(Ճամբորդական Յուշագրութեան Էջերից)
ՄԱՐԻ ՌՈԶ ԱՊՈՒՍԷՖԵԱՆ
Ամէն անգամ, երբ ոտք եմ դնում այս քաղաքը, զգում եմ, որ այն ողողուած է այստեղ ապրած մեր մեծութիւնների, այս գաղութը իրենց հայեացքներով ձեւաւորած ու ոտքի կանգնեցրած մեր մեծութիւնների շնչով՝ քաղաքական գործիչներից, անուանի գրողներից, երաժիշտներից, արուեստի այլ գործիչներից մինչեւ ազգի դատի համար իրենց կեանքը նուիրաբերած հերոսները:
Աւանդոյթի ոչ միայն պահպանումը, այլ այն բնականօրէն փոխանցելը սերունդներին, զգալի է այստեղ եւ անկարելի է աչքաթող անել դա: Ահա թէ ինչո՛ւ սփիւռքի հայապահպանման մատակարարն է նա: Գաղութում առկայ է միջոցառումների առատութիւնը: Դպրոցական տարեվերջ է, եւ ամբողջ գաղութը ներգրաւուած աշխատում է աշակերտութեան երգ ու պարի համերգների համար: Գաղութը աշխոյժ եռուզեռի մէջ է:
Հայաստանից երաժշտութեան, պարարուեստի, թատրոնի մասնագէտները ղեկավարում են համապատասխան հաստատութիւնները, եւ զգալի է արդիւնքը: Բայց այս ամէնը կար նաեւ հինգ տարի առաջ, միայն թէ տեղքայլն է զգալի հիմա, որովհետեւ անհետացել է հայի գերագոյն նպատակը: Հայը յարմարուել է իր վիճակին՝ դպրոցներն ու մշակութային, ազգային հաստատութիւնները արդէն հաստատուած հանգիստ գործում են, նոր սերունդը տիրապետում է դպրոցական հայերէնին, ձեռնարկները շատացել են, ժողովուրդն էլ պատերազմներից յոգնած հազիւ շունչ է քաշում, էլ ինչո՞ւ մտածել սերունդի հեռանկարի մասին, նրանք էլ կ՛ապրեն ինչպէս իրենք են ապրում, չէ՞ որ ամէն ինչ պատրաստ է նրանց համար: Հայրենիքն էլ կայ, եթէ ցանկան թող գնան այնտեղ, եթէ անշուշտ աշխատանք գտնեն…
Ահա, այս է հարցը…իր վիճակից չի վիրաւորւում հայը, որ իր հողը զիջել է թշնամուն ու ինքը սերունդներով դատապարտուած է օտարի լեզուն սովորել, նրա օրէնքի տակ ապրել: Նա վարժուել է օտարի կենցաղին, օտարի իշխանութեան, օտարի բարքերին, դա իրեն ամենեւին չի նեղացնում, օտարութեան մէջ ապրելը իր մաշկն է դարձրել այլեւս: Նա գերադասում է իր սերունդին դնել նոյն վիճակի մէջ, օտարութեան նոյն լուծը դնել նրանց ուսերին, որ նրանք էլ իրենց պէս կեղեքուելով ապրեն, բայց չգոռալ, չպահանջել, իր իրաւունքին տէր չկանգնել, ինքնիրեն չպարտադրել:
Մեկնում ենք Կիպրոս
Պէյրութից Կիպրոս օդանաւով 45 վայրկեան հանգիստ թռիչք է, շատ հաճելի է վաղ առաւօտը սկսել Պէյրութում եւ այն շարունակել փոքրիկ այս կղզում՝ ինչպէս իրենց երգում է ներկայացւում՝ «ծովի վրայ ձգուած, ոսկէ, կանաչ տերեւ»ում, որը դեռ կիսուած, պատռուած, մի մասով խլուած պատկանում է թշնամուն՝ թուրքին:
2005թ. գիրք դարձրած «Հոգու եւ Մտքի Արահետով» իմ ճամբորդական յուշերում, ներկայացնելով այս կղզու պատմութիւնը, մաղթել եմ, որ «արթնանար կիպրացի սերունդը եւ երկրի լիարժէք տէրը դառնար, դուրս շպրտէր թշնամուն ու քանդեր՝ իր երկիրը, իր սիրտը կիսող քարէ տգեղ պատը եւ նորից սկսէր ծաղկումը Կիպրոսի», էջ74։ (Պատը այն սահմանն է, որ կանգնեցուած էր քաղաքի բաժանման կէտում):
Զաւեշտալին այն է, որ «կատարուել է» իմ մաղթանքի միջին մասը միայն: Պատը քանդուել է, բայց ոչ արթնացած կիպրացի սերունդի ձեռքով, ոչ էլ վերջնականօրէն, եւ թշնամին ոչ թէ պատի ետեւում զսպուած է ինչպէս առաջ էր, այլ հիմա ազատ ել ու մուտ է գործում արդէն անպատ, իր գրաւած երկրում եւ Կիպրոսը ոչ թէ ծաղկում, այլ քայքայւում է:
Թշնամու պատը, որի վրայ առաջ թուրք զինուորներն էին հպարտօրէն պահակում, հիմա փոխարինուել է փոքրիկ, կոկիկ մի շինութեամբ, ՄԱԿի զինուորների հսկողութեամբ, որտեղից ազատ ել ու մուտ են անում այս խաղաղ կղզին յօշոտողները:
Այս փոքրիկ կղզու այսօրուայ վիճակը կենդանի պատկերն է մեծ տէրութիւնների վարած անարդար քաղաքականութեան, երկրները նորօրեայ միջոցներով քայքայելու նրանց մշակած ծրագրի:
Իւրաքանչիւր անգամ, երբ ոտք եմ դնում այս երկիր, ես մտածում եմ մեր Արցախի մասին, մեր մոռացած Նախիջեւանի, մեր կորցրած հողերի մասին եւ ահաւոր ապրումներով եմ մտնում ու հեռանում իմ սիրած այս հանգիստ, իր ծովի պէս ջինջ երկրից:
Ինչպէս միշտ, այս անգամ էլ, ժամերով կանգնած քաղաքի սիրտը յօշոտած այդ սահմանագծում, մտածում եմ իմ երկրի՝ Արցախի ճակատագրի մասին: Մտածում եմ՝ բոլոր նրանք, ովքեր կարծում են մեր հանգիստը չխանգարելու համար պէտք է ընդունենք Արցախի բաժանումը եւ ապրեն ՄԱԿի զինուորների հսկողութեամբ, թող գան ու տեսնեն այս ծուատուած երկիրը, տեսնեն, թէ ինչ է սպասում մեզ եթէ միամտօրէն համաձայնուենք, թուլանանք ու զիջենք մեր իբրեւ թէ «գրաւած» հողերը: Տեսնեն, թէ ինչի են ընդունակ միջազգային խաղաղութիւնը կարգաւորող խմբերը:
Եթէ նայէք աշխարհագրօրէն գեղեցիկ այս փոքրիկ երկրի քարտէզին, իրապէս կը տնքաք ցաւից, տեսնելով երկրի անհոգի բզկտուած, թշնամուն յանձնած հսկայական տարածքները:
Իսկ ամենաանընդունելին այն է, որ կարծես խլածը քիչ էր, հիմա էլ առանց կռուի աստիճանաբար, նոր քաղաքականութեան թոյլտուութեամբ, նրանք ուզում են տիրանալ ողջ երկրին: Ամէն առաւօտ հազարաւոր թուրքեր են գալիս, տիրոջ իրաւունքով այստեղ աշխատելու, երեկոյեան ետ վերադառնալու տեղաբնակ կիպրացիներից խլած հողատարածքներում, նրանց կառուցած տներում, նրանց ունեցուածքով ապրելու: Այսինքն ե՛ւ աշխատանքով, ե՛ւ կեցութեամբ ուրիշից խլածով են ապրում: Գալիս են երկրի տէրերի աշխատանքը խլելով նրանց անգործութեան մատնելով, նրանց տնտեսականը վերջնականապէս քայքայելու: Իսկ տեղացիները անգործ ու ծոյլ իրենց օրն անցնում են սրճարաններում սուրճի եւ ծխախոտի ծխում:
Այս վիճակն ինձ մղում է անմիջական համեմատութեան: Թուրքերն այստեղ գալիս են իրենց գրաւած երկրի ժողովրդի շահը խլելու, իսկ մեր երկրից գնում են թշնամու երկիր ամենաստոր աշխատանքների, հիմնականում անբարոյականութեամբ դրամ վաստակելու, եւ դա ոչ աւել, ոչ պակաս մեր նոր սերունդն է անողը, որոնք կարողանում են իրենց պապերին մորթած յենիչերների հետ կենակցել: Ահա մեր եւ թուրքի տարբերութիւնը…
Խօսում եմ միջին տարիքի կիպրացու հետ: Կերենիայից է, դեռ մղկտում է իրենց թողած պապենական տան ու ունեցուածքի համար: Հօրը սպաննել են, ինքը մօր եւ փոքր եղբայրների հետ հազիւ փախել է, առանց ոչինչ վերցնելու, 35 տարիներ ի վեր չարաչար աշխատելով դեռ չի կարողացել տան տէր դառնալ: Եւ դեռ մղկտում է իր հօր կորստի, իր գեղեցիկ ծովափնեայ քաղաքի ու իրենից խլուած կեանքի համար: Իմ խօսակցութեան ընթացքում շատերն են հաւաքւում, բոլորն էլ ցաւով ու թշնամանքով են լեցուած իրենց երկիրն ու իրաւունքները յօշոտողների եւ նրանց պաշտպանների հանդէպ, բայց տեսնում եմ՝ չընդունելով հանդերձ, պայքարի ջիղն է անդամալուծուել նրանց մէջ: Պայքարի իրենց ծրագրի մասին իմ հարցին մի երիտասարդ ուսերը թափ տալով պատասխանում է՝ 36 տարի է անցել արդէն, ի՞նչ կարող ենք անել: Ես յայտնում եմ, որ արդէն 100 տարուայ է մօտենում մեր իրաւազրկութիւնը, բայց մենք մեր պայքարի մղումով ենք ապրում: Իսկ նա բարձր ծիծաղում է ու թերահաւատ հեռանում…
Եւ մտածում եմ, որ մեզնից շատերն էլ այսպէս են վերաբերւում պահանջատիրութեան մեր մղումին:
Ինչպէս գիտէք տեղի հայութիւնն էլ կիպրացիների հետ նոյն հարուածը կրեց եւ աւելին: Թուրքերը տիրացել էին այն տարածքներին, ուր եղեռնից փրկուած, կենդանի մնացած հայութիւնն էր տուն ու տեղ դրել, դպրոց, եկեղեցի, խանութներ, հաստատութիւններ հիմնել: Նոյն սերունդը կրկնակի տեղահանութեան ու թուրքի հարուածին ենթարկուեց:
Բայց ինչ մեծ տարբերութիւն տեղաբնակի եւ հայի տոկունութեան մէջ: Ինչպէ՞ս չգնահատել մեր ժողովրդի արժանապատուութեամբ ապրելու կարողութիւնը, նրա տքնաջան աշխատասիրութիւնը, տեղացու համար գործազուրկ ու դէպի սնանկութիւն գնացող այս երկրում:
Աւելի յետոյ, մեր պահանջատիրութեան հարցը քննելու եմ մի խումբ հայ երիտասարդների հետ…, բայց մինչ այդ նախ ուզում եմ ներկայացնել գաղութի վիճակը:
Բաւական երկար տարիներ եմ շփւում, իրենց համեստ միջոցներով հայկականութիւնը պահել փորձող այս գաղութի հետ, որն ինձ համար հարազատ է դարձել, որին յաճախակի եմ կարօտում:
Այստեղ էլ, ի ուրախութիւն, Համազգայինը երիտասարդ նոր ուժերով է լեցուել եւ հոյակապ աշխատանք են տանում, թարմ շունչ ներարկելով գաղութահայութեան: Ի տարբերութիւն արեւմուտքի, արեւելքում երիտասարդներով աշխատող մեր կազմակերպութիւնները, աւելի դէպի հայկականութիւն են գնում, փորձում պահպանել մեր մշակոյթն ու լեզուն, դիմագիծը:
Տեղի Համազգայինը կրում է Յակոբ Օշականի անունը: Ուրիշ կերպ չէր կարող լինել:Մեր այս եզակի մեծութեան ներկայութիւնը այս հողի վրայ իբրեւ Մելգոնեանի ուսուցիչ, ո՛չ միայն իր աշակերտների, այլ ողջ համայնքի եւ երկրի համար էլ պատիւ էր, եւ այսօր դեռ շարունակւում է այս հողի վրայ նրա յիշատակի կենդանացումը:
Այնքան հաճելի զգացում է, երբ տեսնում ես մի քանի տարի առաջ, կազմակերպչական աշախատանքից հեռու, իբրեւ հանդիսատես եղած երիտասարդները հիմա տնօրինում են գաղութի մշակութային կեանքը եւ ինձ էլ հրաւիրում: Եւ եթէ ծանօթ էք եղել գաղութին ամենեւին զարմանալի չէ, քանի որ նախկին Համազգայինցիները, աշխատանքի եւ ազգային պատկանելիութեան այնպիսի հաստատակամութիւն ու նուիրուածութիւն ունեցող անձեր են եղել, որ անկարելի էր սերունդ չդաստիարակէին: Կարելի՞ էր Արթօ եւ Վերա Դաւիթեաններու որդին՝ Արամը, տեսնելով իր ծնողների անկաշառ նուիրուածութիւնը ազգային աշխատանքին, լինի ՀՕՄ թէ Համազգային, անտարբեր մնար ու ինքը հիմա սերնդափոխութեան իր պարտականութիւնը չստանձնէ՞ր: Կամ Մահտեսեանների զաւակները, Գույումճեանների դստրերը, Բակալեանները, անուններն այնքան շատ են, այնքան անձնազոհ աշխատանք են կատարում, որ անկարելի է չգնահատել:
Զարմանալի չէ նաեւ գաղութի առաջնորդ Վարուժան արքեպիսկոպոս Հերկելեանի կապն ու ներդրումը դպրոցի եւ մշակոյթի, արուեստի պահպանման գործում: Դոկտ. Արտա Ճէպէճեանը, ամուսինը՝ Հայ Աւետարանական եկեղեցուոյ անխոնջ ջատագովը, որի «Հայուն Գոյապայքարի Ճանապարհը» գիրքը խօսուն վկան է անհանգիստ, հայութեան ճակատագրով մտահոգ իր գործունէութեան: Այսպէս, իւրաքանչիւրը փորձում է իր ներդրումը բերել գաղութահայ կեանքին, որ այն չհանգստանայ օտարի ազդեցութեան մթնոլորտում, որ վառ պահի ազգային իր պատկանելիութեան գիտակցութիւնը:
Քանի որ արդէն Մայիսի կէսն է, եղեռնի նիւթից հեռացած է ժողովուրդը, ուրեմն պէտք էր այլ ներկայացում եւ ինչպէս վերը նշեցի, այս անգամ «Տիգրան Մեծ», թատերգութիւնն էի ներկայացնելու, որի բացումը, բեմային խօսքով՝ փրեմիերան, այստեղ եմ անում: Ներկայացումը արեւելահայերէնով է, քաղաքական լուրջ պատգամով:
Իմ մտահոգութիւնն այն է, որ երիտասարդ սերունդը ներկայ լինի, նրանք ծանօթանան ո՛չ միայն մեր պատմութեան, այլ արուեստի միջոցով լսեն իրենց լեզուն, արուեստով ընկալեն այն պահանջները, որը դրուած է իրենց ուսերին, որպէս ժողովուրդ, որպէս իր ճակատագրին տէր կանգնող ապագայի երկրի քաղաքացի:
Իմ ելոյթից մի քանի օր առաջ Համազգայինի պարախումբն էր նշանակալի յաջողութեամբ ելոյթ ունեցել եւ գաղութը դեռ այդ յաջողութեան տպաւորութեամբ էր ապրում, շոյուած յատկապէս, որ օտար պաշտօնեայ անձինք էլ ներկայ էին եղել: Գաղութն ամբողջութեամբ ներգրաւուած է եղել այդ աշխատանքին եւ հիմա միասնաբար կիսում էին իրենց յաջողութիւնը:
Իմ ամբողջ շրջագայութեան ընթացքում, ամէնուրեք գաղութներում, պարախմբերի համերգների յաջողութեան արձագանգն էր զրնգում, ամէնուրեք օդը լեցուած էր պարախմբերի գովքով: Եւ ես մի պահ անդրադառնում եմ, որ մեր պարախմբերը դարձել են հայապահպանման ամենակարեւոր ազդակը: Մենք երջանիկ ու հպարտ ենք մեր պարախմբերով, անվերջ եւ ամէնուրեք կրկնում ենք նրանց ելոյթները, քանի որ երիտասարդները հաճոյքով են մասնակցում այդ խմբերին եւ կազմակերպիչներն էլ հեշտօրէն են հանդիսատես հաւաքում: Սրանից մեծ յաջողութի՞ւն: Իսկ ինչո՞ւ ոչ, եթէ մենք կարող ենք հայ երիտասարդին օտարի միջավայրից կտրել մի քանի ժամ, նրան ինքնակամօրէն բերել հայկական միջավայր, իր երաժշտութեամբ, իր ազգային պարերին տիրապետելու, մի քանի ժամ հայ մթնոլորտում լինելու, ուրեմն կարող ենք է՛լ աւելի զարկ տալ պարին եւ դրանով լուծել հայազարգացման, հայապահպանման մեր առջեւ ծառացած դժուարին խնդիրը:
Եւ այս ծափ-զրնգոցից յետոյ ես գալիս եմ իմ լուրջ ներկայացմամբ եւ դեռ մտածում եմ հայ երիտասարդներին բերել ներկայացման, այն էլ ոչ թէ կատակերգութիւն, ոչ թէ թատերախմբային, այլ մենաներկայացման, ուր շքեղ բեմայարդարումն ու բեմային աչք կուրացնող ժամանակակից նորաձեւութիւնները ի սպառ բացակայում են: Բեմում ես եմ միայնակ, իսկ դահլիճում իրենք՝ հանդիսատեսները:
Մեր հզօրագոյն արքայի՝ Տիգրան Մեծի մասին քչերը գիտեն, այն էլ մակերեսային իմացութեամբ, աւելի շատ իր անուան շուրջ տարածուած բանաւոր, իրարփոխանցած իմացութեամբ: Ուրեմն ինձ համար դժուար էր նաեւ այս առումով հանդիսատես հաւաքելը: Սփիւռքը իր ուրոյն ճաշակն ու պահանջն ունի, սիրում է իրեն ծանօթ անունների, նիւթերի մասին լսել, իսկ ես հակառակի պէս իրենց եմ հրամցնում մեր պատմութեան հնագոյն մի արքայի, որին նոյնիսկ շատերը մեղադրում են Հայաստանը այդքան տարածելու եւ հզօր պետութիւն դարձնելու համար: Տեսնու՞մ էք, ինչ հետաքրքիր մտածում ունի մեր ժողովուրդը հզօրութեան մասին: Իսկ իմ ներկայացման ողջ պատգամը հզօրանալը, տիրելու, երկիր ամրացնելու եւ երկրին ու ժողովրդին տէր կանգնելու, նրա կարիքները հոգալու մասին է:
Զարմանալի է հանդիսատես-դերասան փոխյարաբերութիւնը: Առաջինը՝ հանդիսատեսը, լուռ հետեւող է դերասանին: Դերասանը, յատկապէս իմ տեսակի՝ մենաթատրոնով, մի քանի ժամ միայնակ բեմում անվերջ խօսող-խաղարկող է: Իրար կապողը հանդիսատեսի շունչն է, նրա լարուած ներկայութիւնը, իր անմիջական ընկալմամբ, որը մղում է դերասանին բեմի վրայ իր ողջ ուժով աշխատելու:
Ես անմիջական հանդիսատեսի հետ շփուող դերասան եմ եւ ծանօթ եմ մեր տարբեր գաղութների հանդիսատեսների շնչառութեան, քար լռութեան, որը իւրաքանչիւր տեղ տարբեր խտութիւն ունի:
Գիտեմ նաեւ այս սրահի լռութեան ու շնչառութեան տարողութիւնը: Սակայն ներկայացման ժամանակ զգում եմ, որ տարօրինակ լռութիւն է, կարծես մարդ չկայ սրահում: Նայում եմ, մեծամասամբ երիտասարդներ են, ուրախանում եմ եւ ուշադրութիւն չդարձնելով քար լռութեան շարունակում եմ ներկայացումը:
Սովորաբար իւրաքանչիւր դադարին ե՛ւ վերլուծում եմ նախորդ արարի կատարումն ու հանդիսատեսի վերաբերմունքը, ե՛ւ ամենակարեւորը պատրաստւում, կենտրոնանում յաջորդ արարին: Այս իրարամերժ զգացում- մտածումները վայրկեանների մէջ են կատարւում: Անհանգիստ եմ այդ ծանր լռութիւնից եւ այդ անհանգստութեամբ եմ կրկին բեմ մտնում: Մինչեւ վերջ նոյն քար լռութիւնն է, կարծես նոյնիսկ վախենում են շնչել: Ներկայացումն աւարտւում է բուռն ընդունելութեամբ եւ նոր եմ հասկանում կատարուածը: Լարուած հանդիսատեսը փորձել է ոչ մի բառ չփախցնել եւ ի ուրախութիւն ինձ իմ բոլոր պատգամներն ընդունել իբրեւ իրենց սրտից բխած անհրաժեշտութիւն:
Ամիսների այն հսկայական աշխատանքը, որ ներդրել էի այս թատերգութիւնը ստեղծելու, իր արժանի գոհացումն է ստանում: Արուեստագէտի համար իր տուածի իւրաքանչիւր նախադասութեան ընդունումից վեր այլեւս ի՞նչ կարող է լինել:
Յաջորդող օրերը էլ աւելի են ինձ զարմացնում, քանի որ երիտասարդները դեռ վերլուծում, ապրում են իմ տուածով, ուզում են հանդիպել, խօսել, իրենց մտածումներն էլ ինձ փոխանցել:
Ես միշտ հենւում եմ մեր երիտասարդութեան վրայ, միայն նրանց ճշգրիտ աշխատանքի մէջ եմ տեսնում մեր ապագան եւ ուզում եմ, որ նրանք դուրս գան իրենց ձեռնածալ վիճակից եւ սկսեն գործել: Բաւարար չէ միայն կազմակերպութիւնների մէջ ընդգրկուելը, պէտք է նպատակակէտ ունենան եւ դէպի այդ ուղղեն իրենց աշխատանքը: Նրանք համաձայն են մեր կառավարութեան ուղղուած իմ բոլոր քննադատութիւններին, մեր երկրի, սփիւռքի հայութեան ճակատագրի հետ կապուած իմ բոլոր անհանգստութիւններին: Արեւմտահայի զաւակներ են, շատերը կրակոտ կուսակցականներ, բայց որոշակի ճանապարհի ուղղութիւն, ծրագիր չունեն: Ամէն մարդ սպասում է, բայց ինչի՞… ումի՞ց… ո՞վ է տալու մեր հարցերի պատասխանը, ո՞վ է մեր պահանջները գոհացնելու: Բայց չէ՞ որ մենք չենք պահանջում, միայն սպասում ենք:
Ակնյայտ հայրենասէր երիտասարդներից մէկը պահանջատիրութեան իմ մօտեցումին պատասխանում է, որ եթէ վերադարձնեն մեր հողերը, ինքը չի գնայ ապրի քիւրտերի հետ: Թէեւ ինձ զարմացնում է իր մօտեցումը, բայց տեսնում եմ, որ դա այն մօտեցումներից մէկն է որով խոչնդոտում ենք մեր աշխատանքը: Իսկ ես պատասխանում եմ, թէ ինչո՞ւ իրեն վիրաւորուած չի զգում, երբ այստեղ ապրում է տարբեր ազգերի եւ յատկապէս թուրքի հետ: Միեւնոյն ժամանակ շնորհակալ եմ իրենից, որ անկեղծօրէն քիւրտերի հարցը շօշափեց, չէ՞ որ մինչեւ այսօր մենք երբեք չենք քննարկում դամոկլեան սուրի պէս մեր տարածքների սեփականացման վրայ կախուած այս հարցը: 30 միլիոն քիւրտ է այսօր ձգտում ունենալ իր անկախ երկիրը, նրանք ապրել են մեզ հետ, յատկապէս Արեւմտահայաստանի մեր լեռնային տարածքներում, նրանց մի ստուար մասն էլ քրիստոնեայ են, որոնք միշտ մերժուել են մեր եկեղեցւոյ կողմից, հիմա բնականաբար ամենայարմար տեղը իրենց միաւորման մեզնից դատարկուած տարածքներն են նկատում: Մենք մօտ հարիւր տարի արհամարել ենք իրենց արթնացումը, լռել ենք եւ այսօր կանգնած ենք մեր երկիրը իրենց հետ կիսելու փաստի առջեւ:
Մեր ժողովրդին այս հարցերով կրթող չկայ, կուսակցութիւնները աչքաթող են արել մեր ապագայի համար յոյժ կարեւոր այս խնդիրը, մեր եկեղեցիները նոյնպէս, չեմ խօսում արդէն մեր իշխանութիւնից, որի համար մեր պահանջատիրութեան հետ կապուած որեւէ խնդիր խեղդուած է մեր անկախութեան հենց սկզբից: Մտածո՞ւմ ենք, թէ ինչպէ՞ս ենք լուծելու այս հարցը: Այսօր հազարաւոր բացայայտուած, կրօնափոխուած հայերի հարցը ունենք, որոնց մեր Պատրիարքարանը դեռ տատանւում է ընդունելու: Մեր ազգի թիւը ամէն գնով բարձրացնելու փոխարէն մտածում ենք ընտրեալ քրիստոնեաներ ունենալու մասին, մենք կամովին, մեր վարմունքով նրանց օտարացնում ենք մեզնից, փոխանակ առանց հարց ու պատասխանի նրանց գրկաբաց ներգրաւելու մեր մէջ:
Իրապէս լճացած մտայնութեամբ ենք ապրում, ամէն ինչ կոծկում ենք, չենք համարձակւում որեւէ հարց հրապարակայնօրէն քննարկել, ժողովրդի մտածելակերպը հասունացնել, կուսակցութիւններից սկսած մինչեւ ամենանորելուկ կազմակերպութիւնները կարող են ճանապարհդ փակել:
Անցնում եմ Մելգոնեան հաստատութեան մօտով, որը լքուած, անօգտագործելի վիճակում է դեռ, սիրտս մղկտում է: 11 տարի առաջ այս հաստատութիւնը դեռ գործում էր, 220 աշակերտ էր սովորում այստեղ, որոնք դարձան հաստատութեան վերջին մոհիկաննները: Շնորհակալ ենք Կիպրոսի կառավարութիւնից, որ թոյլ չի տալիս այն վաճառել: Մեզ նման աշխարհասփիւռ հայութեան լեզուի եւ մշակոյթի հրատապ հարց ունեցող մի ազգ ինչպէ՞ս ենք կարողանում անտարբեր նայել այս հաստատութեան վիճակին: ՀԲԸՄը, որին պատկանում է հաստատութիւնը, ամէնէն հարուստ, ինքնաբաւ կազմակերպութիւնն է, ինչո՞ւ է ժողովրդից խլում նրա իրաւունքը: Ժամանակին որոշ քննադատութիւններով փակուեց այս հարցը, շատ ուրիշ հարցերի կողքին, միութեանն ազատելով ազգային պատասխանատուութիւնից: Ահա սա է մեր պատկերը, պատասխանատուութեան չենք կանչում ժողովրդի սեփականութիւնը իւրացնողներին, ժողովրդի իրաւունքները ոտնակոխ անողներին, մեր երկրի անկախութեան հիմքը ոճրագործութեամբ լեցնողներին եւ շարունակում ենք պարծենալ մեր գոյութիւնը՝ փշրանքներով պահելու մեր տարած աշխատանքով:
Այս հոգի ճնշող մտածումներով ես հրաժեշտ եմ տալիս այս գաղութին, հարազատ դարձած հին ու նոր բարեկամներին, այս հրաշալի երիտասարդներին, որոնք դեռ հասու չեն հզօրանալու, ատամներով իրենց իրաւունքին տէր կանգնելու աշխարհի գործելակերպին, դեռ առանց խորը վերլուծման, առանց հեռատեսութեան պատնէշ են դնում իրենց իրաւունքների եւ իրենց անցնելիք ճանապարհի առջեւ՝ չմտածելով յարակից անակնկալները մեր օգտին լուծելու, մեր ազգային շահերին ծառայեցնելու ելքերի մասին:
Մաղթում եմ, ոչ միայն բարձր պահեն իրենց մասնաճիւղի ընտրած Օշականի անունը, այլ քայլեն նրա հաւատամքով՝ միջակութիւններից հեռու պահել մշակոյթը եւ համարձակօրէն պայքարել միջակութեան դէմ:
Մաղթում եմ, որ իրենց հայրենակարօտ պահանջները ձայն դարձնեն, իրենց արհամարուած իրաւունքների հատուցման օրինագիծը պահանջեն մեր կառավարութիւնից եւ ողջ կիպրահայութեան ձայնը միացնեն հայութեան պահանջատիրութեան արշաւին:
(Շար. 3)