ՕՆՆԻԿ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Ամերիկահայ գաղութը՝ իբրեւ համրանք, մեծ թիւ է ներկայացնում։ Որոշ հաւաստի աղբիւրների համաձայն, այդ թիւը տատանւում է 500-600 հազարի միջեւ։ Ինչ էլ լինի համրանքը, Ռուսաստանից յետոյ Սփիւռքի տարածքին ամերիկահայութիւնը ամենամեծ գաղութն է կազմում։ Սակայն, դժբախտաբար, կրթական ոլորտում մայրենի լեզուի, գրականութեան, պատմութեան ու մշակոյթի ուսուցման, ինչպէս նաեւ հայ մատղաշ սերնդի հայեցի կրթութեան համար անհրաժեշտ կրթօջախների թիւը խիստ սակաւ է՝ անբաւարար. մի իրականութիւն, որը ինքնացեղասպանութեան համազօր աղիտալի ազդեցութիւն պիտի ունենայ հայ ապագայ սերնդի՝ համայն ամերիկահայութեան եւ հայ ժողովրդի վրայ…
Մեսրոպ Մաշտոցի հեղինակաւոր անունը կրող «Մաշտոց» քալեջը կոչուած է այս ահաւոր բացը մասամբ ապաքինելու, եւ ոգի ի բռին լծուած է մասնաւորաբար հայագիտութիւնը քաջալերելու ու մատուցելու կենսական աշխատանքին։ Քոլեջի ուսումնակրթական ծրագրում հայագիտութիւնը առանցքային տեղ է գրաւում եւ յատուկ ուշադրութեան է արժանանում։ Հայագիտական բաժնում մշակուել ու գործադրւում են կրթական հետեւեալ երեք ծրագրերը.
ա. Հայոց լեզուի ու լեզուաբանութեան վկայագրի ծրագիր (27 վարկանիշ)։
բ. Հայոց լեզուի ու գրականութեան յառաջացեալ վկայագրի ծրագիր (48 վարկանիշ)։ գ. Հայագիտութեան Պսակաւոր արուեստից (BA) ծրագիր՝ հայոց լեզու, լեզուաբանութիւն, գրականութիւն, պատմութիւն եւ մշակոյթ (128 վարկանիշ)։
Հարկ է նշել, որ «Մաշտոց» քոլեջը վաւերացուած ու վարկաւորուած է ամերիկեան պետութեան համապատասխան մարմինների կողմից՝ իբրեւ բարձրագոյն ուսումնակրթական հաստատութիւն, որը շրջանաւարտներին շնորհում է բացի զանազան ճիւղերի մէջ վկայագրերից՝ մի շարք ճիւղերում Պսակաւոր արուեստից տիտղոս։ Քոլեջի կրթական ծրագիրը բազմազան ու ճոխ է. բացի հայագիտութիւնից, կարեւոր տեղ է տրուած նաեւ մանկավարժութեան, համակարգչային տարբեր ծրագրերի, թարգմանչական արուեստի, օտար լեզուների ուսուցման եւ այլն։
Քոլեջը հիմնադրուել է 1992 թուին, Գլենդէյլ քաղաքում, դոկտ. Կարպիս Տէր Եղիայեանի ջանքերով, որը եւ քոլեջի տնօրէնն է։ Շնորհիւ իր հետեւողական ջանքերի ու նուիրուած ուսումնակրթական գործունէութեանը, երկու տասնամեակի ընթացքում մեծ վերելք է ապրել քոլեջը։ Այս ժամանակահատուածում տարբեր ճիւղերում տուել է շուրջ 4800 շրջանաւարտ, որն էլ ապացուցում է քոլեջի կարեւորութիւնն ու օգտակարութիւնը հայ համայնքին:
2012 թուականը հետաքրքիր զուգադիպութեամբ նշանաւորւում է թէ՛ քոլեջի հիմնադրութեան 20ամեակով եւ թէ՛ նրա հիմնադիր-տնօրէն դոկտ. Կարպիս Տէր Եղիայեանի ուսումնակրթական եւ հանրային-մշակութային գործունէութեան 35ամեակով։
Քոլեջի հիմնադրութեան 15ամեակի առթիւ հրատարակուած գրքից քաղելով՝ հակիրճ ներկայացնում ենք դոկտ. Կարպիս Տէր Եղիայեանի ուսման ամփոփ պատկերը.
Նախնական եւ երկրորդական ուսում ստացել է Լիբանանի «Կենաց» վարժարանում։
Համալսարանական ուսումը շարունակել է Պէյրութի Ամերիկեան համալսարանում, ուր ստացել է երկու տարբեր ճիւղերում՝ քաղաքական գիտութեան եւ ուսողութեան (mathematics) մէջ Պսակաւոր արուեստից եւ գիտութեանց տիտղոս (BA եւ BS)։ Նոյն համալսարանում ուսումը շարունակելով՝ վերստին երկու առանձին ճիւղերում՝ կրթական վարչագիտութեան եւ միջազգային յարաբերութեան մէջ, նրան շնորհուել է Մագիստրոսի (MA) տիտղոս։ Դոկտորական գիտաստիճանը ստացել է Միացեալ Նահանգների «Նորթուեսթըրն» համալսարանի մարդկային զարգացման եւ ընկերային քաղաքագիտութեան ճիւղում, իսկ երկրորդ դոկտորական տիտղոսը՝ «Լա Վըրն» համալսարանէն՝ կրթական վարչագիտութեան մէջ:
Դոկտ. Կարպիս մասնակցել է բազմաթիւ գիտաժողովների եւ անդամ է զանազան գիտական հաստատութիւնների։ Նա աւելի քան 15 մենագրութիւնների հեղինակ է։ Գրքերի բովանդակութիւնն ու թեման գլխաւորաբար Արեւմտեան Հայաստանի գիւղերի ու քաղաքների, պատմարժէք վայրերի ու յուշակոթողների վիճակագրութիւնն է, որուն ընդմէջէն տեղեկատուութեան ճամբով՝ հայ ժողովրդի բռնագրաւուած հայրենիքի եւ արդար հատուցման պահանջատիրութիւնն է։
Զոյգ յոբելեանները տարբեր միջոցառումներով նշուելու են սոյն տարուայ ընթացքում. նրանց մասին ժամանակին պարբերաբար կը հաղորդուի հանրութեան։ Միջոցառումների առաջնեկը՝ մշակութային լիցքով ու գեղարուեստական ճոխ ծրագրով, տեղի կ՛ունենայ Կիրակի, Փետրուարի 19ին, երեկոյեան ժամը 5ին, Փասատինայի «Հայ Նազովրեցի» եկեղեցւոյ դահլիճում՝ 1500 E. Washington Blvd., Pasadena։ Գեղարուեստական յայտագրին մաս են կազմում՝ մեներգ մեկնաբանութեամբ հանրածանօթ երգիչ-երգչուհիների, իսկ խմբերգ կատարմամբ՝ Համազգայինի Գլենդէյլի մասնաճիւղի «Սայաթ Նովա» եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ «Այտընեան» երգչախմբերի։
Կը ցուցադրուեն Արեւմտեան Հայաստանի պատմամշակութային կոթողների լուսանկարներ, որոնք նկարուել են քոլեջի տնօրէնի ամենամեայ կազմակերպած պատմական շրջագայութիւնների ընթացքում, ինչպէս նաեւ՝ Յասմիկ Գլճեանի խաչատառ արուեստի գործերը։
Գլխաւոր բանախօսն է Հարաւային Քալիֆորնիոյ համալսարանի (USC) Քաղաքական գիտութիւնների բաժնի վարիչ եւ դասախօս դոկտ. Հրայր Տէքմէճեանը։
Մուտքը ազատ է։ Մանրամասների համար կարելի է հեռախօսել քոլեջի գրասենեակ՝ (818) 548-9345 հեռախօսահամարով: