ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայ իրաւաբանների միութեան ամէնամեայ 23րդ համագումարի ընթացքում ներկայացուեցին Հայաստանում եւ Միացեալ Նահանգներում իրաւական եւ քաղաքացիական իրաւունքին առնչուող խնդիրներ: Միութիւնը համախմբել էր Հայաստանի եւ Սփիւռքի լրագրողների, փորձագէտների ու իրաւաբանական շրջանակների ներկայացուցիչների՝ քննարկումների միջոցով նաեւ պարզելու, թէ ինչպէ՞ս կարելի է առաւել ակտիւ մասնակցել Հայաստանի եւ Արցախի դատաիրաւական բարեփոխումներին, քաղաքացիական իրաւունքների պաշտպանութեան գործին:
Հայաստանում մարդու իրաւունքների եւ սոցիալական շարժումների մասին զեկոյցներով հանդէս եկան «Հետք» առցանց լրատուամիջոցի գլխաւոր խմբագիր Էդիկ Բաղդասարեանը, փաստաբան եւ վաւերագրող Սառա Անջարգոլիանն ու Հայկական բնապահպանական ցանցի հիմնադիր-նախագահ Ուրսուլա Ղազարեանը: Բանախօսները պատմեցին Հայաստանում տարբեր ոլորտներում մարդու իրաւունքների ոտնահարումների դէպքերի մասին: Հայ իրաւաբանների միութեան ներկայացուցիչ Կարօ Ղազարեանը, որ ներկայ էր եղել Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններին, կիսուեց նախընտրական շրջանի եւ ընտրութիւնների գործընթացի մասին իր տպաւորութիւնները ու մասնաւորապէս անդրադարձաւ ընտրակեղծիքների դէպքերին, որոնց անձամբ է ականատես եղել:
Չնայած ակնյայտ իրաւախախտումների դէպքերին ու արդիւնքում ձեւաւորուած կարծիքին, Կարօ Ղազարեանը նշեց, որ իւրաքանչիւր երկրում, նոյնիսկ ԱՄՆում, օրէնքի իշխանութեան հաստատման խնդիրներ դեռ կան, եւ յոյս յայտնեց, որ համատեղ ուժերով կարելի է հասնել դրանց հարթմանը: Էդիկ Բաղդասարեանն էլ լրացնելով ամերիկահայ փաստաբանին՝ ամերիկահայ իրաւաբաններին կոչ արեց մասնակցել Հայաստանում օրէնքի տառի կայացման գործին: Հայ իրաւաբանների միութեան ղեկավարները յայտնեցին, որ իրենց օրակարգում է հայրենիքում դատաիրաւական ոլորտի բարեփոխումներին աջակցելու, մարդու իրաւունքների պաշտպանութեան ոլորտի խնդիրները յաղթահարելու հարցը:
Կարօ Ղազարեանը յայտնեց, որ Միութեան անդամները հանդիպումներ են ունեցել Հայաստանի արդարադատութեան նախարարի, Սահմանադրական դատարանի նախագահի, հասարակական կառոյցների ներկայացուցիչների հետ եւ ներկայում արդէն հասունացել է համագործակցութեան ձեւերը ամրագրելու պահը: Համաժողովին ներկայ ամերիկահայ իրաւաբաններն էլ, իրենց հերթին, պատրաստակամութիւն յայտնեցին առաւել աշխուժօրէն ներգրաւուելու միութեան նաեւ այս ծրագրում: Համաժողովի ընթացքում անդրադարձ եղաւ Կալիֆորնիայում հայերին առնչուող աղմկայարոյց գործերից մէկին: Իրաւաբան Դէյվիդ Բալաբանեանն ու Հայ Դատի յանխձնախմբի կառավարական հարցերով տնօրէն Քէյթ Նահապետեանը պատմեցին Ցեղասպանութեան զոհերի ժառանգների փոխհատուցմանն առնչուող՝ Մովսիսեանն ընդդէմ Վերսիշերունգի գործի ընթացքի մասին: Դէյվիդ Բալաբանեանը միաժամանակ նշեց, որ ամերիկահայ իրաւաբանները կարող են Հայաստանեան իրենց գործընկերների հետ կիսուել իրենց փորձառութիւնը:
Գլենդէյլում Մայիսի 18-20ը անցկացուած Հայ իրաւաբանների միութեան համագումարում ձեւաւորուեց նաեւ կառոյցի խորհրդի նոր կազմ եւ Միութեան նախագահ ընտրուեց Կարօ Ղազարեանը: Համագումարը ամփոփուեց մի հանդիսութեամբ, որին ներկայ էին նահանգի իրաւական ոլորտի պաշտօնեաներ, իրաւաբաններ, քաղաքական գործիչներ, այդ թւում՝ Լոս Անջելըսի քաղաքային խորհրդի նախագահ Էրիկ Գարսետին:
1989 թուականից գործող Հայ իրաւաբանների միութեան գլխաւոր նպատակն է հարթակ տրամադրել հայկական ծագումով փաստաբանների, որոնք համախմբուելով կարող են օժանդակել հայ համայնքի իրաւական խնդիրների լուծմանը: Հայաստանի անկախացումից ի վեր, միութեան գործունէութիւնը ներառում է նաեւ աջակցութիւնը հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը ու դատաիրաւական ոլորտի բարեփոխումներին: Այս առիթով, Միութիւնը նախատեսում է սերտացնել յարաբերութիւնները Հայաստանի իրաւական ոլորտի կառոյցների ու շրջանակների հետ, եւ այդ նպատակով՝ նախատեսում է առաջիկայում համագումար անցկացնել հայրենիքում: