ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Ցանկանում էի մարդկութեան համար մի կարեւոր ներդրում ունենալ եւ այդ գաղափարն էր, որ ոգեւորեց ինձ սկսել էներգիայի (ուժանիւթի-Խմբ.) այլընտրանքային աղբիւրներ որոնելու իմ ուղին», պատմում է Վահան Կարպուշեանը՝ արեւային էներգիայի օգտագործման ոլորտի համաշխարհային առաջատար «Ամոնիքս» ընկերութեան հիմնադիրն ու ներկայում նաեւ ընկերութեան տեխնիկական հարցերով գլխաւոր պատասխանատուն: Այսօր արդէն իրականութիւն են բիւր ատոմներից կազմուած հսկայական վահանակները, որ լիարժէք փոխարինում են էներգիայի աւանդական աղբիւրներին:
Տարիներ առաջ հրաշք թուացող այս համակարգի առաջին ստեղծողներից՝ հայազգի Վահան Կարպուշեանը, իր նորամուծութիւններով պատմական ներդրում ունի համաշխարհային քաղաքակրթութեան նոր՝ կենսաբանօրէն առաւել մաքուր ու ապահով փուլի անցման գործում: 70ականներին, երիտասարդ Գարբուշեանի համար ամէն ինչ սկսուեց Թորընս քաղաքից, որտեղ այսօր էլ գործող «Ամոնիքս»ի կենտրոնում հանդիպեցի էներգիաների ալքիմիկոսին (տարրախոյզին-Խմբ.): Վահան Կարպուշեանը խոստովանեց, որ մշտապէս խուսափել է հարցազրոյցներից՝ խօսքից գերադասելով գործը, սակայն չմերժեց «Ասպարէզ»ին: Համաշխարհային ճանաչում ունեցող նորարարի ու նուիրեալ հայրենասէրի հետ զրոյցը պարզ էր ու ընկերական՝ յագեցած նաեւ գիտական փորձերով:
ԵԿՈՒՈՐԸ ԱՊԱԳԱՅԻՑ
«1963 թուականին ընդունուելով Արիզոնայի համալսարան՝ ցանկանում էի ֆիզիկոս դառնալ, սակայն դասախօսներիցս մէկը խորհուրդ տուեց ընտրել ինժեների (ճարտարագիտութիւն) մասնագիտութիւնը՝ ասելով, որ այս ոլորտում աշխատանքի հնարաւորութիւններն աւելի շատ են: Ես լսեցի նրա խօսքն ու ընտրեցի Էլեկտրական ինժեների մասնագիտութիւնը, որ այնուհետեւ խորացրի UCLA-ում», պատմում է Վահան Կարպուշեանը:
26 տարեկանում, նա հիմնում է իր առաջին ընկերութիւնը, որ տեխնոլոգիաներ էր մատակարարում հեռահաղորդակցման ոլորտին: «Այդ ժամանակ, արբանեակների համար էներգիայի առաւել արդիւնաւէտ աղբիւրների կարիք կար եւ գործընկերներս անընդհատ ինձ յորդորում էին մտածել այդ հարցին լուծում գտնելու ուղղութեամբ»: Անսալով ընկերների խօսքին՝ յաւերժականի որոնողը որոշում է ուսումնասիրութիւններ սկսել վերականգնուող էներգետիկայի ոլորտում եւ վաճառում է ընկերութիւնը: «Մուտք էի գործում մի նոր՝ բարդ ու անորոշ դաշտ, որ այդ ժամանակ չէր հետաքրքրում ոչ ոքի, բայց ես վճռական էի», նոյն ոգեւորութեամբ այսօր էլ իր յեղափոխական ուղին է յիշում Գարբուշեանը:
«ԱՄՈՆԻՔՍ»
1989 թուականին, Վահան Կարպուշեանը Թորընսում հիմնում է «Ամոնիքս» ընկերութիւնը: «Արեւի ճառագայթները էլեկտրաէներգիայի փոխակերպելու բազմաթիւ մեթոդներ էին մշակւում, սակայն ստացուող էներգիան շատ թանկ էր եւ ըստ այդմ՝ պահանջարկ չունէր: Ուսումնասիրութիւնների արդիւնքում եկայ այն եզրակացութեան, որ այդ հարցը կարելի է լուծել՝ տարանջատելով արեւի ճառագայթներ հաւաքելու եւ փոխակերպելու միաժամանակեայ գործողութիւնը, որ տեղի էր ունենում նոյն՝ թանկարժէք նիւթի միջոցով: Դրա համար ես փոքրիկ գիւտ արեցի՝ ստեղծելով կենտրոնացած ֆօտովոլտային համակարգը, որ շրջադարձային էր այս ոլորտում: Այս նորամուծութեան արդիւնքում, արեւային էներգիայի արժէքը գրեթէ կրկնակի նուազեց, միաժամանակ մեծացաւ էներգիայի ստացման արդիւնաւէտութիւնը: Էութիւնը հետեւեալում է. նախկինում էներգիայի հաւաքման ու փոխակերպման համար անհրաժեշտ թանկարժէք կիսահաղորդիչ նիւթը, մենք փոխարինեցինք ոչ թանկ օպտիկական խոշորացնող սարքով, որը մինչեւ 500 անգամ խտացնում եւ կենտրոնացնում էր արեւի ճառագայթները առաւել փոքր տարածքում՝ ֆոտօվոլտային արեգակնային բազմակապ մարտկոցների մէջ, եւ ստացւում էր անհամեմատ աւելի շատ էներգիա: Մեր համակարգի առանձնայատկութիւններից է նաեւ այն, որ երկառանցքանի սարքերը շարժւում են եւ հետեւելով արեւին՝ ստանում են առաւելագոյն էներգիա: Մեր այս յայտնագործութիւնը տարիների փորձաշրջան անցաւ եւ դարձաւ լաւագոյնը ոլորտում», պատմում է Կարպուշեանը:
Տեխնոլոգիական բազմաթիւ նորամուծութիւնների արդիւնքում, «Ամոնիքս»ի արեգակնային էներգիան փոխակերպող համակարգը շուրջ 34 տոկոս արդիւնաւէտութեամբ առաջինն է աշխարհում: Արդէն 17 տարի, «Ամոնիքս»ը հանդիսանում է Միացեալ Նահանգներում, ինչպէս նաեւ՝ աշխարհում, կենտրոնացած ֆոտովոլտային տեխնոլոգիաներ արտադրող ու տեղադրող ամենահզօր ու ամենաարդիւնաւէտ միակ ընկերութիւնը:
«Մենք արտադրում ենք միայն կոմունալ (բնակարանային սպառումներու-Խմբ.) ծառայութիւնների համար մեծաքանակ էներգիա ապահովող հսկայական վահանակներ, որոնք 1994ից տեղադրուած են Արիզոնայում. այնուհետեւ դրանք դրուեցին Նիւ Մեքսիքոյում, Կոլորադոյում, որտեղ ներկայում գործում է աշխարհում վահանակների ամենամեծ հատուածը, որ կարող է էներգիայով ապահովել շուրջ տասնհինգ հազար տուն: 2011 թուականին էլ ստեղծել ենք 500 մեկաուատ էներգիա արտադրող վահանակներ, որոնք կարող են մատակարարել 25 հազար տուն», ներկայացնում է ընկերութեան նաեւ տեխնիկական հարցերի գլխաւոր պատասխանատու Վահան Կարպուշեանը: Այսօր, «Ամոնիքս» ընկերութեան յաճախորդներն ամբողջ աշխարհից են՝ Սէուդեան Արաբիա, Չինաստան, Իսպանիա, Աֆրիկա եւ այլ երկրներ: Վստահելի ու կայուն զարգացող այս ընկերութիւնը կարողացել է գրաւել այնպիսի ներդրողներ, ինչպիսին՝ Ամերիկայի կառավարութիւնը, ի դէմս էներգետիկայի նախարարութեան, «Գոլդման Սաքս»ը, «Ադամ Սթրիթ Փարթներս» եւ այլ յայտնի կազմակերպութիւններ: «Ամոնիքս»ը արժանացել է բազմաթիւ պարգեւների, ինչպէս նաեւ մի շարք ամսագրեր, այդ թւում հեղինակաւոր R&D ամսագիրը, «Ամոնիքս»ին դասել են տեխնոլոգիաների ոլորտում 100 ամենանշանակալի արտադրողների եւ շուկայում առաջիկայ 10 տարիներին ամենամեծ ազդեցութիւն ունեցող կազմակերպութիւնների շարքում:
ՏԵՍԼԱԿԱՆ
Վերականգնուող էներգետիկայի ոլորտում արեւային էներգիան ամենայուսալին ու ամենամաքուրն է: Արեգակնային էներգիայի ստացման տեխնոլոգիաների արդիւնաբերութիւնը տարածւում է եւ այժմ հիմնական մրցակցութիւնը Միացեալ Նահանգների, Չինաստանի ու Եւրոպայի միջեւ է: «Մենք, հանդէս գալով առաջատարի դիրքերից՝ յոյս ունենք, որ առաջիկայ երկու տարուայ ընթացքում «Ամոնիքս»ը կը կարողանայ ներկայանալ հերթական նորամուծութեամբ, այն է՝ արեգակնային էներգիան դարձնել ամենամատչելին», հաւաստիացնում է Կարպուշեանը: Նշենք, որ «Ամոնիքս»ն ունի այդ փորձը. նախորդ 8 տարիների ընթացքում շուկայում արեւի էներգիայի գները կրկնակի նուազել են՝ հէնց այս ընկերութեան շնորհիւ:
ՀԱՅԱՍՏԱՆ
Վահան Կարպուշեանի նպատակներից է նաեւ այս ոլորտի զարգացումը Հայաստանում, որտեղ, ըստ նրա՝ բարենպաստ պայմաններ կան: «Մի քանի տարի է, որ աշխատում եմ հայրենիքի մասնագէտների հետ, ուսումնասիրութիւնների համար ֆինանսներ եմ տրամադրում Պետական ճարտարագիտական համալսարանին, սակայն ցաւօք դեռ արդիւնք չկայ: Հայաստանում պէտք է զարգացնել այս ոլորտի համար անհրաժեշտ ենթակառուցուածքներ, ինչի համար ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ: Յուսով եմ, որ այստեղ դրանք կայունացնելուց յետոյ, աւելի հեշտօրէն հնարաւոր կը լինի տեղայնացնել նաեւ Հայաստանում», նշում է Կարպուշեանը:
Հայրենիքին ու ազգայինին նրա նուիրուածութիւնը պատանեկան տարիքից է, երբ անդամակցեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը ու կուսակցութեան առաքելութեանը հաւատարիմ յիսուն տարուց աւելի՝ մեծ նուիրումով ծառայում է նաեւ ազգապահպանման սուրբ գործին:
«Թորընս տեղափոխուեցինք մի քանի ընկերներով եւ մեր կուսակցական ժողովների համար հաւաքատեղի չունէինք: Իմ աշխատավայրի մի մասը սրահի վերածեցինք եւ «Արամ Մանուկեան» կոմիտէութեան անդամներով սկսեցինք հանդիպել այստեղ: Այնուհետեւ, բացեցինք շաբաթօրեայ դպրոց եւ շուտով ձեռքբերեցինք նաեւ մի տարածք, որ այնուհետեւ դարձաւ «Պէյ հայկական կետրոն», որտեղ սկսեցին գործել մեր կողմից բացուած շաբաթօրեայ դպրոցը, ՀՄԸՄի մասնաճիւղ», Թորընս, Պաոլոս Վերդես, Ռեդոնդօ Բիչ եւ յարակից շրջանների հայ համայնքին համախմբելու իր եւ ընկերների նուիրեալ գործունէութեան սկիզբն է յիշում Վահան Կարպուշեանը:
Յեղափոխական գիտնականի յաջողութեան գաղտնիքը գրեթէ 24 ժամեայ շարժումն է, ինչպէս ինքն է խոստովանում: «Երբեք երկարատեւ արձակուրդ չեմ ունեցել: Չեմ կարող հանգիստ լինել, երբ գործ կայ անելու: Միտքս միշտ աշխատում է ապագայի ուղղութեամբ, չեմ մնում անցեալում, եւ դա է առաջընթացի գրաւականը», խոստովանում է Կարպուշեանը:
Տարբեր երկրներ գիտաժողովների ու հանդիպումների գործուղումների հազուադէպ դադարի ժամանակ էլ, նա գերադասում է արուեստը. կիթառ է նուագում եւ երբեմն քանդակում: Վահան Կարպուշեան մեծ գորովանքով էր պատմում իր ընտանիքի մասին: Երկու դուստրերից Սեւանը՝ բժշկուհի է, իսկ Նորան մեծ ներդրում ունի «Ամոնիքս»ում՝ աշխատելով մարքետինգային խմբում. նա իր փորձն ու գիտելիքներն է ներդրել «բրենդ»ը կայացնելու գործում:
Վահան Կարպուշեանին մեր անդրադարձը թեթեւակի ծանօթացում կարելի է համարել մի մարդու հետ, ով համաշխարհային առաջընթացի առաջամարտիկներից լինելով՝ աներեւակայելի համեստութեան ու բարութեան մարմնաւորում է: Պատահական չէ, որ իր ուժն ու եռանդը նա ստանում է ամենամեծ Լուսատուից. «Իմ ոլորտում շատերը փորձում են ոչ թէ ստեղծել նորը, այլ պատճէնում են ուրիշի ստեղծածը: Այդ գործընթացը կասեցնել հնարաւոր չէ եւ եթէ մտածես այդ ուղղութեամբ՝ չես կարող առաջ շարժուել: Այս դէպքում կայ միայն մէկ միջոց՝ շարունակի՛ր ստեղծել եւ արա՛ լաւագոյնը», արարման հրաշագործ խորհրդի հետեւորդն այսպէս է ամփոփում Վահան Կարպուշեանը: