ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Աղօթում եմ «գցողների» հոգու համար, ասաց միջահասակ կինը, որ Գլենդէյլի եկեղեցում մոմ էր վառել, ու մրմնջում էր: Եւ արդեօք կարիքը ունե՞ն նրանք ձեր աղօթքների, նրան հարցրի: Այն էլ ինչպէս, պատասխանեց:
Հաւանաբար գրական որեւէ բառարանում այս բառի իմաստը չէք գտնի, բայց շատերդ գիտէք, թէ ժողովրդի լեզուով ասած, սրանք այն մարդիկ են, ովքեր խաբէութեամբ կամ ուժով (կամ էլ երկուսի ճամբով) տիրանում են մէկ այլ մարդու, խմբի, ընտանիքի ունեցուածքին, դրամ են շորթում:
Գցողների բազմաթիւ տեսակները կան՝ քծնող, «ղօչաղ», հնարամիտ, մեծ ու փոքր մասշտաբների: Բայց նրանց միաւորում է ուրիշի ստեղծածին տիրանալու ձգտումը, որ երբեմն վերածւում է մոլուցքի:
Վստահ եմ, ինքներդ էլ գիտէք շատ շատերի, ում «աչքաբացութեան» արդիւնքում անհատներ կամ խմբեր յայտնուել են մեծ ու փոքր կորուստների առջեւ, գուցէ եւ նրանցից ոմանք կարդում են այս յօդուածը: Այսպիսիները ազգութիւն ու կրօն չեն ճանաչում: Նրանք հիմնականում գործում են միամիտների շրջանակում եւ հիպնոսացնելու իւրայատուկ յատկանիշով են օժտուած: Աւելի ճիշդ, մարդկանց մէջ շատ են այնպիսիները, ովքեր չափազանց հակուած են խաբուելու, հիպնոսանալու:
Բացատրեմ: Եթէ կալուածի արժէքը 2 միլիոն դոլար է, ինչպէ՞ս կարող է այն 7 հարիւր հազարով վաճառքի դրուել: Բայց մարդիկ հաւատում են, թէ ինչ որ մէկը «բարձր տեղերում» ծանօթութիւն ունի, եւ իր յատուկ կապերի միջոցով կարող է լաւ պատառիկներ գտնել, պարզապէս հիմա, այսօր, այս պահին դրամ է պէտք ճարել, որպէսզի առիթը բաց չթողնուի: Միամիտ մարդիկ պարտք են անում, փողը տալիս են «հնարամիտ» նոր ծանօթին, ով մի քանի հոգուց դրամը վերցնում է, մի քանի ամիս քէֆ անում, իսկ վերջում պարզւում է, որ իբր թէ «գործարքը» չի ստացուել, իսկ փողերը չկան: Եւ այսպէս «գցուած» գումարի թիւը տատանւում է, մի քանի տասնեակ հազարից մինչեւ մի քանի միլիոն:
Մեր համայնքում այս մենաշնորհը որեւէ մի տեսակին չի պատկանում, նման խարդախութիւնների մէջ ամբաստանում են ինչպէս որոշ հայաստանցիների, այնպէս էլ որոշ լիբանանցիների, որոշ պարսկահայերի, եւ միւս բոլոր ծայրերից եկած որոշ հայրենակիցների:
Խարդախութիւնը հայրենիք, աշխարհագրական դիրք չի ճանաչում, թող ոմանք դա օղ անեն իրենց ականջին, եւ դադարեցնեն անտեղի ցեխարձակումները իրենց հայրենակիցների վրայ: Վերադառնանք մեր այսօրուայ նիւթին:
Նորայայտ Մադոֆները (կոպիտ հաշուարկներով այս գերագոյն գցողը աւելի քան 60 միլիարդ դոլար էր շորթել, նախքան ցմահ բանտարկութեան ենթարկուելը) որոշ ժամանակ իրենց արդարացնում են ամենատարբեր մխիթարական մտքերով. «Թող աչալուրջ լինէին, չխաբուէին», «Յիմարներին դա էլ քիչ է», «Միեւնոյնն է, իրենց վերջին փողը չեն տուել», «Այս աշխարհում կամ քեզ են ուտում, կամ դու ես ուտում» եւ բազմաթիւ այլ տարբերակներ են առկայ: Ինձ հետաքրքիր է մի բան. Կեանքի ինչ որ մի հատուածում գիտակից մարդը գալիս է այն եզրայանգման, թէ այս կեանքում ոչինչ յաւերժ չէ, եւ շատ փողը երջանկութեան գրաւական չէ, իսկ ուրիշի անէծքը կարող է տուն քանդել: Նոյնիսկ եթէ այդ «անէծքից» փախչել հնարաւոր է, ապա ինքն իր հետ մենակ մնալիս, ինչպէ՞ս է խաբեբայ ու դրամաշորթ մարդը հաշտւում ինչ որ մէկի «բերանից կտրելու» գաղափարի հետ, միթէ՞ նրա խիղճը չի տանջում:
Երիտասարդ տարիքում մարդուն թւում է, թէ կեանքն անվերջ է ու կարելի է սայթաքումներ թոյլ տալ- ուղղելու ժամանակ կը գտնուի: Պարզւում է, թէ ամէն գիտակցաբար կատարուած «սայթաքում» իր յետեւից բերում է նորը, աւելի լուրջը, եւ գնալով նուազում են դրանք ուղղելու հնարաւորութիւնները: Մեր համայնքում յայտնի են տասնեակից աւելի դէպքեր, երբ գործունեայ կանայք կամ տղամարդիկ վերջին տարիներին իրենց «ամենակարող» են ներկայացրել, եւ խաբելով մարդկանց, շորթել են նրանց վերջին կոպեկը, ու ախ էլ չեն քաշել: Հետաքրքիրն այն է, որ նրանք ընտրում են իրենց զոհերին, ծանրութեթեւ անում, թէ ումից ինչ վտանգ կարող է գայ: Բայց միթէ՞ հարիւր տոկոսով կարելի է դիմացի մարդուն արժեւորել, իսկ եթէ աչքերի դիմաց սեւանայ, ի՞նչ երաշխիք կայ, որ «զոհը» գիշատիչ չի դառնայ: Լսել եմ նաեւ այսպիսի դէպք, սեղանի շուրջ նստած տղամարդը գլուխը տաքացած վիճակում պարծեցել է, թէ ինչպէս է այսինչին մի քանի հազար «գցել»: Բարեբախտաբար բանիմաց մարդ է եղել սեղանի շուրջ, եւ բոլորին տեղեկացրել է, թէ այս կտրիճը ինչպէս էր ողորմութիւն խնդրել պարտք տուողից, իսկ վերջինս փորձել էր լաւութիւն անել, բայց իր մի քանի հազարը տուել էր այդ սրիկային, ով հիմա գլուխ էր գովում: Գցողները աւելի վտանգաւոր են, երբ անհատական հողից տեղափոխւում են այնպիսի հարթութիւն, ուր գործի բերումով պաշտօնական դիրք են չարաշահում: Պետական գցող պաշտօնեան շատ աւելի վտանգաւոր է, քան անհատը, քանի որ նա պետութեան եւ իր ներկայացրած հիմնարկի հեղինակութիւնն ու վարկանիշն է ոտնահարում: Երբ գցում են սփիւռքահային, սպանում են ոչ միայն նրա հաւատը արդարութեան նկատմամբ, այլ հայրենիքի տեսլականը: Երբ գցում են հայրենաբնակին, վերը նշուածին աւելանում է հայրենիքը լքելու անյագ ծարաւը: Տիկնայք եւ պարոնայք գցողներ, եթէ խելք ունէք (իսկ ձեզանից շատերը այնպիսի որոգայթներ են հիւսում, որ անխելք մարդը կը մոլորուէր) ապա իմացէք, որ կեանքի ինչ որ հատուածում ինքներդ ձեզ հաշիւ տալիս բաւական բարդ իրավիճակում էք յայտնուելու, էլ չեմ ասում, թէ գցուածներից ոմանք կարող է շատ երկար չմոռանան իրենց կորուստների մասին: Ամենաճարպիկ գցողը՝ գցողների թագաւորը, այսօր բանտարկուած է ցմահ, կորցրել է իր երբեմնի ամենակարողութիւնը, ընտանիքի անդամները իր պատճառով անձնասպան են եղել, եւ կերած միլիարդները քթից են գալիս: Գուցէ եւ կրկնում եմ ինքս ինձ՝ Ի՞ՆՉ ԵՆՔ ՏԱՆԵԼՈՒ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՑ: