ԹԱԳՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ
Երեխաները մեր վաղուան օրն են, մեր ապագան, եւ պէտք է գուրգուրանք նրանց:
Այս ազնիւ նպատակով, «Լարք» հաստատութեան ներքոյ, 8 տարի առաջ ստեղծուեց «Թագուհի» ամառնային ճամբարը, որ դարձել է «Փոքրիկ Հայաստան» մը, որտեղ Մեսրոպեան հանճարեղ հայերէնով անվերջ թեւածում է հայ երգն ու բանաստեղծութիւնը, Կոմիտասեան շունչն ու ոգին:
Մանկութեան աշխարհը մեծագոյն առեղծուածն է՝ անարատ ու գրաւիչ, մաքուր առեղծուածային երեւոյթ: Ի՞նչն է աւելի ջինջ մանկական լուսէ արցունքից, աւելի անուշ, քան նրա մարմնի կաթնահամը, աւելի առինքնող, քան նրա անմեղ հարցասիրութիւնը: Այդ հրաշք, թանկագին մանկիկներին բազմաթիւ ծնողները, 8րդ տարին լինելով՝ վստահում են «Լարք»ի «Թագուհի» ամառնային ճամբարին, որտեղ իւրաքանչիւր Ուրբաթ կազմակերպուող հանդէսներում հնչող մանուկների երգն ու խօսքը, պարն ու ստեղծագործ մտքի աշխատանքները վկայում են այն հսկայական, շօշափելի աշխատանքի մասին, որ կատարւում է այստեղ, հմուտ ու նուիրեալ մանկավարժների կողմից:
Վաղ առաւօտեան ժամը 7:30ին մինչեւ 8ը, մենք սիրով եւ ուրախութեամբ ընդունում ենք մանկիկներին՝ ժիր ու կայտառ, ծիծաղկոտ, խոհուն, երչկոտ, լուռ, երբեմն՝ թախծոտ աչքերով:
Ասմունքի, երգի, նկարչութեան, ձեռքի աշխատանքի, թատրոնի, պարի, ճատրակի դասարաններում երեխաները հաղորդակցւում են արուեստի տարբեր ճիւղեի հետ՝ հարստացնելով նրանց ներաշխարհը, զարգացնելով մանկիկների մտահորիզոնը, ճաշակը, ճանաչողական հետաքրքրութիւնը, երեւակայութիւնը:
Պարոյր Սեւակի, Համօ Սահեանի, Սիլվա Կապուտիկեանի, Աւետիք Իսահակեանի, Շիրազի բանաստեղծութիւններըից, Ստ. Լուսիկեանի, Կոմիտասի, Տիգրան Մանսուրեանի երգերի, Սարեանի ու Մինասի գոյների միջոցաւ մեր ցանկութիւնն է կերտել նրանց հայեցի եւ ազնիւ նկարագիրը: Այս ամէնը կատարում ենք սիրով, համբերութեամբ, նուիրումով:
Ճամբարում, բաց մտքի եւ հոգու լուսաւորութիւնից, երեխաների համար ստեղծուած է ազգային անհատականութիւնը զարգացնող օգտակար միջավայր: Այս է պատճառը, որ իւրաքանչիւր դասարանից դուրս յաճախ կարող ես լսել հայերէն բանաստեղծութիւններից տողեր կամ հայերէն երգերից հատուածներ:
Կեանքիս առաքելութիւնը համարելով հայ մանուկների հայ պահելու գործում իմ ներդրումը ունենալը՝ յաճախ եմ յուզւում, երբ երեխաները կարողանում են արտասանել հայ գրականութեան քանքար բանաստեղծութիւնների գերակշռող մասը, սիրով եւ ճշգրիտ առոգանութեամբ:
Օգոստոս 17ը «Թագուհի» ճամբարին վերջին օրն էր: Սիրոյ եւ բերկրանքի եզակի տօն էր «Լարք»ում: Երեխաները զարմացրին աւարտական հանդէսի ներկաներին՝ արտասանելով իրենց սորված 25-30 բանաստեղծութիւններից 7ն, իսկ անհատական ելոյթներ ունեցան Մայքըլ Փեսնիլեանը ու Էնթընի Առուշանեանն: Բանաստեղծութիւններ արտասանեցին նաեւ չինացի երկու եղբայրներ՝ Քենի եւ Քրիս Չուանները, որոնց հայերէնով հնչող հայ բանաստեղծութիւնների պատգամներով յաճախ են աւարտել մեր հանդէսները:
Անշուշտ այս երեխաների համար գեղագիտական կրթութեան հետ միասին ապահովուած է սնունդը: Այստեղ նրանք նախաճաշում են, ունենում են ակրատներ, ճաշում են, բոլորը՝ պատրաստուած «Լարք»ի նուիրեալ Իշխանուհի Պետրոսեանի հմուտ ձեռքերով:
Որպէս տնօրէնուհի՝ «Թագուհի» ճամբարին, որը ի հպարտութիւն եւ ի պատիւ ինձ՝ կրում է իմ անունը, ուզում եմ շնորհակալութիւն յայտնել բոլորին: Նախ՝ ծնողներին, որոնք գնահատելով ճամբարի իւրօրինակութիւնը՝ իրենց զաւակներին ուղեկցում են մեր ճամբարը:
Շատ գնահատելի են նաեւ բոլոր մանկավարժների՝ Նարինէ Թադէոսեանի, Նունէ Ալավերդեանի, դոկտ. Կարինէ Աւագեանի, Էլնա Բորդիժանի, Փօլեթ Զաքարեանի, Յարութ Արզումանեանի, տէր եւ տիկին Վարդգէս ու Իշխանուհի Պետրոսեանների եւ բազմաթիւ կամաւորների աշխատանքը: Անոնց նուիրեալ եւ հոգատար աշխատանքի շնորհիւ, այս տարի եւս «Թագուհի» ամառնային ճամբարը աւարտեց իր գործունէութիւնը:
Ամենամեծ շնորհակալութեան արժանի է Վաչէ Պարսումեանը՝ «Լարք»ի հիմնադիր առաջնորդը, որ հնարաւորութիւններ ստեղծել է այս օտար ափերում, հայ մանուկներին հայ պահելու եւ ազնիւ նկարագիր փոխանցելու համար:
Սիրելի երեխաներ, մենք ձեզ կարօտում ենք, բայց նաեւ ուրախ ենք, որ ճամբարը մնալու է ձեր յիշողութեան մէջ, որպէս գեղեցիկ հեքիաթ: Յաւերժ ժպտացէք աշխարհին՝ գեղեցկատես ծաղկունք դարձած: Ապրէ՛ք հայերէն, շնչեցէ՛ք հայերէն: Դա է մեր լինելիութեան խորհուրդը: