
17 Մայիսին Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան նախարարի նախկին տեղակալ, Արցախի հերոս Վիտալի Բալասանեան, որ նաեւ 19 Յուլիսին կայանալիք նախագահական ընտրութիւններուն առաջադրած է իր թեկնածութիւնը, իր էջը բացած է Դիմատետրին վրայ։ Ստորեւ կը ներկայացնենք էջին վրայ զետեղուած Վիտալի Բալասանեանի ինքնակենսագրութիւնը:
«Ես՝ Վիտալի Միխայիլի Բալասանեանս, ծնուել եմ 1959 թուականի Մարտի 5ին, Լեռնային Ղարաբաղի Ասկերան աւանում, ներկայումս՝ քաղաք Ասկերան:
«1976 թ. աւարտել եմ Ասկերանի միջնակարգ դպրոցը, 1990 թ.՝ Երեւանի կօօփերաթիւ առեւտրի տեխնիկումը, 2011թ.՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ տնտեսագէտի մասնագիտութեամբ:
«1977-1979 թթ. ծառայել եմ խորհրդային բանակում:
«1976-1990 թթ. աշխատել եմ Ասկերանի շրջանի հասարակական սննդի հիմնարկ-ձեռնարկութիւնում՝ տաղաւարի վարիչ, արտադրութեան պետ՝ փոխտնօրէն:
«1990 թ. ընտրուել եմ Ասկերանի շրջանի Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար:
«1992 թ. Օգոստոսին նշանակուել եմ Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան բանակի Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, 1996-1998 թթ.՝ հանդիսացել զօրամիաւորման հրամանատար, 1998-1999 թթ.՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, 1999 թ. Սեպտեմբերից՝ ԼՂՀ պաշտպանութեան նախարարի տեղակալ:
«2000 թ. մարտին ինձ շնորհուել է կեներալ-մայորի զինուորական կոչում:
«2000-2005 թթ. եղել եմ «Արցախի պատերազմի վեթերանների միութիւն» հասարակական կազմակերպութեան նախագահ:
«Ընտրուել եմ ԼՂՀ 1ին գումարման Գերագոյն խորհրդի պատգամաւոր:
«2005 թ. խորհրդարանական ընտրութիւններում ընտրուել եմ ԼՂՀ 4րդ գումարման Ազգային Ժողովի պատգամաւոր: Հանդիսացել եմ Ազգային ժողովի պաշտպանութեան, անվտանգութեան եւ օրինապահպանութեան հարցերի մշտական յանձնաժողովի անդամ: Պատգամաւորական գործունէութիւնս իրականացրել եմ «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցութեան կազմում:
«2007-2010 թթ. աշխատել եմ ԼՂՀ նախագահի խորհրդական:
«2010 թ. Մայիսի 23ի խորհրդարանական ընտրութիւններում ընտրուել եմ ԼՂՀ 5րդ գումարման Ազգային ժողովի պատգամաւոր: Ազգային Ժողովի պաշտպանութեան, անվտանգութեան եւ օրինապահպանութեան հարցերի մշտական յանձնաժողովի եւ Դաշնակցութիւն խմբակցութեան անդամ եմ:
«2011 թուականից «Հաւատք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ:
«Պարգեւատրուել եմ ԼՂՀ 1ին աստիճանի «խա»չ շքանշանով, Հայաստանի մի շարք շքանշաններով եւ մեդալներով, իսկ 2002թ. Սեպտեմբերին արժանացել եմ ԼՂՀ բարձրագոյն՝ «Արցախի հերոս» կոչման՝ պարգեւատրուելով «Ոսկէ արծիւ» շքանշանով:
«Անկուսակցական եմ:
«Ամուսնացած եմ, ունեմ երկու զաւակ»: