ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ՀՐԱՊԱՐԱԿ»Ի
Մտել ենք գաղտնի ու բացայայտ հանդիպումների, ամենաանհաւանական դաշինքների ու դաւանափոխութիւնների ժամանակաշրջան: Այս փուլում է, որ պարզւում է մարդկանց ու կուսակցութիւնների իրական դէմքը՝ երբ պարզւում է, որ երէկուայ ոխերիմ թշնամին կարող է դառնալ սիրելի բարեկամ, իսկ գաղափարական հակառակորդը՝ «ճամփի» ընկեր:
Ո՞ւմ մտքով կ՛անցնէր, որ Լեւոն Տէր Պետրոսեանի ամենամտերիմ զինակից, նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանեանը կարող է բանակցել եւ համագործակցութեան եզրեր փնտռել Ռոբերտ Քոչարեանի իշխանութեան կարկառուն ներկայացուցիչ Վարդան Օսկանեանի հետ: Կամ՝ ՀԱԿ անդամ մարքսիստ Դաւիթ Յակոբեանը, որ ժամանակին կուրծք էր ծեծում իշխանափոխութեան համար, կարող է յայտնուել ԲՀԿ սայլի մէջ: Կա՛մ մի քանի կոալիցիոն յուշագիր ստորագրած եւ Սերժ Սարգսեանին ընդամէնը օրեր առաջ ադամանդակուռ յովազ նուիրած Գագիկ Ծառուկեանը կարող է յանդգնել եւ մեծամասնական ընտրակարգով բոլոր տարածքներում թեկնածուներ դնել ընդդէմ ՀՀԿականների:
Մի խօսքով, եկել է անակնկալների ժամանակը: Բայց անգամ եթէ մենք հոգեբանօրէն պատրաստ ենք ցանկացած բնոյթի անակնկալի, դժուար է համակերպուել, որ նորից խորհրդարանում են յայտնուելու այնպիսի յանգած-մարած դէմքեր, ինչպիսիք են Արտաշէս Գեղամեանը, Հայկ Բաբուխանեանը, Խոսրով Յարութիւնեանը: Ինչքան ողբալի վիճակում պէտք է լինի երկիրը, որ ընտրողները նրանց կամովին ձայն տան, եւ ինչքան ողբերգական պէտք է լինի այն ուժի վիճակը, որ նրանց կամովին ընդգրկի իր շարքերում: Անգամ ամենավառ ֆանտազիայի (երեւակայութեան-Խմբ.) դէպքում շատ դժուար է պատկերացնել, թէ ինչ յոյսեր է նրանց հետ կապում Սերժ Սարգսեանը եւ ինչու է որոշել նրանց տանել խորհրդարան: Եթէ որոշել են ազատուել ՀՀԿ վետերաններից, ապա նրանք հաստատ մի քանի անգամ գերադասելի են այս «նորերից»: