ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը իր աջակցութիւնը յայտնած է Ռուսիոյ, Ամերիկայի Միացեալ Նահանգներու եւ Ֆրանսայի նախագահներու՝ Լոս-Քապոսի մէջ կատարած համատեղ յայտարարութեան:
Արցախի կառավարութեան պաշտօնական դիրքորոշումը արտայայտող յայտարարաութիւնը կ՛ըսէ.
Մենք միշտ դրական ենք վերաբերուել նման նախաձեռնութիւններին՝ ուղղուած խնդրի խաղաղ կարգաւորմանը, հաշուի առնելով միջազգային իրաւունքի բոլոր սկզբունքները եւ հերթական անգամ հաւաստում ենք մեր պատրաստակամութիւնը հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների կոչերին եւ յանձնարարականներին:
Դրա հետ մէկտեղ ստիպուած ենք արձանագրել, որ ադրբեջանական կողմը շարունակում է մեկնաբանել միջնորդների յայտարարութիւնները իր համար նպաստաւոր ձեւով, առաջադրել նախապայմաններ՝ դրանով իսկ տորպեդահարելով նշուած նախաձեռնութիւնները: Ադրբեջանը շարունակում է բոյկոտել տարածաշրջանում վստահութեան մթնոլորտի ամրապնդմանն ուղղուած ա-ռանցքային գործողութիւնների իրականացումը, ինչպիսիք են՝ սահմանային պատահարների հետաքննութեան մեխանիզմների մշակումը, շփման գծից դիպուկահարների հեռացումը եւ այլն:
Ցաւօք, պաշտօնական Բաքուն առ այսօր չի հրաժարւում հակամարտութեան լուծման՝ ի սկզբանէ որդեգրած ուժային մեթոդից: Լինելով ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի ոչ մշտական անդամ, Ադրբեջանը, որի պարտականութիւնների մէջ է մտնում տարածաշրջանում անվտանգութեան համար պայքարելը, հրաժարւում է հիմնախնդրի լուծման քաղաքակիրթ միջոցներից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը յոյս է յայտնում, որ այս անգամ Ադրբեջանի իշխանութիւնները կը դրսեւորէն կառուցողականութիւն եւ կը հրաժարուեն զինեալ-ուժային շանտաժի եւ դիվերսիաների (Խափանարարական գործունէութեան-Խմբ.) անհեռանկար քաղաքականութիւնից, որոնք սպառնում են տարածաշրջանի փխրուն անվտանգութեանն ու կայունութեանը:
Մենք վստահ ենք, որ միայն քաղաքական երկխօսութեան հունով, ղարաբաղեան կողմի լիիրաւ մասնակցութեամբ է հնարաւոր հասնել առաջընթացի ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցութիւններում եւ կայուն խաղաղութիւն հաստատել տարածաշրջանում: