ԵՐԵՒԱՆ.- Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցութեան անդամ Աղուան Վարդանեան, երէկ, արձագանգեց վարչապետի կողմէ ներկայացուած կառավարութեան ծրագրին հեետեւեալ ելոյթով.
Այն, ինչ ասելու եմ այս ամբիոնից՝ ե՛ւ այսօր, ե՛ւ այսուհետ, մէկ նպատակ է ունենալու՝ հանրութեան եւ մեր անկախ պետականութեան շահը: Վիրաւորելու, չարախնդալու, միայն վատը տեսնելու բնաւորութիւն ու պատճառ չունեմ: Մի խօսքով՝ անձնական ոչինչ, միայն պետականութիւն: Իմ կուսակցութեան եւ իմ պատկերացրած Հայաստանն է չափման միաւորը:
Հիմա՝ հին ու նոր կառավարութեան ծրագրի մասին: Մէկ բառով՝ այն, թող կոպիտ չհնչի, պիղատոսեան է՝ ձեռքերը լուանալու քաղաքականութիւն: Բացատրեմ. սա նոյն թիմի ծրագիրն է, որ չորս տարի առաջ, նախորդ շրջանի դրական փորձի հիման վրայ, ներկայացել էր համարձակ, յաւակնոտ, շօշափելի արդիւնքներ նախանշող, հիմնարար փոփոխութիւններ խոստացող փաստաթուղթ:
Այս ծրագիրն աւելի շուտ նախորդի ծաղրանկարն է: Զգուշաւոր, պատասխանատուութիւնից խուսափող, նուազագոյն կոնկրէտ ցուցանիշներ առաջադրող: Եւ նոյնիսկ դրանք հասանելի կը լինեն, եթէ արտաքին շատ իրական ռիսկերը չխանգարեն, որ խոհեմաբար դրուած են ծրագրի վերջում:
Այնպիսի տպաւորութիւն է, կարծես, այս թիմը չորս տարի չի ղեկավարել գործադիր իշխանութիւնը եւ չգիտի ինչը ինչից յետոյ ու առաջ է: Մինչդեռ ղեկավարել է եւ ղեկավարել է՝ այդ իշխանութիւնը հետեւողականօրէն, քայլ առ քայլ կենտրոնացնելով, նախարարների ու նախարարութիւնների ինքնուրոյնութիւնը սահմանափակելով:
Այս ծրագիրը բառապաշարով, ժամանակակից, գեղեցիկ ձեւակերպումներով առնուազն 70 տոկոս կրկնում է նախորդը, սակայն չափից աւելի անորոշ ու անհամարձակ է կոնկրէտ արդիւնքներ, կոնկրէտ պատասխանատուութիւն ստանձնելու առումով: Կարճ՝ ձեռքերը լուացողի մօտեցում է: Միայն պարզ չէ՝ վեց-եօթ ամիս է տեւելու այդ արարողութիւնը, թէ՞ հինգ տարի:
Ընդարձակ մէջբերում 2008թ. ծրագրից. «Կառավարութեան ծրագրի նպատակն է՝ պետութեան կայուն եւ անվտանգ զարգացումը՝ քաղաքացիական հասարակութեան կայացումը, հասարակութեան եւ իշխանութիւնների միջեւ վստահութեան մթնոլորտի ձեւաւորումը, սոցիալական արդարութեան հաստատումը, օրէնքի անվերապահ իշխանութեան, հաւասար մրցակցային հնարաւորութիւնների ապահովումը, այնպիսի Հայաստանի կառուցումը, որը կը միաւորի համայն հայութեանը: Հայաստանը պէտք է դառնայ կայացած ժողովրդավարական պետութիւն՝ կառավարման արդիւնաւէտ համակարգով: Կառավարութեան ծրագիրն ապահովելու է նախորդ տարիների ձեռքբերումների կայուն, շարունակական զարգացումը եւ քաղաքական, տնտեսական, սոցիալական ու կառավարման համակարգերի համարձակ եւ իրատեսական բարեփոխումների իրականացումը՝ որպէս հետեւանք երաշխաւորելով մեր քաղաքացիների կեանքի որակի էական բարելաւումը»:
Ո՞ր մասն է այս նպատակների կատարուած: Անշուշտ՝ համաշխարհային ճգնաժամը: Բայց այդ նոյն ճգնաժամը չխանգարեց, չէ՞, 500.000 թոշակառուների եկամուտը տարեկան ընդամէնը 15 հազար դրամով աւելացնել, բայց 500.000 ընտանիքից էլ, ԱՊՊԱի (ապահովագրութեան վճարում-Խմբ.) ներդրումով, ամէն տարի 30-35 հազար վերցնել եւ ուղղել մասնաւոր-պետական գրպանը:
Այլ մէջբերում. «Կառավարութիւնը պետական կառավարման համակարգի կադրային ներուժի հետեւողական ամրապնդման նպատակով մտադիր է զգալիօրէն աւելացնել համակարգում աշխատելու գրաւչութիւնը, աշխատանքի որակը եւ աշխատավարձի մակարդակը՝ մրցունակ դարձնելով մասնաւոր հատուածին»: Չորս տարի պետական համակարգում աշխատավարձ չի բարձրացել: Միջին չափը մէկուկէս եւ աւելի անգամ ցածր է մասնաւոր հատուածից: Ով հնար է գտնում, փախչում է համակարգից: Մնացածների բացարձակ մեծամասնութիւնն էլ կուսակցական կրծքանշանակիրներն են, ում համար գլխաւորը ոչ թէ պետութիւնն է, այլ ցուցադրական նուիրուածութիւնը առաջնորդներին: Երկու տարի առաջ մի խումբ քաղծառայողներ աշխատավարձի հարց բարձրացրեցին: Այնպիսի մեթոդներով ճնշեցիք ու ստիպեցիք ազատել աշխատանքից, որ թղթի վրայ 21րդ դարին համահունչ հռչակած արժէքներից թաց տեղ մնաց: Կոմունիստները կը նախանձէին:
Հիմա էլ այս ծրագրում, իբրեւ ձեռքբերում, նշում էք. «ֆինանսատնտեսական ճգնաժամի սուղ պայմաններում կարողացանք բարձրացնել սոցիալական նպա-ստները, թոշակներն ու աշխատավարձերը՝ մեղմելով ճգնաժամի սոցիալական հետեւանքները»:
Այո, աղքատների թիւը կտրուկ աճել է, նպաստառուների թիւը՝ կտրուկ նուազել: Թոշակների աւելացման չափը գիտենք: Իսկ ի՞նչ աշխատավարձ էք բարձրացրել: Չորս տարում նուազագոյնը 30 հազարից դարձել է 32.500, ու ճգնաժամի սոցիալական հետեւանքները մեղմուե՞լ են:
Յաջորդ մէջբերումը նախորդից. «Գերակայ խնդիր է դիտուելու ազատ եւ արհեստավարժ մամուլի կայացումը, լրատուամիջոցների կողմից իրադարձութիւնների անկողմնակալ եւ բազմակողմանի լուսաբանման համար նախադրեալների ստեղծումը, խօսքի ազատութեան ամրապնդումը, ԶԼՄ-ների գործունէութեան անկախութիւնն ու անաչառութիւնը մեծացնելուն ուղղուած՝ լիարժէք բազմակարծութիւն ապահովող միջոցառումների մշակումը եւ իրականացումը»: Նաեւ ճիշդ եզրակացրել էիք՝ «Պատասխանատու զանգուածային լրատուութիւն՝ կը նշանակի պատասխանատու կառավարութիւն»: Ի՞նչ ունենք այսօր: Բացարձակի ձգտող թաքուն մոնոպոլիզացիա (մենաշնորհ-Խմբ.), բացարձակի ձգտող կախուածութիւն, ստուերային ֆինանսաւորում ու պատուէրներ, ինքնուրոյնութեան ցանկացած դրսեւորման ճնշում հնարաւոր բոլոր միջոցներով: Իշխանութիւններն իրենց հերթին, քաղաքական ուժերը՝ իրենց: Եւ ունենք դարձուածքի թարս պատկերը՝ «Անպատասխանատու ԶԼՄներ (զանգուածային լրատու միջոցներ-Խմբ.), անպատասխանատու կառավարութիւն»: Թէ՞ այս հարցում էլ է ճգնաժամը խանգարել: Թէ՞ ուղղակի ձեռագիրն է նոյնը՝ հռչակել մի բան, անել՝ հակառակը: Քիչ առաջ վարչապետն ասաց՝ ստուերի կրճատման ամենակարեւոր գործիքը հրապարակայնութիւնն է: Այսպիսի՞ լրատուամիջոցներով:
Չյոգնեցնեմ, բայց թուարկեմ նախկին խոստումները: «Կառավարութիւնը նախատեսում է 2008 թուականին Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու հայեցակարգի մշակում՝ դրանից բխող յետագայ քայլերով՝ 2008-2012 թուակականներին: Այն կը ներառի Դիլիջան քաղաքում բարձրորակ ֆինանսական ծառայութիւնների կենտրոնացման հարցը»: Այո, կարծեմ, Կենտրոնական բանկը պատրաստւում էր Դիլիջան տեղափոխուել, յետոյ կառուցուող հսկայ շէնքը սահուն փոխակերպուեց ուսումնական կենտրոնի:
Նորից նախկին ծրագրից. «Միջին ընտանիքը կ՛ունենայ ֆինանսական ռեսուրսների հասանելիութիւն՝ բնակարան եւ աւտոմեքենայ ձեռք բերելու համար»: «Հայաստանում չի լինելու աղքատ կենսաթոշակառու: 2012 թուականին միջին աշխատանքային կենսաթոշակի չափը կը համապատասխան կենսապահովման նուազագոյն բիւջէի չափին»: «Աղքատութեան էական յաղթահարում՝ արդիւնքում ապահովելով 11,2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատութիւն եւ 1,6 տոկոսից ցածր ծայրայեղ աղքատութեան մակարդակ»: Այս թիրախներն ո՞ւր են: Միջանկեալ ասեմ՝ համաձայն չեմ ֆինանսների յարգարժան այս նախարարի այն պնդման հետ, թէ նախորդ շրջանում աղքատութիւնը կրճատւում էր դրսից ուղարկուող փողերի հաշուին: Այդպէս չէ, մարդկանց ռէալ եկամուտները աճում էին: Հիմա խոստանում էք 8-10 տոկոս աղքատութեան կրճատում: Այսինքն 2017 թուականին 25 տոկոս: Վերադարձ 2007 թիւ: Մինչդեռ երկու օր առաջ հանրապետութեան նախագահն այս կառավարութեան առջեւ խնդիր դրեց՝ աղքատութեան հետեւողական կրճատում ու տեսանելի ապագայում դրա իսպառ վերացում: Կառավարութեան համար տեսանելի ապագան ո՞րն է: Կամ՝ կառավարութեան համար ապագան տեսանելի՞ է: Առաջիկայ վեց-եօթ ամիսը նկատի չունեմ: Դարձեալ մէջբերում եմ նախագահի խօսքը. «Սա չի նշանակում, որ մենք յեղափոխական արդիւնքներ չենք ակնկալում գործադիրի աշխատանքից: Մենք մեր քաղաքացիներին փոփոխութիւններ ենք խոստացել… եւ այդ փոփոխութիւնները չպէտք է ուշանան»: Ցաւօք, այս կառավարութեան այս ծրագրով չեն կարող չուշանալ: Մէկ շաբաթ առաջ հաստատուած 2013-2015թթ. ՄԺԾԾում դրուած թուերը նոյնն են վկայում:
Այսքանից յետոյ ծրագրի վերջնական տարբերակում, նոր կոալիցիոն գործընկերոջ համադրումով, պոպուլիզմն էլ չէք մոռացել՝ 1 միլիոն դրամ 3րդ, 4րդ երեխային, 1,5 միլիոն՝ 5րդին: Գումարն աւելացնում ենք, ծնելիութիւնը նուազում է, արտագաղթը՝ աւելանում:
Գուցէ խնդիրն այլ տեղ է՝ օրինակ, խօսքի ու գործի, թղթի վրայ գրուածի ու կեանքի տարբերութիւնը, բարոյահոգեբանական մթնոլորտը, արդարութեան բացակայութիւնը, մարդու անպաշտպանուածութիւնը, յուսալքութիւնն ու հաւատի չգոյութիւնը, թէ բան կը փոխուի:
Այս ծրագրի նախաբանում ձեռքբերումներ են նշուած՝ էապէս մեղմուել են քաղաքական պառակտուածութիւնը եւ անհանդուրժողականութեան դրսեւորումները, երկրի բնականոն կեանքը զերծ ենք պահել մեր հարեւանութեամբ ընթացող պատերազմական գործողութիւններով պայմանաւորուած ցնցումներից եւ այլն, եւ այլն: Բոլորն էլ թէական, բոլորն էլ՝ կասկածելի: Եթէ հաստատումներն են իրականութիւնից կտրուած, ինչո՞ւ պիտի հաւատանք գլխաւոր կարգախօսին՝ իբր մինչեւ հիմա պետականութեան հիմքերն էինք ամրապնդոււմ, հիմա բոլոր հնարաւորութիւններն ուղղելու ենք մարդուն, հասարակութեան իւրաքանչիւր անդամին:
Ինչո՞ւ պիտի հաւատանք, երբ պետական կառավարման ամբողջ համակարգը՝ վերեւից ներքեւ, նախկին կոալիցիան, այս կառավարութիւնը վերածել էր ընտրական համակարգի: Հանրային ծառայողը գնահատւում է ոչ թէ օրէնսդրութեամբ իրեն վերապահուած գործառոյթների իրականացման որակով, այլ թէ քանի ձայն է բերել հարազատ կուսակցութեանը: Սա պետականութեան հիմքերի ամրապնդում չէ, կարծեմ: Քանդում է: Եւ այս մթնոլորտն է շատերին առիթ տալիս անհարկի որգեւորութեան՝ մենք մեծամասնութեան կամքն ենք իրագործում: Ոգեւորութիւնն այնքան մեծ է, որ պայմանական 663 հազար ձայն ստացած կուսակցութեան ներկայացուցիչը յայտարարում է. «ժողովրդի մեծամասնութիւնը՝ 1 միլիոն մարդ, ձայն է տուել ՀՀԿին, մենք էլ իրականացնելու ենք այդ 1 միլիոնի տուած վստահութիւնը»:
Իրականացրէք: Հինգ տարի անց յիշելու են այս ծրագրի դրոյթներն ու հեղինակներին:
Իբրեւ ամփոփում՝ կայ երկու տարբերակ. կամ կառավարութիւնը, չորս տարի աշխատած թիմ ասուածը չգիտի իրերի իրական վիճակը եւ չի պատկերացնում երկիրն ու հասարակութիւնը արժանապատիւ զարգացման տանող ճանապարհները, կամ շատ լաւ էլ գիտի, բայց հրապարակայնօրէն չի համարձակւում ասել եւ այլ բան է անում:
Առաջին դէպքում նա անելիք չունի, երկրորդ դէպքում՝ աւելի վատ՝ չունի կամք եւ գոլ ջրով լուանում է ձեռքերը: Առնուազն՝ վեց-եօթ ամիս: