ԱԲՐԱՀԱՄ ԱՆՊԱՐՏ

Անեղծելի անհատներն են
Մարդ-էութիւն բնականը՝
Ճշմարտախոհ-բանականը:
Որոնց… հերթով վերացնում է
Բնապղծման ձեւաբանը,
Որ գովերգուի ձեւականը
Որպէս մտքի հասունացման
Անզուգական էականը,
Որ պահպանուի խեւաբանը
Որպէս միակ էաբանը:
………………….
Մաքրապղծում Թէ՞… Պատրանքազերծում
Երբ միտքն են կեղծում՝
ԲԱՆ չեն ստեղծում,
Մաքրայնութիւնն են կեղծութեամբ պղծում՝
Դոգման փրկելու՝
Մարդուն հերքելու պատրանքին լծում,
Որ մարդ չունենայ…
Ինքնուրոյն մտքի ուրոյն առկայծում:
Մաքրապղծում թէ՞… պատրանքազերծում:
Կանգունները ՉԵՆ ԿՔՈՒՄ
Կարօ, Գաբօ քեռիներիս
Մարդիկ անեղծ ընթացքում
Կեղծմտութիւնն են հերքում,
Չարչին… գաղտնի միտումով
Ընթացուղին է թեքում:
Կեղծ ընթացքում մոլորուած
Անկեղծութիւնն են լքում,
«նոր գիտութեամբ» տոգորուած
Չարչու դիմաց են կքում:
Կքուածները ակամայ
Կեղծութիւնն են գովերգում,
Քանզի… չարչին, գաղտնօրէն,
Բուն էութիւնն է բեկում:
Կանգունները, ինքնարթուն,
Ինքնեղութիւնն են փրկում
Եւ մաքրագործ կեցութեամբ
Չարչիութիւնն են հերքում:
………………….
Անեղծելի մեծերը
Ինքնութիւնը չեն լքում,
Քանզի անեղծ էութեան
Կանգունները չե՛ն կքում:
………………….
Կատարողները
Գիտելիքով են իրենց խելք կարծում,
Մտածողները՝ գիտելիքների
Ճիշդն ու սխալը զանազանելով:
………………….
Ծիծաղ Եմ Կարդում…
Թէ ով է կրկնում եւ զուարճանում
Կեղծաբանութեան խաղերով քարթու
Եւ ով է անեղծ իր բուն մաքրութեամբ
Պահել-պահպանել
Մաքրայնութիւնը բնական մարդու:
………………….
ԻՆՔՆԱԽԱԲՈՒԹԵԱՆ Զոհը
Ով քօղարկում է իր խելքի բացը,
Նա չէ խելացին կա՛մ զարգացածը,
Քանզի հերքում է սխալն ընդունող՝
Միտքը զարգացնող առաջընթացը:
………………….
Մաքրախափանում
Խելացիութեան մրցակցութիւնը
Անկեղծութիւնն է իր հունից է հանում,
Քանզի մաքրախոհ՝ մարդկայնախոնարհ
Փոխըմբռնումն է արմատահանում:
………………….
ԻՆՔՆԱՓՐԿՈՒԹԻ՞ՒՆ ԹԷ՝ Ստրկութիւն
Ով լքում է անեղծ միտքն իր մարդկայնամիտ,
Նա դառնում է իր տիրոջ պէս ունայնամիտ,
Քանզի արդէն նա պաշտում է իր բնական
Միտքը հերքող փուչութիւնը խաւարամիտ:
………………….
Թմրապատում
Մտածելն են խարխափում՝
Կատարելն է զարգանում,
Անգիտակից «արթնութեամբ»
Թմրութիւնն են պահպանում:
………………….
Ոչ թէ չարն է խելացի,
Այլ բարին է թմրամիտ՝
Երբ կարծում է թէ չարն էլ
Ունի թէ խիղճ եւ թէ սիրտ:
………………….
Երբ փոխում են ինքնութիւնը՝
Մարդը մարդուն չի սատարում,
Քանզի արդէն էափոխուած՝
Չարիքի գործն է կատարում:
………………….
մա՛րդն է պահպանւում՝
Երբ իր պարզ միտքը
Օտարի մտքով չի ապականւում:
………………….
Անեղծ ուղեղը
Սէրն է պահպանում:
Եղծուած ուղեղն է
Կեանքն ապականում:
………………….
Բնական կեանքը՝
Մարդն է պաշտպանում,
Արհեստականը՝ բացիլակիրը:
………………….
Կեանք, ԹԷ՞… ՏԻԿՆԻԿԱՅԻՆ Թատրոն
Մաքրախոհութեան ինքնակեցութիւն՝
Մարդկայնաբարոյ անսասանութիւն:
Կեղծասփռութեան բռնակացութիւն՝
Անճարակ մտքի դերասանութիւն:
………………….
Կատարողներին մտածել է պէտք,
Մտածողներին՝ ինքնակեց մնալ,
Որ անխոհակալ կատարողները
Չդառնան մարդկանց գլխին բռնակալ:
…………………..
Անեղծն է միայն անշեղ մտածում:
Շեղուածը, արդէն, չի էլ տարբերում
Թէ ո՞րն է իրօք առողջ մտածում
Եւ որը էտուած մտքի առկայծում:
………………….
Պարզաբանում
Սխալն ուղղում են,
Շեղումը՝ բուժում,
Որ մարդն արթնանայ ու մեկնաբանի
Նախապաշարման մտածումները
Դաջուած իր գլխում,
Թէ ինչո՞ւ է մարդն անդադար տուժում,
Երբ մարդկայնափոխ խաղն է հանդուրժում
Եւ բացայայտի.
Ծրագրաւորուած շեղումը որպէս՝
Աննենգ վրիպում, անմեղ սխալմունք
Ներկայացնելու
Քօղաբանութեան խաղը ուխտադրուժ,
Որ չպահպանուի էապղծումը
Որպէս խելացի՝ անբեկան մի ուժ:
………………….
Մտորման Չափանիշ
Ով կարող է խաբէութեան
Ճզմասալին դիմանալ
Նա՛… կարող է… մարդ մնալու
Ունակութեամբ հիանալ:
………………….
Բնական մարդը մարդն է պաշտպանում,
Արհեստականը՝ իշխանատէրը,
Բնական մարդը խիղճ է խոստանում,
Արհեստականը՝ իշխանի բեռը:
………………….
Բնական մարդը
Ընկեր է մարդուն:
Արհեստականը՝
Քարոզ է կարդում:
………………….
Արհեստականը…
Բնական մարդու շարունակութիւն
Չի՛ կարող լինել:
«Վեր»-ա-փոխւում է մարդը իրական՝
Ապականւում է կեանքը բնական:
Արհեստականը…
Բնական կեանքի շարունակութիւն
Չի՛ կարող լինել:
………………….
Մտածումներիս գոյութիւն տալիս
Մարդու ցաւով է իմ հոգին լալիս,
Երբ չար խմբերը համախմբւում են
Տոկունութիւնս տեղի չի տալիս:
………………….
Ինչքա՜ն նոր բերք տուեց մէկը՝
Պահպանելով կեանքի յոյսը,
Ինչքա՜ն նոր տուն քանդեց միւսը՝
Պնդելով թէ… ինքն է լոյսը:
………………….
Դուռ է բացում մի նոր յոյսի,
Որ մարդ չապրի առանց լոյսի,
Որ այլեւս մարդն անուրոյն
Չխորտակի կեանքը միւսի:
………………….
Փոխուած ուղեղում՝ եղծուած ուղեղում,
Ծիծաղի հիմքը այլ նստուածք ունի…
Անեղծ ծիծաղի… հաճոյքը շոյող
Հոգին փայլեցնող հմայքը չունի:
………………….
Երբ նա այցելեց
Մարդկութեան թաղը
Երեսին թթուեց
Ծիծաղի խաղը:
………………….
Կիսածիծաղ՝ կեղծածիծաղ,
Խաղում են խաղ՝ ապրում են կաղ:
Մաքրածիծաղ՝ կենսածիծաղ,
Ապրում են տաղ, հոգով խաղաղ:
………………….
Մտածողութեան Հարթակներ
Խիղճ, սէր, մարդ… եւ՜…
Գրպան, կիրք, փոր:
Ամէն մի հարթակ ունի մակարդակ,
Որտեղ պարզւում է՝
Մա՞րդ է նա ատակ եւ ողջահասակ,
Թէ՞… գրպանի ու… փորի հարթակում
Մարդն իր մէջ կորած մի անբովանդակ՝
Չար տարատեսակ, լպիրշ աւազակ:
………………….