
ԶԱՐԵՀ ԱՃԵՄԵԱՆ
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» կոմիտէն վերջին տարիների սովորութեան համաձայն Կիրակի, Դեկտեմբեր 2, 2012ին Հոգեհանգիստ եւ մեծարանքի միջոցառում էր կազմակերպել կոմիտէութեան կեանքից հրաժեշտ տուած ընկերների յիշատակին:
Նոյն օրը՝ պատարագի աւարտին, Գլենդելի Ս. Աստուածածին եկեղեցում հոգեհանգիստ մատուցուեց կոմիտէութեան անցնող տասնամեակներին մահացած 45 ընկերների յիշատակին: Հոգեհանգստի արարողութիւնից յետոյ բազմութիւնը ուղեւորուեց դէպի եկեղեցու կից գտնուող «Գրիգոր եւ Մարիամ Գարամանուկեան» Երիտասարդական կենտրոնը:
Երիտասարդական կենտրոնի «Իսահակ եւ Ժանէթ Գազանճեան» սրահում համախմբուել էին հանգուցեալների հարազատները, «Ահարոնեան» կոմիտէութեան ընկերներն ու հասարակութիւնը: Ներկաները հիւրընկալուեցին սուրճով, խմորեղէնով ու պատառիկներով:
Կոմիտէի անունից Միգանուշ Մելքոնեանը միջոցառումը բացուած յայտարարելով բեմ հրաւիրեց Ս. Աստուածածին եկեղեցու հովիւներից Կոմիտաս քհն. Թորոսեանին, որը աղօթեց հանգուցեալների հոգու համար եւ շնորհակալութիւն յայտնեց «Ահարոնեան» կոմիտէին իր ունեցած մտայղացման եւ միջոցառումը կազմակերպելու համար: Ապա Մ. Մելքոնեանը յայտարարեց, որ այսու յետ իւրաքանչիւր տարի այս առիթը պէտք է օգտագործուի մեր հանգուցեալ ընկերների եւ իրենց կատարած գործի հետ ծանօթանալու համար եւ ապա, նոյն առիթով, բեմ հրաւիրեց Ահարոնեան կոմիտէութեան երիցագոյն ընկեր Ներսէս Տէր Յարութիւնեանի որդի դոկտ. Արմէն Տէր Յարութիւնեանին:
Ընկ. Ներսէս Տէր Յարութիւնեանը յիրաւի համարւում է «Ահարոնեան» կոմիտէութեան երիցագոյն ընկերը, քանի որ նա ապրել է աւելի քան 100 տարի: Նա ծնուել է 1902 թուականին Իրանի Արաք գաւառի Ազնայ գիւղի ազգանուէր ու աւանդական մի ընտանիքում: Լինելով աւագ քահանայ Յարութիւնի թոռը հէնց ընտանեկան մթնոլորտից սերտել է հայկական արժէքները, սովորել է հայոց լեզուն ու դարձել է հաղորդ հայոց լեզուին, գրականութեան ու պատմութեան հետ: Աշակերտել է մեծանուն յեղափոխական Խորէն վարդապետին եւ 1925 թուականից անցել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերը:
Իր որդի Ա. Տէր Յարութիւնեանի վկայութեամբ իր կուսակցական կեանքի ու գործունէութեան նկատմամբ եղել է ծայր աստիճանի գաղտնապահ. «Մինչեւ անգամ մայրիկս չգիտեր նրա կեանքի մասին, երեւի այն օրերի պահանջն այդ էր», աւելացնում է դոկտ. Տէր Յարութիւնեանը: Ազգային եւ համայնքային կեանքին իր բերած մասնակցութիւնը սկսել է Արաքի շրջանից, ուր անդամակցել է դպրոցական եւ եկեղեցական խորհուրդներին: Նոյն ընթացքը շարունակուել է, երբ 1952 թուականին ընտանիքով փոխադրուել է Թեհրան: Թեհրանում իր ներգործօն մասնակցութիւնն է ունեցել Հայ Մշակութային «Սիփան» միութեան հիմնադրմանը, որը մինչեւ այսօր հայեցի շնչով ու ոգով է դաստիարակում հայ սերունդներին: Թեհրանում եղած տարիներին անդամակցել է Թունեան ազգային դպրոցի հոգաբարձութեանը եւ մասնակից է եղել դպրոցի վերակառուցման աշխատանքին: 1990ին իր ընտանիքի պնդումով ինքը եւս փոխադրւում է Միացեալ Նահանգներ: 90 տարեկանի սեմին կանգնած ընկերը շարունակում է իր կուսակցական կեանքը Գլենդելի «Ահարոնեան» կոմիտէութեան շարքերում մինչեւ Դեկտեմբէր 2, 2002 թուականը, երբ կնքում է իր մահկանացուն: 2000 թուականին «Ահարոնեան» կոմիտէութիւնը իր հիմնադրման 25 ամեակին նշել է նաեւ իր վաստակաշատ ընկերոջ կուսակցական կեանքի 75 ամեակը: 77 տարիների նուիրուած ծառայութիւն ազգին ու հայրենիքին ու իր պատկանած կուսակցութեանը՝ ահա ընկեր Ներսէս Տէր Յարութիւնեանի կեանքի ամփոփ ներկայացումը: Ա. Տէր Յարութիւնեանը իր խօսքերն աւարտեց հետեւեալ բառերով. «Նա ապրեց աւելի քան 100 տարի, եւ իրենից մնացել են 6 զաւակներ ու 32 թոռներ, որոնք հետեւում են իր պատգամին՝ միշտ հաւատարիմ մնալ Հայոց առաքելական եկեղեցու հաւատամքին եւ Դաշնակցութեան գաղափարներին: Ես շատ հպարտ եմ, որ Դաշնակցութեան զինանշանը կրող այս բեմից այսօր խօսում եմ իմ հայրիկի եւ ձեր կուսակցական ընկեր Ներսէս Տէր Յարութիւնեանի մասին: Իմ խորին շնորհակալութիւնն եմ յայտնում Ահարոնեան կոմիտէի բոլոր ընկերներին, որոնք այսպէս յարգում են իրենց աւագ ընկերների յիշատակը»:
Յայտագրի վերջին բաժնում Վահէ Պօզոյեանը «Ահարոնեան» կոմիտէի անունից ողջունեց ներկաներին եւ նշեց, որ այս միջոցառումը նոյն բովանդակութեամբ պէտք է շարունակուի եւ իւրաքանչիւր տարի պէտք է ներկայացուեն մեր ընկերներից քանիսը: Յուշերի փոխանակման առումով կոմիտէի ներկայացուցիչը մի գաղտնիք բացայայտեց Ներսէս Տէր Յարութիւնեանի վաղ տարիքի գործունէութիւնից, որն անակընկալ էր նաեւ իր իւրայինների համար: Վերջում Միգանուշ Մելքոնեանը շնորհակալութիւն յայտնեց յատկապէս հանգուցեալ ընկերների հարա-զատներին իրենց մասնակցութեան եւ ներդրումին համար:
Միջոցառման ընթացքում սրահի պաստառի վրայ սահիկներով ցուցադրւում էին հանգուցեալ ընկերների անունները եւ հետեւեալ կարգախօսը՝ «Մեզ միացնողը Դաշնակցութիւնն է»: