ՍԵԴՐԱԿ ԻՍԿԱՆԵԱՆ
Ռուսաստանի վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի հեղինակութեամբ վերջերս լոյս տեսած «Ռուսաստան՝ ազգային հարց» խորագրով հերթական յօդուածը ռուսաստանեան եւ մերձռուսաստանեան ԶԼՄական (զանգուածային լրատուական միջոցներու-Խմբ.) տարածքում նշանակալից երեւոյթ էր: Այժմ, երբ քիչ հանգստացան գաղափարային յօդուածում արտայայտուած դրոյ-թների քննարկումները, կը ցանկանայի անդրադառնալ մի քանի կարեւոր դրոյթ եւ դրուագ արձանագրելով: Այն դրուագները, որոնք, ըստ իս, առաւել կարեւոր եւ հիմնադիր դեր են կատարում այն աշխարհահայեացքի կտրուածքում, որը սպասում է Ռուսաստանին մօտակայ տարիների զարգացման ընթացքում:
Ամէն դէպքում, այնպէս է ստացուել (թող ներեն ինձ ռուսաստանեան ընդդիմադիր ղեկավարներն ու թեկնածուները), որ մօտակայ տարիներին հէնց ինքը՝ Պուտինն է գլխաւորելու երկրի առաջընթացը: Եւ հէնց նրա հետ է կապւում մեր ահռելի երկրի բնակչութեան մեծամասնութիւնը «համաշխարհային առաջնորդներից մէկի դերակատարման ստանձման յոյսերը» ապագայում:
Ոչ մի վատ բան չեմ տեսնում այն հանգամանքում, որ երբ օբյեկտիւօրէն (առարկայականօրէն-Խմբ.) գնահատում ես ապագայ ընտրութիւնները, հասկանում ես՝ Պուտինին այլընտրանք չկայ: Թէկուզ միայն այն բանի պատճառով, որ վերջին 15 տարում նա միակն էր, որ շատ նպատակաուղղուած բարձրաձայնել է այն գաղափարները, այն առաջնորդի վարքագիծը, որը բազմազգ Ռուսաստանը արդէն շատ երկար էր սպասում: Նա միակն է վերջին տարիների առաջնորդներից, ով չվախեցաւ իր անունից բազմաթիւ «աջերին», «ձախերին», ռուսոֆիլներին, ռուսոֆոբներին եւ ազգայնականներին ծանօթացնել պարզ, հասարակ, բայց եւ տրամաբանական բանաձեւի հետ՝ ոչ թէ զարգացման, այլ նոյնիսկ ռուսաստանեան երկրի գոյութեան պայմանը ուղղակիօրէն կապուած է երկրի բազմազգ, պոլիէթնիկ լինելու հանգամանքից: Երկրի, որը դարերի ընթացքում համախմբել է աւելի քան100 միլիոն մարդ եւ աւելի քան հարիւր ազգութիւն… իր ինքնութեան, մշակոյթի եւ ազգային ինքնագիտակցութեամբ:
Պուտինն առաջինն էր, ով բացատրեց, որ շատ քաղաքական գործիչների սիրուած արտայայտութիւնը՝ «հերիք է կերակրել Կովկասը», ուղղակի անթոյլատրելի սխալ է, որովհետեւ Կովկասը նոյնպէս երկրի այնպիսի մի մասն է, ինչպիսիք են Եառոսլաւլն ու Օրենբուրգը: Եւ հեռու մղելով Կովկասը՝ Ռուսաստանն ուղղակի բոլոր հնարաւորութիւններն ունի կործանուելու:
Խորհրդային Միութեան փլուզումը, փաստօրէն, ոչինչ չսովորեցրեց մի խումբ ժողովրդական առաջնորդների եւ ղեկավարների: Այն ուժերը, որոնք «ազգային բնակարանների բաժանեցին», բառացիօրէն բզկտեցին ահռելի մեծ երկիրը (Վ. Բժեզինսկու արտայայտութիւնն է) ստացան բարձր հովանաւորութիւն, եւ այս հանգամանքը կարող է բախտորոշիչ դառնալ Ռուսաստանի համար, մինչեւ նոյնիսկ երկրի գոյութեան ընդհատումը համաշխարհային քարտէսի վրայ: Այս փաստերը մինչ օրս չէին բարձրաձայնւում ամբիոններից, եւ միայն Պուտինն անուանեց ամէն ինչ իր անուններով:
Այժմ կը ցանկանայի խօսել այն ազգութեան մասին, որն իր իւրովի տեղն ունի Ռուսաստանի պոլիէթնիկ քարտէսի վրայ: Հայերի մասին, որոնք անբնական, գերմարդկային ջանքերի գնով կարողացան Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ ունենալ սեփական, լիարժէք, միջազգային հանրութեան կողմից ճանաչուած երկիր-պետութիւն՝ Հայաստանի Հանրապետութիւն: Հիմնուելով այս ազգի եւ այս երկրի օրինակին, կը ցանկանայի պատասխանել Պուտինի հակառակորդներին:
Ո՞վ է Ձեր կարծիքով Ռուսաստանի առաւել մտերիմ եւ հարազատ դաշնակիցը, նրա ռազմավարական գործընկերը, ոչ միայն ետխորհրդային տարածքում, այլ նաեւ ողջ աշխարհում: Որտեղ, որ երկրում են ոչ միայն ռուսաստանեան քաղաքացիները, այլ նաեւ ռուսական բիզնեսը իրենց առաւել ապահով ու պաշտպանուած զգում:
Ի՞նչ էք կարծում, պարոնայք պուտինեան ազգային գաղափարախօսութեան հակառակորդներ, ո՞ւմ են ռուսաստանեան առաջնորդներից գերադասում նախագահի պաշտօնում տեսնել Հայաստանի քաղաքացիները: Ի հարկէ, չլինելով Ռուսաստանի քաղաքացի, նրանք չեն կարող իրաւաբանական ուժ տան իրենց նկրտումներին: Բայց չմոռանանք, որ մինչ վերջերս, մենք բոլորս մի մեծ երկրի քաղաքացիներ էինք, եւ այդ կապերը, ի հակառակ շատ շատերի ցանկութեան, շարունակում են ամրանալ եւ սերտանալ:
Ինչ էք կարծում, այս պարագայում, երբ հէնց Ռուսաստանի, հէնց պուտինեան Ռուսատանի հետ են կապում Հայաստանում ղարաբաղեան զինուած հակամարտութեան չվերսկսուելու բոլոր յոյսերը:
Հէնց Ռուսաստանի հետ են կապուած յոյսերը տնտեսական բարգաւաճման հարցում, չէ որ հէնց Պուտինի օրօք տասնեակ անգամներ է աճել տնտեսական համագործակցութեան ծաւալները:
Ասեմ աւելին, Հայաստանում, որն անկախ պետութիւն է, վերջերս ինքնաբուխ շարժում է սկսել՝ Պուտինին, որպէս նախագահի թեկնածու աջակցման համար: Մի շարք երիտասարդական կուսակցութիւններ, ԱՊՀ երկրների երիտմիութիւնը, որոնց միացել են մի շարք քաղաքական եւ քաղաքացիական նախաձեռնութիւններ, վերջերս հանդէս են եկել Պուտինի քաղաքական ակումբ ստեղծելու մտայղացմամբ: Այս ակումբների նպատակն է՝ հռչակել Պուտինի գաղափարները, հայ-ռուսական յարաբերութիւնների մասին նրա մտքերը, ԱՊՀի եւ ապագայի տեսակէտները: Ակումբները գտնուելու են Հայաստանում «ռուսական գրքի տներում», իսկ անդամները գրականութիւն կ՛ընթերցեն ռուս առաջնորդի մասին եւ կը ստանայ ֆիլմեր դիտելու հնարաւորութիւն:
Կը ցանկանայի նաեւ նշել, որ Հայաստանում Պուտինին ընդունում է ոչ միայն երիտասարդութիւնն, այլ յատկապէս տարեց սերունդը:
Ռուս առաջնորդի հեղինակութիւնն այստեղ այնքան բարձր է, որ նա նոյնիսկ հանդիսանում է որպէս Հայաստանի ներքին քաղաքական կայունութեան երաշխիք: Կարծում էք այս ամէնն իրաւաբանական ուժ չունի: Ես ձեզ կը պատասխանեմ: Նկատի ունենալով, որ Ռուսատանում աւելի քան 1 միլիոն ձայնի իրաւունք ունեցող հայ է ապրում, խորապէս սխալւում էք: Յատկապէս, լինելով հայ եւ շատ սիրելով մեր պատմական հայրենիքը, նոյնպէս սիրով ենք վերաբերւում Ռուսաստանին, ընդունելով այս երկիրը որպէս հայրենիք:
Բոլոր հայերը յիշում են, թէ ինչպէս 2003 թուականի Հոկտեմբերի 6ին, լինելով ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինը Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնադիր համագումարի իր ելոյթն աւարտեց՝ հերթական անգամ զարմացնելով ներկաներին անսպասելի աւարտով: Նա յիշատակեց Պետրոս Առաջինի խօսքերն այն մասին, թէ հայերին հարկաւոր է հնարաւորինս լաւ վերաբերուել, որպէսզի առաւել շատ ժամանեն Ռուսաստան: Եւ որպէս պատգամ ընդունելով մեծ ռուս թագաւորի խօսքերը՝ ասաց. «ընդամէնը 300 տարի է անցել: Ասուել է՝ արուել է»:
Այնպէս որ հէնց մեր՝ հայերիս մասին է գրում Պուտինն իր յօդուածում, երբ ասում է, որ Ռուսաստանին հարկաւոր է բոլոր ազգերի եւ ազգութիւնների ստեղծագործ աշխատանքը: Երբ ասում է, որ երկրի համար միակ հնարաւոր տարբերակն է բազմազգ կառուցուածքը ռուս մշակութային կենտրոնի շուրջ: Վերջում՝ մէջբերում յօդուածից.
«Մենք դարերով ապրել ենք կողք կողքի: Մենք միասին յաղթել ենք ամենաահաւոր պատերազմում: Եւ նրանց, ով ուզում է մեզ բաժանել, պառակտել, կ՛ասեմ միայն՝ յոյս չունենաք»: