
Ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան պատմութեան մէջ, որն առատ է Ադրբեջանի կողմից թոյլ տրուած դաժանութեան եւ վանդալիզմի բազմաթիւ փաստերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Մարտակերտի շրջանի Մարաղա գիւղի դէպքերը մէկն են սադիզմի եւ գազանաբարոյ վարքի այն ամենածայրայեղ դրսեւորումներից, որոնք երբեւէ յայտնի են եղել մարդկութեանը:
1992 թուականի Ապրիլի 10ին, երեք ժամանոց հրետանային նախապատրաստութիւնից յետոյ Ադրբեջանի կանոնաւոր բանակի ստորաբաժանումները ադրբեջանական Միր-Բաշիր (այժմ՝ Թարթառ) բնակավայրից ներխուժեցին Մարաղա՝ ղարաբաղեան այդ խաղաղ գիւղը: Ագրեսիային (յարձակումին-Խմբ.) զոհ գնացին 100ից աւելի մարդիկ, հիմնականում՝ կանայք, երեխաներ, ծերեր: Տասնեակ մարդիկ դարձան պատանդներ, ոմանք յետագայում փոխանակուեցին, սակայն շատերի ճակատագիրն էլ առ այսօր մնում է անյայտ: Մօտ երկու շաբաթ անց, Ապրիլի 22-23ին Մարաղան ենթարկուեց կրկնակի յարձակման, մոխրացած հայրենի գիւղ վերադարձած մարդիկ ստիպուած եղան ընդմիշտ հեռանալ այնտեղից:
Հիւսիսային Արցախում, Բաքւում, Սումգայիթում, Կիրովաբադում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում իրականացուած հայկական ջարդերից եւ բռնատեղահանումներից յետոյ յաջորդ քայլը դարձան Մարաղայի յանցագործութիւնները, որոնց նպատակն էր վախեցնել մարդկանց եւ զրկել նրանց հայրենի հողում ապրելու հնարաւորւթիւնից: Մարդկային ողբերգութեան խորութեամբ, դաժանութեան աստիճանով, բռնութեան ենթարկուած եւ պատանդ վերցուած անձանց թուաքանակով՝ Մարաղայի դէպքերը առանձնակի տեղ են զբաղեցնում այն արիւնահեղ յանցագործութիւնների շարքում, որոնք 1991-1992 թուականների ադրբեջանական ագրեսիայի շրջանում իրականացրել է Ադրբեջանը Գետաշէնում, Մարտունաշէնում, Բուզլուխում, Էրքեջում եւ ԼՂՀ հիւսիսի այլ հայաբնակ վայրերում:
Մի քանի օր անց ողբերգութեան վայր եկած՝ բրիտանական խորհրդարանի փոխխօսնակ, բարոնուհի Քերոլայն Քօքսին ցնցել էր շուրջը տիրող պատկերը: «Նրանք մարդկային ցեղից չեն», այսպէս է արտայայտուել լէդի Քօքսը ադրբեջանցի զինուորականների մասին, որոնք սպանդ են իրականացրել: Բարոնուհին ոչ միայն նկարահանել եւ լուսանկարել է այդ գազանութիւնները, այլեւ նկարագրել է իր բազմաթիւ հարցազրոյցներում եւ «Էթնիկ զտումները շարունակւում են» գրքում:

«Այն, ինչ տեսանք մենք այնտեղ, անհնար է նկարագրել: Գիւղն ամբողջովին աւերուած էր, աւելի ճիշդ՝ ջախջախուած: Մարդիկ յուղարկաւորում էին զոհուածներին, աւելի ճիշդ՝ այն, ինչ կարելի էր հողին յանձնել՝ կտրտուած եւ սղոցուած մարմինների, ողջակիզուածների եւ տանջամահ արուածների աճիւնները: Մենք տեսանք արնաթաթախ սուրսայր մանգաղներ, որոնցով անդամատել էին մարդկանց: Մարաղայի բնակիչներին սպանելուց յետոյ ադրբեջանցիներն այնուհետեւ կողոպտել եւ հրկիզել են գիւղը: Ի դէպ մեզ պատմեցին, որ զինուորներից յետոյ գիւղն են լցուել նաեւ ճամպրուկներով քաղաքացիական անձինք, որոնք աւարտին են հասցրել կողոպուտը՝ մենք տեսանք գետնին ընկած լիքը լցուած մի քանի պայուսակներ, որոնք դիակապտներին չէր յաջողուել տանել հետները», վկայում էր Քերոլայն Քօքսը:
Հրաշքով ողջ մնացած ականատեսը՝ Սեդա Պօղոսեանը պատմում է. «Կանայք, ծերերը եւ երեխաները թաքնուել էին նկուղներում եւ բլինդաժներում: Երրորդ օրը՝ 1992 թուականի Ապրլի 10ին ադրբեջանցիները մտան գիւղ: Նրանցից մի քանիսը սկսեցին մօտենալ այն բլինդաժին, որտեղ ես էի հարսիս՝ Մարինէի եւ երկու մանկահասակ թոռներիս՝ 4ամեայ Կարէնի եւ 2ամեայ Վիգէնի հետ: Ադրբեջանցիները կարգադրեցին դուրս գալ: Աստիճաններով առաջինը սկսեց բարձրանալ ծերունի Սաշան, նրա յետեւից՝ Ասեան եւ Զաբելը: Հէնց որ մարդը դուրս ելաւ բլինդաժից, նրան տեղնուտեղը սպանեցին: Հարսս, երեխաներին թողնելով ինձ մօտ, նոյնպէս սկսեց վեր բարձրանալ աստիճաններով: Ադրբեջանցին, որ պատրաստ պահել էր դանակը հարուածելու համար, կանգ առաւ եւ սկսեց նրանից պոկել թանկարժէք զարդերը: Յետոյ պատառոտեց նրա զգեստը: Նա սկսեց վազելով փախչել, ադրբեջանցին՝ նրա ետեւից: Բլինդաժի ելքն ազատ էր: Մարդիկ նետուեցին դէպի դուրս: Նրանց նկատեցին թալանով զբաղուած ադրբեջանցիները եւ վրայ հասան սպանելու՝ կացիններով, դանակներով, գերանդիներով: Իսկոյն մորթուեցին Մասեա եւ Ռուբէն Անանեանները: Տեսայ, դահիճներից ինչպէս է փախչում հարսիս քոյրը՝ Կարինան»:
Մարաղայի մի այլ բնակիչ՝ Լարիսա Բադալեանը 1992 թուականի Ապրիլի 10ից մինչեւ Դեկտեմբերի 2ը պատանդ է եղել ադրբեջանցիների մօտ:
«Կանանց բանտախցից հերթով դուրս էին տանում եւ ետ բերում արնաշաղախ ու կիսամերկ . Զոյային, Մաշոյին, Թամարային: Մէկ ժամ անց դուռը բացւում էր, ներս էին խուժում զինուած զինուորները, եւ կանանց վրայից պոկոտում հագուստի մնացորդներն ու բռնաբարում:
«Երեք օրից յետոյ մեզ տարան Ղուբաթլուի բանտը, որտեղ տեսայ հոգեկան հիւանդ որդուս՝ Ապրեսին: Նրա մի աչքը հանուած էր, գլուխը՝ ուռած: Յատակին ընկած էր մի երիտասարդ մարտակերտցի տղայ, որ կիսամեռ վիճակում էր՝ այնքան էին ծեծել: Որդիս հովիւ էր աշխատում, ես էլ տան գործերն էի անում: Քնում էինք բարաքում, սնւում էինք ուտելիքի մնացորդներով: Աչքիս առաջ յաճախ էին ծեծում որդուս: Մի անգամ գիւղ բերեցին մի ադրբեջանցու, եւ մեզ ուզում էին մորթել նրա գերեզմանին…», վկայել է նա:
1997 թուականին մի շարք իրաւապաշտպան կազմակերպութիւններ համատեղ ուժերով Մարաղայի դէպքերի վերաբերեալ պատրաստել են մի ծաւալուն տեղեկանք եւ այն ուղարկել Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան Մարդու իրաւունքների յանձնաժողովին: Helsinki Watch միջազգային կազմակերպութիւնը պաշտօնապէս հաստատել է, որ տասնեակ խաղաղ բնակիչներ տանջամահ են արուել եւ տասնեակ կանայք ու երեխաներ պատանդ են քշուել: Սակայն Մարաղայի ողբերգական դէպքերը բաւարար չափով չեն արտացոլուել արտասահմանեան մամուլում, մինչեւ այսօր դրանք չեն արժանացել միջազգային հանրութեան համարժէք գնահատականին:
«Ամենահզօր զէնքը՝ արդարութիւնը, մեր կողմից է», պնդում էր բարոնուհի Քօքսը: «Պէտք է միջազգային կառոյցներում հարց բարձրացնել, որ Ադրբեջանը փորձել է ցեղասպանութիւն կատարել Ղարաբաղի բնակչութեան նկատմամբ: Պէտք է աւելի ակտիւ ջանքեր գործադրել՝ աշխարհին ներկայացնելու այն զանգուածային յանցագործութիւնները, որոնք հայերի դէմ կատարուել են Մարաղայում, Սումգայիթում, Բաքւում եւ այլ տեղերում: Դրանք յանցագործութիւններ են, որոնք ուղղուած են մարդկութեան դէմ: Ես հասկանում եւ իմ զօրակցութիւնն եմ յայտնում Ղարաբաղի հայերին այն հարցում, որ նրանք այլեւս երբեք չեն կարող ապրել ադրբեջանական իշխանութեան ներքոյ, քանի որ Ղարաբաղում Ադրբեջանի իշխանութեան ներքոյ ապրած հայերը շատ փորձութիւնների միջով են անցել»:
Այն, ինչ տեղի ունեցաւ Մարաղա գիւղում, որն առ այսօր բռնազաւթուած է Ադրբեջանի կողմից, չի կարելի անուանել ռազմական գործողութիւն, քանի որ այդ բնակավայրում ռազմակայաններ չեն եղել եւ ապրել են միայն ու միայն խաղաղ քաղաքացիներ, ովքեր էլ դարձել էին ագրեսիայի գլխաւոր թիրախը: Յանցաւոր գործողութիւնները ունէին մէկ նպատակ՝ վտարել մարդկանց հայրենի հողից:
Ամփոփելով վերը շարադրուածը, պէտք է արձանագրել, որ Մարաղայի խաղաղ բնակչութեան սպանդը վաղեմութիւն չունեցող յանցագործութիւն է՝ ընդդէմ մարդկութեան եւ քաղաքակրթութեան, իսկ նրա կազմակերպիչներն ու կատարողները պէտք է պատժուեն օրէնքի ողջ խստութեամբ: