ուժ ու եռանդ հաղորդում իրեն
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- 2012 թուականն անհանգիստ տարի էր: Իսկ, թէ ե՞րբ են մեր ժամանակներն հանգիստ եղել, ես նոյնիսկ չեմ էլ յիշում: Անստոյգ ներկայի եւ անորոշ ապագայի տագնապը հաւանաբար մեր օրերի անբաժան մոտիվն է:
2012ի առաջին կէսն անցկացրել եմ ԱԺ պանգամաւորի մանդատով, երկրորդ կէսն՝ առանց: Սրանից ոչ հոգեվիճակս է փոխուել, ոչ էլ հասարակական-քաղաքական տեսակիս հոգս- յանձնառութիւնը: Ինչպէս եւ առաջ, շարունակել եմ ու շարունակելու եմ ինձ համար հաւասարաչափ սիրելի, կարեւոր ու անբաժան քաղաքական եւ մշակութային դաշտերում ծառայութիւնս:
ԷՆԶԵԼԱԱ ՄԱԿԱՐԵԱՆ.- Ինչո՞վ է նշանաւորուել անցնող տարին ձեր ընտանիքի համար, անձամբ ձեզ համար:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Այս տարի վերջապէս աւարտեցի տան նորոգումը ու տեղափոխուեցի նոր բնակարան. հեւքոտ առօրեայիս մէջ մի հոգս պակաս: Տան զգացողութիւնը կարեւոր է, ինքս ինձ հետ լինելու անձնական տարածքն է: Երջանկութեան օազիսներ կան շուրջս, որ ուրախացնում են: Ամէն օր աղօթում եմ, որ Աստուած երկար կեանք տայ ծնողներիս: Եղբօրս տղաները, որ նաեւ իմն են, շուտով բանակ պիտի գնան, աղօթում եմ, իրենց ու մեր բանակի բոլոր զինուորների համար, որ ծառայութիւնը խաղաղ ու անվտանգ լինի:
ԷՆԶԵԼԱԱ ՄԱԿԱՐԵԱՆ.- Իսկ Հայաստանի համար ինչպիսի՞ն էր տարին , որո՞նք էին, ըստ ձեզ, ամենակարեւոր իրադարձութիւնները մեր պետութեան համար:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Անցնող տարին խորհրդարանական ընտրութիւնների տեսքով ու արդիւնքներով, խորացրեց մեր երկրի բարոյական ու քաղաքական ճգնաժամը: Ճշմարիտ արժէքների փսորումը կարծես անկասելի է դարձել: Մեր յուսահատութիւնն ու անպաշտպանուածութիւնը սնող բազմաթիւ օրեր ապրեցինք` Վահէ Աւետեանի սպանութիւնը, քաղաքացիական ընդվզումի պոռթկումներ առաջացրած այլ իրողութիւններ
քաղաքական դաշտի ամլութիւն, մոլորուած եւ ապատիկ, չպաշտպանուած իրաւունքներով հասարակութիւն:
Յուսադրող կամ ոգեւորող պահէր էլ ապրեցինք, ու դրանք մշակութային, մարզական դաշտում են: Մեր ազգային արժանապատուութիւնը շոյեցին մեր շախմատիստներն ու այլ մարզիկներ
ԷՆԶԵԼԱԱ ՄԱԿԱՐԵԱՆ.- Ի՞նչ ակնկալիքներ ունէք 2013ից:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Մի շարք մշակութային ծրագրեր ունեմ. պիտի փորձեմ իրականացնել դրանք: Իսկ առհասարակ շատ եմ ուզում եմ, որ հասարակութիւնս խաղաղ ապրի, չվիրաւորուած արժանապատուութեամբ, իր հեռանկարն ու ապագան Հայաստանում տեսնի, որ ոչ մի հայ մայր չտագնապի բանակում ծառայող որդու համար:
ԷՆԶԵԼԱԱ ՄԱԿԱՐԵԱՆ.- Ձեր բարեմաղթանքները
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Ամենալաւ բաներն առջեւում են` այս փիլիսոփայութեամբ եմ ապրում: Այսպէս կեանքն աւելի տանելի է դառնում ու հայեացքդ մաքուր: Կը մաղթէի, որ իմ հայրենակիցները երբեք չկորցնէին լաւատեսութիւնը եւ չմոռանային, որ աւելի լաւ հայրենիք ու պետականութիւն ունենալու մէջ դերակատար են: