ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Երբեմն մտածում եմ, թէ Հայաստանի հասարակական-քաղաքական կեանքում էլ ի՞նչ պիտի կատարուի, որ անկանխատեսելի ու անբացատրելի լինի կամ կարողանայ զարմացնել:
(Չկարծէք, թէ չեմ գիտակցում, թէ անհատի ու յատկապէս հասարակութեան համար որքան ամայացնող է զարմանալու յատկութիւնը կորցնելը):
Նոյնքան էլ չենք զարմանում կամ անակնկալի գալիս նաեւ, երբ հայաստանեան իրողութիւններին քաղաքական, սոցիալական, մշակութաբանական կամ բարոյական գնահատականներ են տրւում:
Գրեթէ ամէն ինչ ասուած է եւ վաղուց. ըստ էութեան ախտորոշման ու վերլուծութեան պակաս նոյնպէս չկայ: Յոռետեսութիւն, յուսահատութիւն, արտագաղթ, անտարբերութիւն, ընտրակաշառք, կոռուպցիա, քաղաքական ու բարոյական ճգնաժամ, ոչ լեգիտիմութիւն (օրինականութիւն-Խմբ.), քաղաքական ինստիտուտների արժէզրկում, անկայուն հասարակութիւն… Այսպիսի գնահատականններով ու վերլուծութիւններով տարիներ շարունակ լիքն է հայրենի մամուլն ու քաղաքական միտքը: Նունիսկ վտանգաւորօրէն լիքը, որովհետեւ յամառ ու կենսունակ ախտորոշման, իսկ որոշ քաղաքական ուժերի համար նաեւ անփոփոխ քաղաքական օրակարգի պայմաններում, երբ նոյն յամառութեամբ էլ աննահանջ են մնում խնդրներն ու էլ աւելի են թանձրանում հարցերը, տեղի է ունենում անենասարսափելին` մեռնում կամ արժէզրկւում են գաղափարներն ու հասարակութիւնը դառնում է ընդամէնը յուսալքուած հաւաքական դիմանկար` առանց նեարդի, առանց գրգիռի ու տեսլականի, երբ հայրենիքը սոսկ աշխարհագրական կոօրդինատ է, որի նկատմամբ ոչ պարտք ունես, ոչ պահանջ, ոչ էլ` յանձնառոթիւն:
Անցնող կիրակի ազգային ժողովի թափուր տեղերի համար մեծամասնական ընտրակարգով ընտրութիւններ էին Երեւանում եւ Գիւմրիիում:
Երեւանի Աւան թաղամասում, տխրահռչակ Ռուբեն Հայրապետեանի հրաժարականից յետոյ, պատգամաւորական մանդատի համար պայքարում էր «ժառանգութիւնից» Ստեփան Սաֆարեանը` նախորդ խորհրդարանի ամենաակտիւ ընդդիմադիրներից մէկը, տասնեակ օրէնքների հեղինակը, հանրային, բնապահպանական ու քաղաքաշինական բոլոր նախաձեռնութիւնների ակտիւ մասնակիցը, միջազգային պատուիրակութիւններում Հայաստանի շահը նուիրումով ու բարձր պրոֆէսիոնալիզմով պաշտպանած եզակիներից մէկը: Շատերն էին փայփայում այն միամիտ յոյսը, թէ իշխանութիւնները «կը թողնեն», որ Սաֆարեանն անցնի, թէկուզեւ նախագահական ընտրութիւնների նախօրեակին ժողովրդավարական «թօզ» փչելու համար, թէկուզեւ միջազգային կառոյցներին ապացուցելու համար, որ Հայաստանում ընդդիմութեան կամ այլընտրանքի փոքրիկ լուսանցք այնուամենայնիւ կայ:
Եւ եղաւ ինչպէս միշտ. Ստեփան Սաֆարեանը հաւաքեց 3000 ձայն, իսկ իշխանութեան թեկնածուն, որին ընտրողներից ոչ մէկը դէմքով անգամ չգիտէր եւ, որի միակ խաղաթուղթն ու քաղաքական հմայքը գործող քաղաքապետի աներձագ լինելն էր, իսկ գաղափարական հաւատարմութեան ու պատկանելութեան ռեսուրսը կոստիւմի օձիքին ՀՀԿականի նշան ունենալը, 18000 ձայնից աւելի հաւաքեց: Եւ ամենակարեւորը, եւ ոչ մի ընտրակեղծիք: Ես չեմ զարմանում. այն, որ Հայաստանը վաղուց բդեշխութեան է վերածուել ու մեծամասնականով ընտրւում են տարածքային բդեշխ-օլիգարխները, նորութիւն չէ:
Գիւմրիիում ձայների ջախջախիչ մեծամասնութեամբ դարձեալ «ընտրուեց» իշխանութեան ներկայացուցիչը: Այն Գիւմրիում, ուր հանրապետութիւնում աղքատութեան ամենաբարձր տոկոսն է` 40%-ից աւելի եւ ուր ամենաբարձրն է նաեւ արտագաղթի ցուցանիշը: Եւ ոչ մի խախտում: Ես էլի չեմ զարմանում, բայց չեմ կարողանում նաեւ ինքս ինձ մեղադրելով` հարց չտալ` մեր ժողովրդի մէջ այսքան համակերպուած ծառայ ու հանդուրժող, այն էլ անկախութեան 22 տարիներին, ինչպէ՞ս ծնեցինք, մարդկային, քաղաքական ու հոգեբարոյական այս բեռով ո՞ւր ենք գնում:
Խաղի այսպիսի կանոններ սահմանածների համար պետութեան եւ իշխանութեան որակներն անկարեւոր, գուցէ եւ չգիտակցուող արժէքներ են: Նրանք լուծում են իշխանութիւն պահելու այսրոպէական խնդիրը: Իսկ «ընտրուած» երկուսն, ինչպէս խորհրդարանում այսպիսի տասնեակներ, մէկ հիմնական դեր ունեն, նրանց միակ արժանիքը` հնազանդ լռութիւնն է ու հանրապետութիւնում աղքատութիւնն ու արտագաղթը խթանող, բարոյական ու քաղաքական ճգնաժամը խորացնող օրէնքների քուէարկութիւնը:
Իսկ ժամանակը վիճակագրի յանձնառութեամբ արձանագրում է հայաստանեան համայնապատկերի հերթական էպիզօդը (դրուագը-Խմբ.): Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի մականունաւոր բդեշխներից մէկի` Թոխմախի Մհերի թիկնապահները ծեծել են երկու երիտասարդի, որոցից մէկը Երեւանի Ստանիսլաւսկու անուան թատրոնի դերասան է:
Անցնող կիրակի միայն ընտրական չէր, անցնող շաբաթավերջ Հայաստանում էր նաեւ Եւրապառլամենտի ամենամեծ խորհրդարանական խմբակցութեան` Եւրոպայի Ժողովրդավարական կոսակցութեան պատուիրակութիւնը. այն նոյն ԵԺԿի ղեկավարութիւնը, որին տարօրինակօրէն անդամակցում են գաղափարական ու արժէքային տարբեր բեւեռներ ներկայացնող Հայաստանեան երեք կուսակցութիւններ` ՀՀԿն, ՕԵԿն ու Ժառանգութիւնը: Հայաստանում ընտրական գործընթացները կազմակերպւում են միջազգային չափանիշներին համահունչ, առանց էական խախտումների. բարձրաձայնում են ժողովրդավար եւրոպացիները:
Միջազգային յարաբերութիւններում կրկնակի ստանդարտներին (չափանիշներու-Խմբ.) սովոր եւ զարմանալու յատկութիւնը գրեթէ կորցրած Հայաստանի քաղաքացու համար ոչինչ չասող, զաւեշտական ու անպտուղ գնահատական:
Իսկ Հայաստանում, այնուամենայնիւ, թէեւ քիչ, բայց կան կողմնորոշուած քաղաքացիներ, (թէկուզ Աւանի այն 3000ը), որոնք խաղի կանոնը փոխելու յամառութիւն ունեն ու նրանց ուղենիշը երկիր-հայրենիքի նկատմամբ տիրոջ յանձնառու պատասխանատուութիւնն է:
Ի դէպ անցնող կիրակի նաեւ ստալինեան (1936թ.) սահմանադրութեան օրն էր, իսկ այդ սահմնանադրութեամբ երաշխաւորւում էին խօսքի եւ հաւաքների ազատութիւնները, նաեւ ազատ ընտրութիւնները: